Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈԼԵԿՏԻՎԸ

Հոկտեմբեր 15,2004 00:00

ԿՈԼԵԿՏԻՎԸ ԴԵՄ Է ՏՆՕՐԵՆԻՆ Երեկ Կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվը ասուլիս էր հրավիրել՝ հայտնելու, որ անհնար է աշխատել նոր տնօրեն, ՕԵԿ անդամ Աշոտ Ջիվանյանի հետ՝ վերջինիս մասնագիտական ու ադմինիստրատիվ թերությունների պատճառով: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը դժգոհեց, որ նոր տնօրենն ուզում է «թատրոնի վզին փաթաթել իր անտեղյակությունը»: Գեղարվեստական ղեկավարը եւ կոլեկտիվի անդամները վկայեցին, որ տնօրենը թատրոնին վերաբերող բոլոր փաստաթղթերը թաքցնում է իր սեյֆում, արդյունքում՝ կադրերի բաժնում որեւէ փաստաթուղթ չկա: Գլխավոր հաշվապահ Նվարդ Սաքեյանն էլ տեղեկացրեց, որ «տնօրենի բերած» ադմինիստրատոր Թաթուլ Կարապետյանն էլ զլանում է վաճառված տոմսերի գումարն ու չվաճառված տոմսերը ներկայացնել դրամարկղ, ինչի վերաբերյալ ինքը զեկուցագիր է գրել տնօրենին, բայց՝ ապարդյուն: Ըստ տիկ. Նվարդի, տնօրենն էլ չի վճարում Կենսաթոշակային եւ սոցիալական ապահովության հիմնադրամի գումարները եւ անտեղի պարտքեր է կուտակում: Նրանց պնդմամբ՝ «ըմբոստ» աշխատակիցներին Ա. Ջիվանյանը սպառնացել է ազատել աշխատանքից եւ դրա համար ունի բոլոր անհրաժեշտ լծակները՝ իր «սարքած» նոր կանոնադրությունը, ինչպես նաեւ մշակույթի նախարարության եւ ՕԵԿ-ի աջակցությունը: «Ըստ Ջիվանյանի կանոնադրության՝ գեղարվեստական ղեկավարը ընդամենը դերաբաշխող է: Ես գիտեմ, որ ինքը ունակ չէր նման կանոնադրություն գրելու, երեւի հուշել են,- եզրակացրեց Ա. Մելիքսեթյանը՝ շարունակելով,- երբ առաջին անգամ ասացի, որ ինքը չի կարողանում աշխատել, թատրոնի հետ որեւէ առնչություն չունի, խնդրեց՝ թողնենք աշխատի, ասաց, որ մեր թատրոնը տրամպլին է՝ հետագայում ավելի լավ աշխատանքի տեղափոխվելու համար»: Ա. Մելիքսեթյանն ասաց, որ պատրաստ են աշխատել ցանկացած մեկի հետ, միայն թե լինի թատրոնի մարդ: Ռեժիսոր Սամվել Միքայելյանն էլ նկատեց, որ վատ չէր լինի, եթե տնօրեն նշանակվեր իրենց թատրոնից, թեկուզ պաշտոնը վստահվեր երիտասարդ պարուսույց Արտյոմ Գեւորգյանին: Առաջիկա համարում կներկայացնենք պրն Ջիվանյանի մեկնաբանությունները: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել