Լրահոս
Օրվա լրահոսը

Միեւնույն է՝ խախտվել է օրենքը

Հոկտեմբեր 16,2004 00:00

Ընդամենը մեկ օր պահանջվեց, որ ԱԺ պետաիրավական
հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը հրաժարվի իր իսկ հայտարարությունից:
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում Ռաֆիկ Պետրոսյանը, բազմաթիվ լրագրողների
ներկայությամբ, հայտարարեց, թե ընդդիմադիր պատգամավորների անհարգելի ճանաչված բացակայությունների
հարցի քննարկումը կազմակերպելը «ԱԺ նախագահի պարտականությունն է, որը, փաստորեն,
չի կատարվել», նաեւ՝ որ խախտվել են այդ քննարկման սահմանված ընթացակարգը եւ ժամկետները:
Մենք պահպանել ենք նրա խոսքի ամբողջական ձայնագրությունը, որ ապացույց է, թե այդ
մասին մեր թերթի երեկվա հրապարակումը բացարձակ ճշգրիտ է: Սակայն երեկ Ռաֆիկ Պետրոսյանի
ստորագրությամբ «Առավոտը» ստացավ մի գրություն, որում նշում է, թե ինքը միայն պարզաբանել
է անհարգելի բացակայություններ թույլ տված պատգամավորների հարցի քննարկման ընթացակարգը,
որտեղ «մեկ ամսվա ընթացքում» հարցի քննարկման վերաբերյալ որեւէ խոսք չի եղել: Ձեր
թերթի լրագրող Ա. Իսրայելյանի լրացուցիչ հարցին, թե «ուրեմն ԱԺ նախագահը չի՞ կատարել
իր պարտականությունը», ես պատասխանեցի, որ «հիվանդ է եղել, չի կատարել իր պարտականությունը»:
Սակայն նա այդ նախադասությունից հանել է «հիվանդ է եղել» կապակցությունը եւ իմ անունից
նշել, որ «չի կատարել իր պարտականությունը՝ թյուրիմացության մեջ գցելով ընթերցողներին»:
Խոստովանում եմ՝ ես թյուրիմացության մեջ եմ գցել ոչ միայն մեր ընթերցողներին,
այլ նաեւ բազմաթիվ հեռուստադիտողների: Քանի որ հեռուստաընկերությունները եւս հաղորդել
են Ռաֆիկ Պետրոսյանի ուղղակի խոսքը, որ հնչել է ճիշտ այնպես, ինչպես տպագրվել է մեր
թերթում՝ ուրեմն, այդ ե՛ս եմ նրա ձայնով խոսել եթերից: Բոլոր հեռուստաընկերություններին
եւ թերթերին նաեւ կարողացել եմ պարտադրել, որ կրճատեն նրա չասված «հիվանդ է եղել»
արտահայտությունը: Լավ, հասկանալի է, երեւի ԱԺ նախագահը մի լավ կշտամբել է
Ռաֆիկ Պետրոսյանին, նա էլ ուրիշ ձեւ չի գտել, քան իրեն չասված խոսք վերագրելը, ինձ
էլ՝ չտրված հարց: Պարտականությունը չկատարելու մասին հայտարարությունից հետո ես իրականում
հարցրել էի՝ ուրեմն, ԱԺ նախագահը խախտե՞լ է ԱԺ կանոնակարգը, Ռաֆիկ Պետրոսյանն էլ
պատասխանել էր. «Եզրակացությունները դուք արեք»: Նա թերեւս այլ պատճառներ
էլ ուներ խոսքից հրաժարվելու: Քանի որ ԱԺ կանոնակարգի հեղինակի՝ Վիկտոր Դալլաքյանի
մեկնաբանությունից դատելով՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պնդումները
չեն բխում օրենքից: «Գործող կանոնակարգում չկա որեւէ հոդված, որը ժամկետ ամրագրի
պատգամավորների բացակայությունները քննարկելու համար»,- ասաց պրն Դալլաքյանը: 99
հոդվածով միայն սահմանված է, որ պատգամավորն առնվազն 7 օր առաջ տեղեկացվում է իր
բացակայությունների հարցի քննարկման մասին: Նրա բացակայության դեպքում հարցի քննարկումը
հետաձգվում է երկու անգամ՝ երկուական շաբաթով, որից հետո այն քննարկվում է անկախ
նրա ներկայությունից: Իսկ կանոնակարգի 55 հոդվածի համաձայն՝ եռօրյա նիստերի օրակարգում
ընդգրկված հարցերի քննարկման հաջորդականությունը որոշում է ԱԺ նախագահը: Այսուհանդերձ՝
բացակայությունների հարցը սեպտեմբերի 13-ից եռօրյա նիստերի օրակարգում է: Վերջին
եռօրյան մի նիստ շուտ ավարտվեց, քանի որ հայտարարվածի համաձայն՝ սպառվել էր օրակարգը:
Մինչդեռ օրակարգում մնում էր բացակայությունների հարցը: Այսինքն՝ միեւնույն է, խախտվել
է ԱԺ կանոնակարգը, որ օրենք է: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել