Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿԱԹԳԻԾԸ ԲԱՑԵԼԸ ՌԴ ԽԵԼՔԻ ԲԱՆԸ ՉԷ

Հոկտեմբեր 16,2004 00:00

Վրաց
օրենսդրի ասելով՝ դա վրաց-աբխազական քննարկման թեմա է Երեկ ՌԴ տրանսպորտի
եւ կապի նախարար Իգոր Լեւիտինը ժամանել է Ադրբեջան, որտեղ նախատեսվում էր նրա հանդիպումը
այդ երկրի ղեկավարության, այդ թվում՝ տրանսպորտի նախարար Զիեյ Մամեդովի հետ: Ադրբեջանում,
ապա նաեւ Վրաստանում, վերջինս, իր իսկ ասելով, փորձելու է այդ երկրների ղեկավարների
հետ քննարկել շրջափակված երկաթուղային հաղորդակցությունները վերագործարկելու հարցը:
Ու թեեւ Երեւանում Ի. Լեւիտինը փորձում էր տպավորություն ստեղծել, թե այդ ամենն արվում
է ի շահ Հայաստանի ապաշրջափակման, այդուհանդերձ, ակնհայտ էր, որ Ռուսաստանի գերնպատակը
ՌԴ-Աբխազիա երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելն է: Միաժամանակ, հավատարիմ
մնալով իր դարավոր ավանդույթին՝ ՌԴ-ն շարունակում է մեր տարածաշրջանում իր մեծապետական
շահերը պաշտպանել հարավկովկասյան երկրներին իրար դեմ լարելու քաղաքականությամբ: Հիշեցնենք,
որ մասնավորապես հայ փորձագետների գնահատմամբ, Վերին Լարսի անցակետի փակումը նպատակ
ուներ լարել նաեւ հայ-վրացական հարաբերությունները: Հինգշաբթի օրն էլ Երեւանում պատասխանելով
լրագրողի հարցին՝ երբ է բացվելու Երեւան-Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ երկաթգիծը,
պարոն Լեւիտինը շեշտեց, թե դա կախված է Վրաստանի բարի կամքից: Տարածաշրջանում
կուտակված հիմնախնդիրների լուծման իմաստով էլ ՌԴ-ն քաղաքականություն է վարում երկակի
ստանդարտների շրջանակներում: Այսպես, ՌԴ-ն, ի դեմս նախարար Ի. Լեւիտինի, մեկ հայտարարում
է հաղորդակցական ուղիները ապաքաղաքականացնելու անհրաժեշտության մասին՝ վկայակոչելով
մարդկանց տարրական իրավունքները, մեկ՝ ինքն է միակողմանի փակում Ռուսաստան-Վրաստան
սահմանը, ուր մեկ ամիս շարունակ իրենց հայրենիք հասնելուն են սպասում ոչ միայն հայեր,
այլեւ՝ վրացիներ: Միամտություն է կարծել, որ Վերին Լարսը փակելով՝ ՌԴ-ն ձեռնպահ էր
մնում հաղորդակցական ուղիները քաղաքական նպատակներով օգտագործելուց՝ Վրաստանի հետ
իր հարցերը պարզելու համար: Դրա մասին է վկայում նաեւ այն, որ մինչ ՀՀ իշխանությունները
փորձում են ՀՀ-ՌԴ ցամաքային կապի այլընտրանքներ որոնել նույն Վրաստանի տարածքով,
ՌԴ-ն առաջարկում է Աստրախան-Հենզելի-Մեղրի լաստանավային ուղին, որն, ի դեպ, ՌԴ տրանսպորտի
նախարարի «համոզմամբ»՝ ավելի էժան է, քան Վերին Լարսը: Պետք է առնվազն հիմար լինել
դրան հավատալու համար, որովհետեւ հակառակում համոզվելու համար բավարար է ընդամենը
մի հայացք նետել քարտեզին: ՌԴ-ի համար պարզապես կենսական անհրաժեշտություն է Վրաստանին
պատժելու համար Հայաստանին համոզել այդ երկրի տարածքը մոռանալ: Ավելի վաղ ՌԴ-ն, դարձյալ
նույն նպատակով, ՀՀ-ին առաջարկել էր բեռները ՌԴ տեղափոխել Հարավային Օսեթիայի տարածքով:
Մնում է հուսալ, որ Հայաստանը հերթական անգամ խաղալիք չի դառնա ՌԴ ձեռքին՝
վերջինիս շահերը սպասարկելու իմաստով: Ինչ վերաբերում է Երեւանում արած Ի.
Լեւիտինի՝ Թբիլիսիի «Էլեկտրաքարշվերանորոգման» գործարան ՌԴ վերադառնալու պատրաստակամությանը,
ապա Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Հանրապետական» կուսակցության նախագահ Դավիթ
Բերձենաշվիլին նկատեց, թե «իրականում Վրաստանը Ռուսաստանին որպես հզոր պետություն
չի ընկալում»: Միաժամանակ նա կարծիք հայտնեց, որ եթե որեւէ ներդրող՝ ռուսական կամ
արեւմտյան, առաջարկի այդ գործարանը գնելու նորմալ եւ ավելի լավ պայմաններ, քան մյուսները,
բնականաբար, առաջնորդվելով տնտեսության օրենքներով՝ Վրաստանը դա կարող է հնարավոր
համարել: Իհարկե, վրաց պատգամավորը միաժամանակ վերապահում արեց. «Բայց եթե որեւէ
ներդրողի թիկունքում կանգնած է ռուսական պետությունը, ապա այդ պարագայում, բնականաբար,
վրացիները չեն պատրաստվում իրենց տնտեսությունը վաճառել ռուսներին»: Անդրադառնալով
վրաց-ռուսական երկաթգծի վերականգնման խնդրին՝ վրաց պատգամավորը հայտարարեց. «Քանի
դեռ ՌԴ տրանսպորտի եւ կապի նախարարը չի նպաստում այդ երկաթգծի վերագործարկման հարցի
քաղաքական կարգավորմանը, նա Վրաստանում մեծ վարկանիշ ունենալ չի կարող, եւ ոչ միայն
որեւէ գործարանի, այլեւ որեւէ այլ հարց նրա հետ քննարկվել չի կարող: Ինչ վերաբերում
է Աբխազիայով երկաթգծի վերագործարկմանը, ապա՝ դա առաջին հերթին վրաց-աբխազական բանակցությունների
թեմա է: Այն, որ ՌԴ-ն վերահսկողություն չունի Աբխազիայում, այն, որ Պուտինը խաղագրավ
էր դրել իր սատելիտ-չեկիստ Խարջինբայի վրա, որը տապալվեց այս ընտրություններում,
ապացուցում է ոչ միայն այն, որ Աբխազիան չի ուզում ապրել Վրաստանի կազմում, այլ,
որ շատ կարեւոր է, նաեւ այն, որ Աբխազիան ու աբխազ ժողովուրդը չեն ուզում ապրել նաեւ
Մոսկվայից սեւ գնդապետի թելադրանքով»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել