Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ ԴԵՊԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ

Հոկտեմբեր 16,2004 00:00

Արթուր
Բաղդասարյանը կմիանա «Ո՛չ ահաբեկչությանը» ակցիային «Ժողովներ, հանրահավաքներ,
երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքի համաձայն՝ երթ կամ հանրահավաք անցկացնողները
պարզապես պետք է քաղաքային իշխանություններին տեղյակ պահեն իրենց մտադրության, օրվա
եւ ժամի մասին։ Հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում անցկացվելիք «Հոկտեմբերի
27»-ի զոհերի հիշատակին նվիրված «Ո՛չ ահաբեկչությանը» կարգախոսով հանրահավաքի եւ
դեպի Ազգային ժողով երթի մասին «Արդարություն» խմբակցության պատգամավորներ Վիկտոր
Դալլաքյանը եւ Վարդան Մկրտչյանը տեղեկացրել էին Երեւանի քաղաքապետին։ Քաղաքապետարանից
ստացված պատասխանը ամենեւին չի տարբերվում քաղաքապետարանի՝ մինչ այժմ եղած այլ պատասխաններից։
Քաղաքապետարանը հոկտեմբերի 26-ին, ժամը 17-18-ը Ազատության հրապարակում հանրահավաք
անցկացնելու մասին տեղեկատվությունը «ընդունել է ի գիտություն», այսինքն՝ թույլատրում
են անցկացնել հանրահավաք։ Սակայն քաղաքապետարանի պատասխանի երկրորդ մասը առնվազն
զվարճալի է. «Արգելել հանրահավաքից հետո, ժամը 18-19-ը՝ Ազատության հրապարակ-Բաղրամյան
պողոտա երթուղով երթ անցկացնելը՝ համաձայն «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր
անցկացնելու մասին» օրենքի 13 հոդվածի 6-րդ կետի»։ Այս հոդվածի համապատասխան կետը
իրականում հետեւյալի մասին է, եթե «անցկացվող երթի պատճառով կազմալուծվի տվյալ բնակավայրի
կամ միջպետական ճանապարհների երթեւեկությունը»։ Սակայն գաղտնիք չէ, որ մեկ կամ երկու
ժամով Ազատության հրապարակից Բաղրամյան պողոտա գնալով՝ Երեւան քաղաք-բնակավայրի երթեւեկությունը
չի կարող կազմալուծվել, քանի որ զուգահեռ բազմաթիվ փողոցներ կան, եւ հետո՝ այդ ճանապարհը
ամենեւին էլ միջպետական ճանապարհ չէ։ Քաղաքապետարանի պատասխանի մասին իր գնահատականում
Վիկտոր Դալլաքյանը նշեց, որ վկայակոչված օրենքը որեւէ քննադատության չի դիմանում՝
ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական առումով։ Քաղաքապետարանը իր պատասխանում լրացուցիչ
առաջարկում է հետեւյալը. «Հանրահավաքի մասնակիցների ներկայացուցիչների (թվով 10-15)
կողմից ծաղկեպսակ դնել ԱԺ-ում գտնվող «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության զոհերի հիշատակը
հավերժացնող հուշակոթողին»։ Այս պատասխանը «Արդարություն» խմբակցության քարտուղար
Վիկտոր Դալլաքյանը գնահատում է «ոչ կոռեկտ»։ Հանրահավաքի կարգախոսը՝ «Ո՛չ ահաբեկչությանը»,
պետք է որ Ազատության հրապարակ բերեր երկրի ղեկավարությանը նույնպես, պաշտոնյաներին,
գործարարներին, քանի որ, եթե վերջին թարմ օրինակներով խոսենք, մեր ռազմական գործընկեր
Ռուսաստանը ահաբեկչության դեմ, այսպես կոչված, պայքարի շրջանակներում է մեզ պահում
հերթական շրջափակման մեջ՝ արգելափակելով Վրաստանով անցնող մեր ճանապարհը։ Ուրեմն՝
ինչո՞ւ չմիանալ ընդդիմության հրավիրած հանրահավաքին եւ Ազատության հրապարակում չգոչել՝
«Ո՛չ ահաբեկչությանը»։ Սակայն ակնհայտ է, որ իշխանությունների ներկայացուցիչները
