Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոսք հիշատակի

Հոկտեմբեր 16,2004 00:00

Խոսք
հիշատակի Ողբերգական պատահարի զոհ դարձավ Հայաստանի լավագույն
ուսուցիչներից մեկը՝ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դասախոս,
«Քվանտ» վարժարանի ուսուցիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արմեն Վահեի Օսկանյանը:
Ծնվել է 1949 թ. Բելգրադում: Շուտով ընտանիքով տեղափոխվել են հայրենիք: 1973-ին
ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը եւ աշխատանքի անցել Բյուրականի աստղադիտարանում,
իսկ 1999-ից համատեղության կարգով դասավանդում էր «Քվանտ» վարժարանում: Իր
գործին անմնացորդ նվիրումը, կարելիից ավելին անելու ձգտումը, լայնախոհությունն ու
կրթվածությունը, շիտակությունն ու արդարամտությունը նրա մարդկային հիմնական հատկանիշներն
էին, շնորհիվ որոնց նա անհատականություն էր բառի լայն իմաստով: «Քվանտ» վարժարանում
դասավանդելուց զատ Ա. Օսկանյանի տարերքը աշակերտների հետ խորացված պարապմունքներն
ու տարբեր կարգի օլիմպիադաներն էին, որոնցից նրա աշակերտները միշտ հաղթող էին դուրս
գալիս: Հատկապես ակնառու հաջողություններ արձանագրվեցին աստղագիտության միջազգային
օլիմպիադաներում, որտեղից Ա. Օսկանյանի սաները վերջին չորս տարիներին անընդմեջ հաղթանակով
են վերադարձել՝ պատիվ բերելով ոչ միայն իրենց, ղեկավարին, այլեւ ողջ հանրապետությանը:
Այս բացառիկ արդյունքների համար այս տարի Ա. Օսկանյանը ճանաչվեց բնագիտության լավագույն
ուսուցիչ՝ արժանանալով ՀՀ կրթության նախարարության եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի սահմանած
առաջին մրցանակին: Վերջին միջազգային օլիմպիադան Ղրիմում էր, եւ դարձյալ ավարտվել
էր հայերի բացարձակ հաղթանակով: Բայց դա վերջինը եղավ նաեւ Ա. Օսկանյանի ու նրա լավագույն
սաներից մեկի՝ Արտակ Պեպոյանի համար: Իր սաներից երկուսին ծովում խեղդվելուց փրկելուց
հետո երրորդին չկարողացավ հասնել, ու սիրտը չդիմացավ… Ինքն էլ հախուռն էր
ծովի նման: Եվ գնաց դեպի իր տարերքը՝ ծովը: Գնաց անդառնալի… Մարդկային եզակի
նկարագրով, իր գործով, կյանքով ու կենսահաստատ մահով Արմեն Օսկանյանը մշտական իր
անկյունը կունենա աշակերտների, գործընկերների, իրեն իմացող բոլոր մարդկանց սրտերում:
«Քվանտ» վարժարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել