Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եհովայի վկաների ուղեղը լվացված է

Հոկտեմբեր 16,2004 00:00

Եհովայի վկաների ուղեղը լվացված է Այսպիսի կարծիքի է հայ հոգեւորականը Երեկ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Երիտասարդաց միության կազմակերպած բանավեճը նվիրված էր «Եհովայի վկաներ» աղանդի գրանցմանը։ Քննարկումներին հոգեւոր հայրերի հետ մասնակցում էին ՀՀ կառավարությանը կից կրոնի հարցերով վարչության պետ Հրանուշ Խառատյանը, արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի վարչության պետ Գուրգեն Ասատրյանը եւ այլք։ Հ. Խառատյանը պարզապես զարմացած էր, որ «Եհովայի վկաների» գրանցման հարցը այդքան մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ դրանից առաջ առանց որեւէ աղմուկի գրանցել էին մորմոններին եւ այլ կրոնական կազմակերպությունների, որոնք իրենց տոտալիտարիզմով չեն զիջել «Եհովայի վկաներին»։ Հրանուշ Խառատյանը հիշեցրեց, որ 1991 թ. ընդունված «Կրոնի եւ խղճի ազատության մասին» օրենքում չկան այնպիսի կետեր, որոնք արգելում են ՀՀ-ում ագրեսիվություն տարածող, ուրիշ կրոնների հանդեպ անհանդուրժողականություն հարուցող, անձին նյութական կամ ֆիզիկական վնաս հասցնող կազմակերպությունների գործունեությունը։ Հիշեցնելով, որ Հայաստանում ոչ պաշտոնական տվյալներով 8 հազար Եհովայի վկաներ կան, Տեր Հովակիմ աբեղա Մանուկյանը նշեց, որ Եհովայի վկաների ուսմունքը միայն առաջին հայացքից է կրոնական, սակայն իր ենթատեքստում շատ ավելի վտանգավոր եւ թաքնված բաղադրիչներ ունի՝ ընդհուպ մինչեւ քաղաքական։ Որպես մեր կրոնի առավելություն՝ Հովակիմ աբեղան մատնանշեց մարդու ազատությունը. «Իսկ Եհովայի վկաների մոտ դա բացակայում է։ Նրանց հետեւորդների միտքը «բլոկադայի» է ենթարկվում։ Նրանց ուղեղը կարծես լվանում են։ Եհովայի վկաները նման են թմրամոլների, նեղմիտ գերիների»։ Չնայած հոգեւոր հայրերի եւ ներկա երիտասարդների պնդմանը, որ «Եհովայի վկաներ» աղանդը իրենից մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ արգելում է զինվորական ծառայությունը, դոնորների փոխանակումը եւ այլն, Հրանուշ Խառատյանն ասաց, որ նրանց կանոնադրությունը դրանք չի արգելում, այլ թողնում է հետեւորդի ընտրությանը։ Սակայն, ըստ էության, այս ազատությունը ձեւական է։ Հրավիրված բանավեճից ոմանք այնպիսի տպավորություն ստացան, թե կառավարության ներկայացուցիչները պաշտպանում եւ սատարում են Եհովայի վկաներին։ Սակայն արդարադատության նախարարության պաշտոնյա Գուրգեն Ասատրյանը նշեց, որ նրանք կազմակերպություններին գրանցում են ոչ թե պաշտպանելով վերջիններիս քարոզչությունը, այլ ՀՀ օրենքները։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել