Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ

Հոկտեմբեր 16,2004 00:00

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂՆԵՐ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ Գորվետկա-4 հասցեում գտնվող «Պարեն» արտադրական միավորումն ուղղակի վաճառքի ձեւով կառավարությունը սեփականաշնորհեց Ալիկ Խաչատրյանին, որի մասին հայտնի է, թե տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի փեսան է: Երկրի ղեկավարությանը Ալիկ Խաչատրյանի մասին մատուցվեց կեղծ տեղեկատվություն, թե նա այս միավորման տնօրե՜նն է, պատրաստվում է ներդրումնե՜ր անել եւ այլն: Փաստ է, որ նա բացարձակապե՛ս կապ չունի կոլեկտիվի հետ: Իսկ ներդրումների անհավանական լինելու մասին վկայում են որոշ տեղեկություններ Ալիկ Խաչատրյանի ֆինանսական անբարեհույս վիճակի մասին: Դրանք բերում են համոզման, որ նա «Պարենը» գնում է զուտ վերավաճառքի նպատակով: Մինչդեռ ձեռնարկությունը սեփականաշնորհելու ցանկություն ունի նաեւ աշխատանքային կոլեկտիվը. այդ մասին «Առավոտին» հայտնել է խմբագրություն այցելած «Պարենի» արհկոմի նախագահը: Ավելին՝ կային եւս 4 հնարավոր հայտատուներ, որոնք շահագրգիռ էին սեփականաշնորհել այս ձեռնարկությունը: Ընդ որում՝ եթե Ալիկ Խաչատրյանը «Պարենի» համար վճարել էր ընդամենը 42 մլն դրամ, հայտատուներից մեկը պատրաստակամություն էր հայտնել վճարել 75 մլն՝ խոստանալով նաեւ իրական խոշոր ներդրումներ: Բացառված չէ, որ եթե «Պարենը» սեփականաշնորհվեր հավասար պայմաններով անցկացվող եւ հրապարակային մրցույթի միջոցով՝ արժեքը հասներ 100 մլն դրամի: Սակայն պետության համար առավել ձեռնտու այս տարբերակը Պետական գույքի կառավարման վարչությունը տորպեդահարեց՝ թերեւս կատարելով Ալիկ Խաչատրյանի ազդեցիկ բարեկամի հրահանգը: Օրենքի բազմաթիվ խախտումներով իրականացված այս գործարքին մենք դեռ կանդրադառնանք, սակայն առավել կարեւոր է, որ դրանով զբաղվեն կոռուպցիայի դեմ պայքարող մարմինները: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել