Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼՆ» ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ Է

Հոկտեմբեր 16,2004 00:00

Դատելով հեռախոսակապի վիճակից՝ այդպես է ենթադրում
Շիրակի մարզի բնակչությունը Շիրակի մարզի գրեթե 60 համայնքների, այդ թվում
նաեւ Գյումրիի շատ ու շատ թաղամասերի հեռախոսակապից զուրկ լինելու խնդրին անդրադառնալու
առիթ ունեցել ենք: Մեր հրապարակումից անցել է մոտ 7 ամիս, սակայն «ԱրմենՏելը» շարունակում
է իր հին՝ «մատը մատին չխփելու» գործելաոճը: Արդյունքում՝ Շիրակի մարզում ոչ միայն
հեռախոս քաշելն է առասպելական գների հասել, օրինակ՝ գյումրեցիների վստահեցմամբ, ամենացածր
գինը 250 դոլարն է, որոշ թաղամասերում մինչեւ $500, այլեւ անորակ կապն էլ ավելի է
որակազրկվել: Օրերս «Առավոտին» էին դիմել մի խումբ գյումրեցիներ՝ դժգոհելով, որ հեռախոսազրույցները
դարձել են «թափանցիկ»՝ ցանկացածի համար հասանելի: Ընդ որում՝ պատահել են այնպիսի
դեպքեր, երբ «մեծահոգի» «ԱրմենՏելը» եզակի հնարավորություն է տվել միանգամից գիծ
մտնելու 6-7 ծանոթ-անծանոթի: Պակաս հետաքրքիր չէ նաեւ անձրեւներից հետո մալուխների
չորանալուն սպասող գյումրեցիների վիճակը: Վերգետնյա լարանցումներով թաղամասերում
խոնավությունից կապն անմիջապես խափանվում է, ինչից տուժում են ոչ միայն բնակիչները,
այլեւ որոշակի օբյեկտներ, այդ թվում եւ հիվանդանոցներ: Չհաշված, որ 3-ով սկսվող հեռախոսահամարներից
2-ով կամ 4-ով համարներին միանալն անչափ բարդ է: Գյումրեցիներին ոչ պակաս անհանգստացնում
է քաղաքում տաքսոֆոններ չունենալը: Ձեւի համար միակը փակցված է «ԱրմենՏելի» վարչական
շենքի պատին: Այս ամենով հանդերձ, եթե գյումրեցիները իրենց կարող են թույլ
տալ դժգոհել տաքսոֆոն չունենալուց կամ էլ անիմաստ րոպեավճար մուծելուց, ապա մյուս
համայնքների բնակիչներն անգամ մոռացել են հեռախոսի տեսքը: Շիրակցիները դժգոհում են
նաեւ, որ «ԱրմենՏելը» «իզի» քարտերի փոքր խմբաքանակ է տրամադրում իրենց մարզին եւ
ոչ նույն պարբերականությամբ, ինչ մայրաքաղաքում: Բնակիչների մեղադրանքներին
ի պատասխան, «ԱրմենՏելը» հավանաբար որպես իր ներդրումների ցայտուն օրինակ կմատնանշի
Գյումրիում իր նոր շենքի կառուցումը: Սակայն քաղաքապետարանի մեր աղբյուրների հավաստմամբ,
«ԱրմենՏելը» տեղից չէր շարժվի, եթե չլինեին քաղաքապետարանի նախազգուշացումներն այն
մասին, որ շինարարություն չսկսելու դեպքում տարածքը հետ կվերցվի: Ի դեպ, քաղաքի կենտրոնական
մասում գտնվող տարածքը «ԱրմենՏելին» տրամադրվել է 2001 թվականին, 9-րդ դպրոցի հետ
երկար-բարակ բանակցություններից հետո: Մինչդեռ «ԱրմենՏելը» շինարարությունն սկսել
է ընդամենը երկու-երեք ամիս առաջ ու ամենայն հավանականությամբ մեկ ամսից ցրտերի պատճառով
կդադարեցնի: Մեզ հասած տեղեկություններով, այստեղ կառուցվելու է նոր հեռախոսակայան:
Իսկ թե ե՞րբ՝ գյումրեցիներին անհայտ է, ինչպես անհայտ են «ԱրմենՏելի»՝ Շիրակի մարզում
հետագա գործողությունների մտադրությունները: Այս խնդիրների շուրջ չհաջողվեց
պարզաբանումներ ստանալ «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի բաժնից: Սակայն հուսով
ենք, ընկերության ղեկավարությունը «Առավոտի» միջոցով կբավարարի Շիրակի մարզի բնակչության
հետաքրքրասիրությունը: ԱՐՍԵՆ ՄՈՎՍԻՍՅԱՆՓաստորեն,
այն, ինչ խոսվում է Հայաստանի հեռահաղորդակցության վիճակի մասին, առավել խտացված
գույներով իրենց մաշկի վրա զգում են մարզերի բնակիչները: Նրանք առանց այն էլ ծանր
սոցիալական պայմաններում գտնվելով, զրկված են անգամ շտապօգնություն կամ հրշեջ ծառայություն
կանչելու հնարավորությունից, որովհետեւ չունեն քաղաքակիրթ աշխարհում ճոխություն չհամարվող
սովորական լարային հեռախոսակապ: Եթե մայրաքաղաքում գոնե թվային որակյալ կապի համար
է «ԱրմենՏելը» րոպեավճար գանձում, ապա կոնկրետ Գյումրիում անգամ չի ապահովում հեռախոսային
խոսակցությունների գաղտնիության սահմանադրական իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել