Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբեր 16,2004 00:00

Փաստաբանների
միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանի տուն հուլիսի 30-ի ցերեկը ներխուժեցին
զինված ու դիմակավորված 3 անձինք: Մի քանիսն էլ պահակություն էին անում դրսում: Շուրջ
ժամուկես նրանք մնացին բնակարանում՝ ահաբեկելով տանը եղած անձանց, հարվածելով զենքով
ու դանակ գործադրելով: Նրանք փնտրում էին թանկարժեք իրեր եւ գումար: Եվ սա էր պատճառը,
որ սկզբնապես կատարվածը համարվեց ընդամենը կողոպուտի նպատակով կատարված ավազակային
հարձակում: Հարուցվեց քրեական գործ, նախաքննությունը վարում է Կենտրոնի ոստիկանության
քննչական բաժանմունքը: Եվ քննիչների գործողությունները, եւ դեպքից հետո անցած ամիսներին
տեղի ունեցած իրադարձությունները հիմք են տալիս եզրակացնելու, որ նախաքննության մարմինն
այս գործի կապակցությամբ դրսեւորում է տարօրինակ անգործություն: Տիգրան Տեր-Եսայանի
ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը՝ քննությունը տեղից շարժելու նպատակով,
2 ամիս անց գործը վարող քննիչ Սերգեյ Թաիրյանին ներկայացրեց 5 միջնորդություն՝ բազմաթիվ
հարցադրումներով: Դրանցից մեկում նշվում է, թե ավազակային հարձակման ժամանակ՝ մուտքից
մի քանի քայլ հեռու, կատարվել են շինարարական աշխատանքներ, եւ այնտեղ են եղել շուրջ
6 հոգի՝ բանվորներ, վարորդներ եւ այլք: Շատ հնարավոր է՝ նրանք տեսած լինեին ներս
մտնող կամ դուրս եկող հանցագործներին, ուստի անհրաժեշտ էր հարցաքննել նրանց: Եվ այս
ականատեսների մասին հայտնի էր դեռ առաջին օրվանից: Մյուս միջնորդության մեջ նշվում
է, որ Տիգրան Տեր-Եսայանի բնակարանի վրա կատարված ավազակային հարձակմանը նախորդած
օրը հարեւանները նկատել են կասկածելի անձանց եւ տեղամասային տեսուչին հայտնել այդ
մասին. ոստիկանը զրուցել է կասկածելիների հետ: Տուժողի ներկայացուցիչն անհրաժեշտ
էր համարել, որ հարցաքննվի նաեւ այդ ոստիկանը: Նշենք, որ կատարվածին հաջորդեցին
նաեւ որոշ իրադարձություններ: Սեպտեմբերի 6-ի գիշերը Տիգրան Տեր-Եսայանի բնակարան
զանգեց մի անծանոթ տղամարդ, որը չներկայացավ, սակայն շուրջ 5 րոպեանոց զրույցի ժամանակ
օգտագործեց այնպիսի արտահայտություններ, որոնք արել էին նաեւ բնակարանի վրա ավազակային
հարձակում գործած անձինք: Իսկ սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ մեկ այլ իրադարձություն՝
Տիգրան Տեր-Եսայանի հարեւանուհու վրա գիշերով հարձակվեցին երկու անծանոթներ: Նրանք,
հարեւանուհու պնդմամբ՝ հետաքրքրվելուց հետո, թե արդյոք ինքը Տեր-Եսայանի դո՞ւստրն
է՝ հարվածել էին իրեն, էլեկտրաշոկ գործադրել ու սպառնացել: Թեպետ ահազանգով դեպքի
վայր էին հասել ոստիկանները, սակայն բավարարվել էին միայն թռուցիկ բացատրություն
վերցնելով միջադեպի շուրջ: Տեր-Եսայանի գործով քննիչը շուրջ մեկ ամիս «անտեղյակ»
էր կատարվածից: Եվ փաստաբանը նաեւ միջնորդեց քննություն անցկացնել վերոնշյալ իրադարձությունների
առնչությամբ: Թեեւ չի կարելի բացառել, որ էլեկտրաշոկի եւ զանգերի պատմությունը կազմակերպված
խայծ էր՝ կեղծ հետքերով տանելու համար: Առայսօր չեն հարցաքննվել ո՛չ վերոհիշյալ
բանվորները, ո՛չ տեղամասային տեսուչը, թեեւ Տիգրան Տեր-Եսայանն ինքն էր պարզել այդ
անձանց տվյալները եւ փոխանցել նախաքննական մարմնին: Իսկ այժմ եթե նրանք նույնիսկ
հարցաքննվեն էլ՝ արդյունքը բնավ այն չի լինի, ինչ կլիներ, եթե նրանք տեսածը պատմեին
դեռ 3 ամիս առաջ: Գիշերային զանգը վերագրվեց պատահականության: Միայն բավարարվեց միջնորդությունը
հարձակման ենթարկված հարեւանուհուն գոնե մեկ ամիս անց հարցաքննելու վերաբերյալ: Եվ
դրանից հետո քննիչ Թաիրյանի մոտ ավելի ուժգնացավ արձակուրդ գնալու կամ որեւէ այլ
պատրվակով այս գործից հրաժարվելու ցանկությունը, որ դրսեւորվել էր նաեւ նախկինում:
Հիշատակենք մի էական հանգամանք. կատարվածից քիչ անց ձերբակալվեց մի խումբ՝
5-6 հոգի, որոնք հաշվառման մեջ էին իբրեւ թմրամոլներ ու «կրիմինալ» տարրեր: Սրանց
մի քանի օր անց ազատ արձակեցին, թեեւ Տեր-Եսայանի հարեւանները լուսանկարներով ճանաչել
էին նրանցից մի քանիսին՝ իբրեւ այդ օրը պահակություն անողների: Եվ հետո նրանց չէին
էլ կանչել ճանաչման կամ առերեսման: Քննչական խմբի նման պահվածքը կարող է երկու
բացատրություն ունենալ՝ կա՛մ հանցագործությունն իրոք բացահայտված է, սակայն ցանկություն
չունեն պատասխանատվության ենթարկել կատարողներին (գուցե գործարք են կնքել կամ որպես
գործակալ հավաքագրել նրանց), ուստի այժմ մատնվել են անգործության՝ ավելորդ համարելով
լրացուցիչ քննությունը: Մյուս տարբերակն այն է, թե այս հանցագործությունը կազմակերպված
է՝ իշխանությանն անհաճո գործունեությամբ աչքի ընկած փաստաբանին պատժելու համար, ուստի
եւ այն դատապարտված է մնալու «չբացահայտված»: Մենք հետեւելու ենք այս գործի
ընթացքին: Եվ հուսով ենք՝ քննության առնչությամբ օրեցօր ավելացող հարցականներն առիթ
չեն տա, որ ամրապնդվի այն համոզումը, թե քրեական այս պատմության մեջ կան նաեւ քաղաքական
նկատառումներ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել