Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆՏՐՎԵՑ ԵՐԵՎԱՆԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ

Հոկտեմբեր 16,2004 00:00

Ժյուրիին
ամենաշատը նրա պորտապարն էր դուր եկել Հոկտեմբերի 14-ին կայացավ «Միսս Երեւան-2004»
գեղեցկության եւ նրբագեղության մրցույթ-փառատոնը: Թեեւ մամուլի ասուլիսի ժամանակ
«Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը խոստացել էր, որ բոլոր
ԶԼՄ-ներին թույլ կտան նկարահանումներ անել ու շփվել գեղեցկուհիների հետ, բայց դեռ
միջոցառումը չսկսած՝ հայտարարեցին, որ այդ իրավունքները պատկանում են միայն Հանրային
հեռուստաընկերությանը: Պրն Կ. Արիստակեսյանը մինչեւ մրցույթը հույս էր հայտնել նաեւ,
որ մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է ընդարձակել ժյուրիի պատկերացումները գեղեցկության
եւ նրբագեղության մասին: Թե ինչքանով ընդարձակվեցին դրանք մրցույթից հետո, դժվար
է ասել, բայց մասնակիցների քայլվածքից ու շարժուձեւից դժգոհ էին հանդիսատեսն ու դեֆիլեի
մասնագետները: Ժյուրիի կազմում էին նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Արման Սահակյանը, երգչուհի
Քրիստինե Պեպելյանը, Պարարվեստի ուսումնարանի տնօրեն Վիլեն Գալստյանը, «Միսս Անդրկովկաս-2003»
եւ «Միսս Թբիլիսի-2002»-ի հաղթողները եւ այլք: Ժյուրիի անդամների մեծ մասը միջոցառման
ընթացքում ավելի շատ խոսում էր բջջայիններով, քան հետեւում գեղեցկուհիների պահվածքին:
Կ. Արիստակեսյանը նշեց, որ մասնակցության հայտ է ներկայացրել 70 աղջիկ, որից ընտրվել
է 12-ը: Երկու մասնակից էլ՝ Իզաբելլա Ղանթարջյանն ու Լիլիթ Թագեսյանը ընտրվել են
արտամրցութային կարգով: Սկզբում աղջիկները բեմ դուրս եկան գիշերազգեստով, հետո՝ լողազգեստով,
տարազով ու երեկոյան զգեստով: Ողջ միջոցառման ընթաքում ցուցադրվեցին «մասնակիցների
կյանքից դրվագներ», բայց դրանք ավելի շուտ նկարահանումներ էին «Արարատ» հյուրանոցի
լողավազանում: Կարելի է ենթադրել, որ լողը բոլոր աղջիկների կենսակերպի ամենակարեւոր
մասն է: Չնայած միջոցառման ժամանակ երգեցին հայկական էստրադայի ներկայացուցիչներ
Ֆորշը, Անդրեն, Արսեն Սաֆարյանն ու Արսեն Գրիգորյանը, բայց ընդհանուր առմամբ, հավանաբար
«Կլոն» ֆիլմի ազդեցությամբ, գերիշխում էր արաբական երաժշտությունը: Ուստի անգամ տարազով
ներկայանալիս աղջիկները ստիպված եղան «պորտապարային» շարժումներ անել: Կ.
Արիստակեսյանը հավաստիացրեց, որ գնահատելիս հաշվի են առել աղջիկների ոչ միայն արտաքին
տվյալները, այլեւ ինտելեկտը: Իրոք, նման մրցույթներում ամենակարեւորը ինտելեկտն է:
Օրինակ, «Միսս հմայք» տիտղոսին արժանացած Քրիստինե Գուլյանին, չգիտես ինչու, ստիպում
էին ռուսերեն խոսել, թեեւ նա շատ լավ հասկանում եւ խոսում էր հայերեն: Իսկ «Միսս
Երեւան-2004» Ռիմա Եղիշյանը հաղորդավարների հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի իսկական
տղամարդը, երկար ժամանակ պատասխան փնտրելուց հետո ասաց՝ «դե, անկեղծ լինի, բարի,
գեղեցիկ», քիչ հետո կարեւորեց նաեւ փողը. «էդ էլ ա կարեւոր, բա ո՞նց»: «Միսս Հայաստան-2001»-ի
հաղթող Իրինա Թովմասյանի կարծիքով, միշտ էլ նման մրցույթներում ընդգրկվում են այնպիսի
մասնակիցներ, որոնք ոչ մի տվյալով չեն համապատասխանում ընդունված չափանիշներին. «Մասնակիցների
մոտ շատ թերություններ նկատեցի ու հասկացա, որ պետք է քայլվածքի դասընթացներ անցնեին
ու փորձ ձեռք բերեին: Ամեն դեպքում, եթե նրանց սկզբում տեսնեիք ու հիմա՝ մեծ տարբերություն
կզգայիք»: Ի դեպ, մասնակիցներին շուրջ կես ամիս քայլվածքի ու պարի դասընթացներ էին
տվել մոդելային բիզնեսի ներկայացուցիչ Վիկա Պողոսյանն ու «Միսս Հայաստան-1997»-ի
Անգելինա Բաբաջանյանը: «Միսս մամուլ» տիտղոսին արժանացավ Ինեսա Թադեւոսյանը,
«Միսս պատանեկություն» եւ «Միսս Նոր ալիք» դարձան Ի. Ղանթարջյանն ու Լ. Թագեսյանը,
վերջինիս նաեւ մրցանակ շնորհեց «Եվրոմոթորս» ընկերության ներկայացուցիչը: Ըստ Կարեն
Արիստակեսյանի՝ մրցույթի արդյունքները որոշելիս ժյուրին ոչ մի տարաձայնություն չի
ունեցել. «տարաձայնություններ լինում են այնտեղ, որտեղ բաժանելու բան կա, մենք բաժանելու
ոչինչ չունեինք»: Բայց Ք. Պեպելյանն ասաց, որ իր ընտրած մասնակիցը տեղ չգրավեց, թեեւ
խոստովանեց, որ այս ամենին ոչ պրոֆեսիոնալ է վերաբերվել՝ «ես գնահատում էի միայն
ժպիտն ու աչքերը»: Այսպիսով, 4-րդ տեղը գրավեց Աննա Աբրահամյանը, 3-րդ տեղը՝ Մերի
Եսայանը, 2-րդ եւ 1-ին տեղերը գրավեցին Ի. Թադեւոսյանն ու Կարինե Գայամյանը: Հաղթողին՝
Ռ. Եղիշյանին 1000 դոլարին համարժեք դրամ շնորհեց մրցույթի համակազմակերպիչ Երեւանի
քաղաքապետարանը, նույնքան էլ՝ «Կոնվերս» բանկը: Պարոն Արիստակեսյանը նշեց, որ հաղթողը
բոլոր տվյալներն ունի՝ միջազգային մրցույթներին մասնակցելու համար: Դահլիճն ակնհայտորեն
այս կարծիքը չէր կիսում: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել