Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարմիր

Հոկտեմբեր 15,2004 00:00

Կարմիր վերնաշապիկով պրոֆեսոր Խաչիկյանն է Քննարկումներ «զուգարանի թղթի» («Երիտասարդության մասին» օրենքի) շուրջ «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությունը եւ Ռազմավարական հետազոտությունների երիտասարդական «Միտք» կենտրոնը երեկ կազմակերպել էին քննարկում՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Ի թիվս ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր երիտասարդական ու հասարակական կազմակերպությունների, հրավիրված էր Մշակույթի նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Սողոմոնյանը՝ որպես նախագծի հիմնական ներկայացնող եւ համահեղինակ: Հանդիպմանը (ի դեպ, պարզ չէ, թե ինչու) հրավիրված չէր ԱԺ պատգամավոր Վազգեն Խաչիկյանը: Սակայն վերջինս ներկա էր եւ ողջ քննարկման ժամանակ ռեպլիկի կամ պարզաբանումների տեսքով արձագանքում էր յուրաքանչյուր նախադասության: Ներկաների տպավորությամբ, նա եկել էր պաշտպանելու Արսեն Սողոմոնյանին: Իսկ պաշտպանվելու կարիք իսկապես կար, որովհետեւ քննարկմանը մասնակից ՀԿ-ներին ու կուսակցությունների ներկայացուցիչներին հասկանալի չէր նախ՝ ինչի՞ արդյունքում է ծնվել նախագիծը, արդյոք համապատասխան ուսումնասիրություններ, մոնիտորինգ արվե՞լ է՝ հասկանալու, թե երիտասարդությանը վերաբերող ի՞նչ խնդիրներ կան, որոնց լուծման համար է պետք օրենքը, թե՞ մեզ այս օրենքը պետք է միայն նրա համար, որ այն Եվրախորհրդի պահանջներից է: «Նոր Հայաստան» ՀԿ նախագահ Էլեոնորա Մանանդյանը նշեց, որ նախագծի հեղինակները թոզ են փչում բոլորի աչքերին ու իրականում ոչ մի առաջարկ էլ չեն ընդունում: Ներկաներից շատերը պնդեցին, որ առաջին անգամ էին տեսնում նախագծի տվյալ տարբերակը, որն արդեն ներկայացված է կառավարության քննարկմանը: «Թրեյներների ազգային թիմ» ՀԿ նախագահ Արեգ Թադեւոսյանը, որ թեպետ մասնակցել էր նախագծի քննարկմանը, սակայն այդպես էլ իր առաջարկներն ու դիտողությունները չեն ընդունվել, հարկ համարեց հայտարարել. «Եթե չկա մոնիտորինգի ու արդյունավետության գնահատման հստակ մեխանիզմ, ինչը ես ներկայացրել եմ քննարկումներում, ուրեմն այս նախագիծն այս տեսքով զուգարանի թուղթ է»: Վազգեն Խաչիկյանն այստեղ շատ վիրավորվեց եւ հետագա ելույթ ունեցողներին ընդհատելով, հարց էր ուղղում՝ «ինչպե՞ս եք առաջարկներ ներկայացնում զուգարանի թուղթ որակված նախագծին»: Ի դեպ, ներկաներից մեկի կարծիքին, թե նախագծում չի երեւում ազգային դիմագիծը, Վազգեն Խաչիկյանը արձագանքեց. «Ազգային դիմագիծը նպատա՛կ պետք է դարձնենք»: Ուրեմն, ըստ պրն Խաչիկյանի, մենք չունենք ազգային դիմագիծ եւ նպատա՞կ պետք է դարձնենք դրան հասնելը: «Հայ կա՝ երկնագույն է, հայ կա՝ ասում է՝ ես հայ չեմ»,- պարզաբանեց Վազգեն Խաչիկյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել