Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՄԱՍՆԱԿՑԵՆՔ

Հոկտեմբեր 15,2004 00:00

ԿՄԱՍՆԱԿՑԵՆՔ ՈՂՋ ՈՒԺՈՎ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանի հիմնադրած Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) 10 տարեկան է: – Պարոն Հովհաննիսյան, ո՞րն էր Հայաստանում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն բացելու անհրաժեշտությունը եւ պատմական ի՞նչ փուլի համար էր նախատեսված նրա գործունեությունը։ – Նման Կենտրոն հիմնելու մտադրությունը խարսխված էր այն իրողության վրա, որ նորանկախ Հայաստանի ու ողջ հայության առջեւ ծառացած են բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց լուծումը ժամանակի անշրջանցելի հրամայականն է։ Մեր նպատակը հանրությանը վերլուծական մտքով օժտելն էր, ինչը, կարծում եմ, մեզ հաջողվել է։ – Եղե՞լ են հանգամանքներ, որոնք խոչընդոտել են աշխատանքների լիարժեք ծավալմանը։ – Եթե խոսքը վերաբերում է անհարկի, կոպիտ միջամտությանը կամ արհեստական խոչընդոտներ հարուցելուն, ապա չարժե դրանց մասին արտահայտվել։ Նյութական, ինչպես նաեւ կազմակերպչական դժվարություններ, իհարկե, ունեցել ենք, բայց նոր մարտակոչերը միշտ չէ, որ ցնցում են ենթադրում, հաճախ դրանք նաեւ շարժընթացի խթան են դառնում։ – Կենտրոնի համագործակցության շառավիղները վաղուց դուրս են եկել Հայաստանի սահմաններից։ Որո՞նք են միջազգային շփումներից ձեռք բերած դասերը եւ որքանո՞վ են Հայաստանի համար արդիական։ – ՌԱՀՀԿ֊172ի մասնագիտական հորիզոնները, իսկապես, շատ ընդարձակ են. մենք փոխարդյունավետ կապեր ունենք աշխարհի ամենահեղինակավոր կառույցների, տարբեր երկրների հայտնի ինստիտուտների, ինչպես նաեւ քաղաքական նշանավոր դերակատարների հետ։ Այս իմաստով մեր նվաճումներն անփոխարինելի են, մանավանդ՝ եթե առկա իրողություններին հավելենք նաեւ Սփյուռքի դրական գործոնը։ – Գոյության 8-րդ տարում ՌԱՀՀԿ անվանը զուգորդվեցին երկու նոր անուններ՝ «Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը» եւ «Ժառանգություն» կուսակցությունը։ Ինչո՞վ էր պայմանավորված դրանց գոյությունը։ – Քաղաքացիական նախաձեռնությունների տիրույթը կարծես թե դուրս էր մնացել նշված պարագծից, եւ մենք որոշեցինք դրանց առարկայական տեսք տալ, այն է՝ առավել ականջալուր լինել ժողովրդի ձայնին, նրա ցանկությունները դարձնելով ուշադրության առարկա եւ ՌԱՀՀԿ֊172ի ուսումնասիրությունների նշանակետ։ Գալով «Ժառանգության» հիմնադրմանը՝ դա հանրային առկա պահանջի արդյունք էր։ Նրա ինքնության ու կենսունակության քննությունը դեռ առջեւում է։ – Այսօր Հայաստանում ոչ միայն սոցիալ-տնտեսական վիճակն է մտահոգիչ, այլեւ ներհասարակական կացությունը։ Այս իրավիճակում դուք եւ ձեր ստեղծած կառույցը ի՞նչ դերակատարում են ստանձնել։ – Այսօրյա մեր առաքելությունը տեսնում ենք հասարակության տարբեր թեւերի միջեւ փոխվստահության վերականգնման մեջ։ Ցավալի իրողություն է, բայց Հայաստանում կարող ենք ականատես լինել մեր պետական կարգը խոցող երեւույթների, ժողովրդավարական արժեքներից նահանջելու դեպքերի, մինչեւ անգամ պաշտոնական բռնությունների ու ազատ խոսքի ճնշումների։ Թե պետական մարմինները, թե ընդդիմությունը անցնելիք դժվար ճանապարհ ունեն՝ մինչեւ հասնեն պետական քաղաքակիրթ հանգրվանների։ Մեր նպատակն է՝ նպաստել այդ ընթացքի անցնցում ապահովմանը։ – ՌԱՀՀԿ֊172ն նաեւ հրատարակչական բազմագույն տարրապատկեր ունի, հիշեցումը մասնավորապես վերաբերում է հետազոտությունների ամենամյա տպագրությանը, 2002 թվականին լույս աշխարհ եկած «Ռազմավարական տարեգրքին», «Հայացք Երեւանից» հանդեսին, ինչպես նաեւ «Օրրան» օրաթերթին։ Այս քառապատկերից ո՞րն է շարունակություն ունենալու։ – Նշվածներից մեկն արդեն ձեր ձեռքին է, մյուսները աստիճանաբար կվերադառնան։ – Դժվար է Րաֆֆի Հովհաննիսյանին պատկերացնել իշխանամետ գործիչների շարքում, բայցեւ նրա ընդդիմադիր պահվածքը նման չէ մեզ ծանոթ գործելաոճին։ Դա խոստանո՞ւմ է, որ նա առաջիկայում կարող է հեղինակել քաղաքական այլ վարքագծի՝ «քաղաքացիամետ ու պետականահիմն» ծրագրերի տեր ուժի ձեւավորում։ – 2003-2004 թվականներին ծավալված իրադարձությունները ցույց տվեցին շրջանառվող միջոցների անզորությունը, ինչը պարտադրում է որոնել ճգնաժամերը հաղթահարելու կարողունակ լծակներ։ Բնական է, որ դրանց տիրապետող ուժը չպետք է պատկանի մրցասպարեզում հայտնված հատվածապաշտ հոսանքներին։ Մենք կուզենայինք լինել այդ պատասխանատվության կրողը։ – Իր ճամփան շարունակող ՌԱՀՀԿ֊172ն առաջիկայում հանդես կգա՞ ռազմավարության համալիր ծրագրով, ինչն ունակ կլինի երկրում ապահովել արժանավորների ընտրություն եւ հասարակության կայունություն, ժողովրդավարական արժեքներին անվերապահ հավատարմություն։ – Այո, սակայն մինչ այդ մենք կքննենք հասարակական պահանջարկի խորքն ու աստիճանը։ Այդ նպատակով սկսել ենք կազմակերպել սոցիոլոգիական հարցումներ՝ տարբեր խավերում ու վայրերում, ինչի հիման վրա էլ կմշակվի նշյալ հայեցակարգը։ Նպատակը եւ մեր հավատամքը ազգային շահի, ժողովրդավարության եւ իրավունքի իշխանության ներդաշնակ եռանիշն է։ – Մինչեւ խորհրդարանական հաջորդ ընտրությունները զգալի ժամանակ կա, այնուամենայնիվ հետաքրքիր է իմանալ, թե դուք մտադի՞ր եք մասնակցել ընտրարշավին եւ եթե այո՝ քաղաքական ո՞ր ուժի հետ եք պայքարի ելնելու։ -Այո, բոլոր ընտրություններում՝ մեր ողջ ուժով։ Հարցազրույցի ընդարձակ տարբերակը տպագրվել է ՌԱՀՀԿ֊172ի «Տասնամյա հանրագումար» տարեգրքում, Երեւան, 2004թ., «Տիգրան Մեծ» հրատարակչություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել