Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ լրագրությունը փրկվելու տեղ ունի

Հոկտեմբեր 16,2004 00:00

Որովհետեւ ադրբեջանականի հետ համեմատած պակաս ագրեսիվ է

2004-ի հունիսի մեկից «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը եւ ադրբեջանական Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի Կոնֆլիկտոլոգիայի ու միգրացիայի դեպարտամենտը իրականացնում են մի ծրագիր, որը բավականին երկարաշունչ անուն ունի՝ «Հայաստանը եւ Ադրբեջանը «ոչ խաղաղության, ոչ պատերազմի» ջրբաժանում. ինչպե՞ս հաղթահարել կարծրակաղապարները»: Ծրագիրը իրականացվում է Հայաստանում եւ Վրաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության երեւանյան գրասենյակի աջակցությամբ: Երկու երկրներում քարոզվող՝ թշնամու եւ գործընկերոջ կերպարի ուսումնասիրությունն ունի հետեւյալ երկու ուղղությունները՝ հայաստանյան եւ ադրբեջանական մամուլի վեցամսյա դիտարկում, բնակչության շրջանում սոցիոլոգիական հարցում: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանը ներկայացրեց մամուլի եռամսյա դիտարկման արդյունքները: Ընտրված են վեցական թերթեր:

Բոլոր թերթերի կտրվածքով ամենաշատ դրական կամ բացասական գնահատում-նկարագրությունները կատարել են լրագրողները, ապա՝ պետական գործիչները, այլ երկրների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները, մշակույթի, գիտության գործիչները, քաղաքացիները: Ընդ որում, դրանք մեծամասամբ առանց հիմնավորումների են. «Ստերեոտիպն այնքան կարծրացած է, որ մարդիկ հիմնավորման կարիք չեն տեսնում. դրա վկայությունն են՝ «թուրքը մնում է թուրք» եւ նմանօրինակ այլ արտահայտություններ»,- պարզաբանում է Լ. Բաղդասարյանը: Քանակական առումով գնահատում-նկարագրություններն առավելապես վերաբերել են ներքին փոխհարաբերություններին, Ադրբեջան-Ղարաբաղ կարգավորմանը, Թուրքիային, ՌԴ-ին, Վրաստանին, ԱՄՆ-ին, Իրանին: Ադրբեջանի եւ ադրբեջանցիների մասին, Լաուրա Բաղդասարյանի մատուցմամբ, հայաստանյան մամուլը հիմնականում չեզոք է գրում: «Կամ չենք հասել ագրեսիվության, կամ արդեն նորմալացել ենք»,- ասում է նա:

Ի տարբերություն հայաստանյան ԶԼՄ-ների, ադրբեջանականները Հայաստանի եւ հայերի մասին միայն բացասական են գրում: Ադրբեջանում միանշանակ գործում է՝ «հայը մեր թշնամին է» կարգախոսը: Դրա հերքումը հիվանդագին է ընկալվում: Հայ-վրացական հարաբերությունների կոնտեքստում ադրբեջանցիները թշնամի են ներկայացնում նաեւ վրացիներին եւ Իրանին: Թուրքիայի մասին միայն լավ են արտահայտվում, բացառությամբ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում Թուրքիայի պասիվության:

Ի մի բերելով միջանկյալ արդյունքները Լ. Բաղդասարյանը եզրակացնում է, որ Հայաստանում վիճակն ավելի բարվոք է, քան Ադրբեջանում, քանզի, քաղաքական խնդիր կատարելուց զատ, ադրբեջանցի լրագրողը պարտադրված է նաեւ հայրենասեր լինել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել