Այդպիսի
խոսքերով է սպանված Ջոշուա Հագլանդի մայրը դիմել մարդասպաններին 2004 թ. մայիսի
17-ին Երեւանում սպանվեց Ջոշուա Հագլանդը, որն, ամենայն հավանականությամբ, ՀՀ-ում
սպանված առաջին ամերիկացին էր: Ջոշուան ԱՄՆ պետքարտուղարության անգլերեն լեզվի
ծրագրի շրջանակներում 2003թ. սեպտեմբերից դասավանդում էր Բրյուսովի անվան լեզվաբանական
համալսարանում: Առայսօր, երբ դեպքից անցել է ուղիղ հինգ ամիս, սպանությունը չի բացահայտվել:
Հագլանդների ընտանիքին ԱՄՆ դեսպանությունը հավաստիացրել էր, թե ՀՀ իշխանությունների
համար սա խիստ կարեւոր գործ է, որի բացահայտման համար նրանք ամեն ինչ անում են: Հագլանդները
արդեն մի քանի օր է՝ գտնվում են Երեւանում, որպեսզի, ինչպես իրենք ասացին՝ «մեր աչքով
տեսնենք այն երկիրը, որտեղ նա աշխատում էր, ապրում էր, եւ որտեղ նա սպանվեց»: Երեկ
«Արմենիանաու» էլեկտրոնային թերթի խմբագրատանը կայացած ասուլիսի ընթացքում Ջոշուա
Հագլանդի մայրը՝ Մաքսին Հագլանդը, եւ մեծ եղբայրը՝ Ջոն Հագլանդը, չէին դադարում արտասվել:
Ամեն նախադասություն, որ հիշեցնում էր իրենց սպանված հարազատին, ստիպում էր նրանց
հեկեկալ: Ջոշուայի մյուս եղբայրը՝ Ջեյմսը, չէր արտասվում, անընդհատ պնդում էր, թե
Ջոշուան, լինելով շատ բաց, անկեղծ եւ ներդաշնակ անձնավորություն, մեծ քաղաքացի էր
եւ ԱՄՆ լավագույն օրինակն էր: Երեւանում Հագլանդները հանդիպել են իրավապահ
մարմինների, ԱՄՆ դեսպանի, Ջոշուայի ընկերների, ուսանողների հետ: Նրանք ասացին, որ
մինչ Երեւան գալը վախենում էին սեփական կյանքի համար, սակայն այժմ, «շփվելով մարդկանց
հետ, զգացինք, որ դուք էլ եք ամաչում կատարվածի համար»: Քանի որ դեռ ԱՄՆ-ում Ջոշուայի
բարեկամները հայտարարել էին, որ ՀՀ-ում ատում են միասեռականներին, իսկ իրենց որդին
այդպիսին էր, ու սպանությունը, ըստ նրանց, այդ ատելության արդյունքն է, լրագրողները
հետաքրքրվեցին՝ արդյո՞ք Ջոշուան ընտանիքի հետ հեռախոսազանգերի ժամանակ տեղեկացրել
էր, թե իրեն ահաբեկում են կամ սպառնում: Պարզվեց՝ ոչ, հակառակը, ամեն անգամ մոր հետ
զրուցելիս՝ ամենաքիչը շաբաթը մեկ անգամ, նա ասում էր, թե որքան բարի եւ ընկերասեր
են հայերը: Այս պարագայում անհասկանալի է, թե որտեղից են Հագլանդները եզրակացրել,
որ միասեռականների հանդեպ Հայաստանում ատելություն կա: Ի դեպ, ասուլիսի ընթացքում
(ի տարբերություն ԱՄՆ-ում գրված իրենց նամակի) Հագլանդների ընտանիքը ամեն կերպ փորձում
էր շրջանցել իրենց որդու սեռական կողմնորոշման խնդիրը: Այն հարցերին, որոնցում ակնարկ
կար Ջոշուայի՝ ոչ տրադիցիոն սեռական կողմնորոշման մասին, նրանք կարճ եւ խուսափողական
պատասխան էին տալիս: Մաքսին Հագլանդը մի նամակ էր հղել մարդասպաններին, որում
այսպիսի տողեր կային. «Ձեր գործած վայրի արարքը ձեզ պետք է ուղեկցի ձեր ամբողջ կյանքում:
Հուսով եմ, որ երբեք չեք մոռանա Ջոշի կուրծքը ճեղքող դանակի ձայնը եւ նրա աչքերում
հայտնված վախը: Ինձ անհանգստացնում է նաեւ այն, որ դուք կարող եք նորից սպանել: Ապահո՞վ
են արդյոք ձեր շրջապատի մարդիկ: Աղոթում եմ, որ երբեւէ կարողանամ ներել ձեզ: Բայց
նաեւ աղոթում եմ արդարության համար: Հուսով եմ, որ այս տողերը կարդալով՝ մեկն այնպիսի
ցուցմունք կտա, որը կօգնի արդարության հաստատմանը»: ՄԵԼԱՆՅԱ
ԲԱՐՍԵՂՅԱՆ