այս հանրահավաքին ու երթին չեն մասնակցի։ Ու եթե քաղաքապետարանի պատասխանից
ստացվում է, որ հանրահավաքը արտոնված է, իսկ երթը՝ ոչ, ո՞րն է լինելու «Արդարության»
հետագա անելիքը։ Խմբակցության քարտուղարն ասաց, որ իրենք պատասխան նամակ են հղել
քաղաքապետարան, որով տեղեկացրել են, որ ե՛ւ հանրահավաքը, ե՛ւ երթը կայանալու են,
եւ որ իրենք նպատակահարմար են համարում, որ հանրահավաքի բոլոր մասնակիցները գնան
եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեն «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հիշատակին։ Հանրահավաքին
եւ երթին արդեն հայտնի է, որ մասնակցելու են նաեւ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ։ «Կանանց հանրապետական խորհրդի» անդամները մասնակցելու են ե՛ւ հանրահավաքին,
ե՛ւ երթին։ Այս կապակցությամբ «Կանանց հանրապետական խորհրդի» նախագահ Նորա Հակոբյանն
ասաց, որ խորհուրդը արդեն հաստատ որոշում ունի՝ մասնակցել «Ո՛չ ահաբեկչությանը» կարգախոսով
հրավիրված ակցիային. «Մենք անպայման կմասնակցենք, իսկ կմիանա՞ն բոլոր 18 կազմակերպությունները,
թե՞ ոչ՝ կորոշվի հոկտեմբերի 21-ին մեր կլոր սեղանի ընթացքում։ Մեր կազմակերպությունը
միշտ ձգտում է քաղաքական միջոցառումներից հեռու մնալ, որովհետեւ մենք ծառայում ենք
քաղաքացիական արժեքներին, իսկ կուսակցությունները, լինի դիմություն, թե ընդդիմություն,
իրենց հարցերն ունեն լուծելու։ Բայց հակաահաբեկչական ակցիային՝ «Ո՛չ ահաբեկչությանը»
կարգախոսով, եւ այդպիսի օրվա կապակցությամբ («Հոկտեմբերի 27»-ի 5-ամյա տարելիցի.-
Մ. Ե.) մենք կարեւոր ենք համարում այն բոլոր ուժերի կողքին լինել, որոնք կազմակերպում
են այս ակցիան։ Կարծում եմ՝ մեր երկրում մեկս մյուսի հանդեպ ագրեսիան այնքան մեծ
է, որ շինծու մթնոլորտ ստեղծելը իմաստ չունի։ Եթե կարելի է անել հանրահավաք, եթե
կարելի է հավաքվել եւ «ոչ» ասել տեռորիզմին Ազատության հրապարակում, ես չեմ գտնում,
որ մենք պետք է նորից հիշենք ապրիլի 12-ը, նորից մեզ վախեցնեն մահակներով, որ եթե
գնանք Բաղրամյան փողոցով՝ վատ կլինի։ Ես գտնում եմ, որ առիթը այնքան հարգալից է,
որ անհրաժեշտ է մենք հանգիստ, քանի հոգով ուզում ենք՝ անցնենք Բաղրամյան փողոցով։
Այդ անցումը, այդ ազատ երթը մեզ կօգնի (եթե դա հնարավոր է) հաղթահարել ապրիլի 12-ի
լույս 13-ի խայտառակությունը, որը մեզ մի քանի տարով ետ գցեց ժողովրդավարության ճանապարհից»։
Օրվա վերջում պարզեցինք, որ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւս իր աջակցությունն
է հայտնել «Ո՛չ ահաբեկչությանը» ակցիայի կազմակերպիչներին եւ պատրաստակամություն
է հայտնել ԱԺ տարածքում տեղադրված «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հուշաքարի մոտ միանալ
հուշաքարին ծաղկեպսակ դնողներին։ Ըստ ամենայնի, ԱԺ տարածք կթույլատրվի մտնել երթի
մասնակիցներից 50 մարդու՝ ծաղկեպսակը դնելու համար։ «Ազգային միաբանություն»
խմբակցության անդամները եւս անմասն չեն մնա այս ակցիային։ Վիկտոր Դալլաքյանի փոխանցմամբ՝
արդեն պայմանավորվածություն կա Արտաշես Գեղամյանի հետ, որ հանրահավաքի ընթացքում
հրապարակվելիք հայտարարությունը կներկայացվի «Արդարություն» եւ «ԱՄ» խմբակցությունների
անունից։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել