Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ

Հոկտեմբեր 15,2004 00:00

ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ Հարցազրույց ՀՅԴ Հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ – Ինչպե՞ս եք գնահատում Եհովայի վկաների գրանցումը: – Ֆորմալ առումով Եհովայի վկաները իրենց քայլերը համապատասխանեցրել են մեր օրենսդրությանը, բայց իրենց վտանգը՝ որպես ագրեսիվ աղանդ, ոչ թե պակասեցրել են, այլ՝ համակերպվել են օրենսդրությանը առերես, որպեսզի ունենան ավելի մեծ հնարավորություն՝ իրենց ագրեսիվ աղանդը Հայաստանում տարածելու: Նրանց իրական նպատակները եւ ագրեսիվությունը թաքցված են: Ես չեմ հավատում, որ իրենք անկեղծ են հարմարվել մեր Սահմանադրությանն ու օրենքներին: Ուստի, եթե անկեղծ չէ, մենք պետք է մեր պայքարի մարտավարությունն ունենանք: Մենք քաղաքական, իրավական եւ մյուս ուղղություններով պետք է հասնենք նրան, որ մոլորված հայրենակիցները վերադառնան ճիշտ ուղի: Եվ եթե տեսնենք, որ նրանք խախտում են երկրի Սահմանադրությունն ու օրենքները, ապա վերանայելու հիմքեր կան: Պետք է ապացուցել, որ նրանք իրենց փոփոխված կանոնադրությունը չեն կատարում, ապացուցվի եւ կասեցվի արդեն դատարանի վճռով, ինչպես ժամանակին արվեց Ֆրանսիայում: – Հոկտեմբերի վերջին տեղի կունենա ՀՅԴ հայաստանյան կառույցի Գերագույն ժողովը, որոշ դաշնակցականներ հայտարարում են, թե ժողովը հնարավոր է այս անգամ «մի փոքր» բաց անենք եւ հրավիրենք նաեւ լրատվամիջոցներին: Արդյո՞ք այս անգամ դաշնակցական գաղտնապահության ավանդույթը խախտելու եք: – Հարցն առայժմ որոշված չէ: Կար այդպիսի տեսակետ, բայց դա պիտի որոշի Գերագույն մարմինը: Մեզ մոտ, այո, ավանդույթ է ժողովները փակ անցկացնելը եւ եթե պիտի փոխենք, ապա լուրջ պետք է քննարկվի: Հիմա ես չեմ կարող ասել, թե ի՞նչ կորոշվի: Բայց կարելի է մտածել այդ ուղղությամբ, որպեսզի գաղտնիությունն իր խորհրդավորությամբ շատ չճնշի, որպեսզի պարզ դառնա, որ ժողովը փակ է, որպեսզի քննարկումներն ավելի անկաշկանդ ընթանան: – Որոշ դաշնակցականներ արդեն հայտարարել են, որ կոալիցիայի մեջ դաշնակցության մնալ-չմնալու հարցը կորոշի Գերագույն ժողովը: – Մեր Գերագույն ժողովները որոշում են հետագա երկու տարվա ռազմավարությունը: Հիմա մենք պետք է որոշենք, թե մինչեւ 2006թ. ի՞նչ ընթացք ենք ունենալու: Մենք հաշվետվություն կներկայացնենք կոալիցիայի ներսում մեր կատարած աշխատանքի մասին եւ ըստ այդմ կճշտվի դաշնակցության հետագա մարտավարությունը: Իհարկե, այս առումով կքննարկվի կոալիցիային մեր մասնակցության արդյունավետությունը: Թե ի՞նչ որոշում կլինի, դժվար է հիմա ասել: Բայց ես կարծում եմ, որ հիմնական հարցերը մանրամասն կքննարկվեն: – Ընդդիմություն-դաշնակցություն հարաբերությունները ի՞նչ զարգացում կարող են ունենալ, որովհետեւ սկզբունքային մի քանի հարցերում, հատկապես «ԸՕ»-ի եւ Սահմանադրության հետ կապված, ՀՅԴ-ի եւ ընդդիմության տեսակետները շատ ավելի են համընկնում, քան ՀՅԴ-ի եւ կոալիցիայի մյուս ուժերի: – Եթե նկատի ունեք կոալիցիա՝ լայն իմաստով, իհարկե, ես կուզեմ, որ այդպիսի կոալիցիա լինի ԱԺ-ում: Որպեսզի առնվազն մի քանի կարեւոր հարցերի շուրջ ձեր ասած կոալիցիան ավելի ընդլայնված կազմով լինի: Իսկ այդպիսի հարցեր կան, նաեւ երկրի առաջ մարտահրավերներ կան, որ մեզ պետք է միասնական ուղղությամբ տանի: Եվ հետո, վերջին շրջանում լսվող հայտարարությունները հույս են ներշնչում, որ մենք կարող ենք համագործակցության ընդհանուր դաշտ գտնել ընդդիմության հետ: Մասնավորապես, հայտարարված մի քանի կարեւոր խնդիրներ կան, որի շուրջ մեր մոտեցումներն այնքան չեն տարբերվում ընդդիմությունից: – Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, թե դաշնակցությունը արդեն տարիներ շարունակ ասում է, որ հաջորդ կեղծված ընտրությունները կարող են «կատաստրոֆիկ» լինել երկրի համար, բայց եւ շարունակում է մտնել դրա մեջ: – Եթե ոմանք մտածում են, թե հարցն ամբողջությամբ պիտի դաշնակցությունը լուծի, սխալվում են: Իհարկե, դաշնակցությունը այդ հնարավորությունը չունի, որ համապետական, ազգային խնդիրները միայնակ լուծի: Բայց որ դաշնակցությունը հետեւողական է այդ խնդիրների լուծման առումով, հնարավոր է միանշանակ չընկալվի այս կամ այն քաղաքական ուժի կողմից: Սակայն մենք գտնում ենք ձեւեր, որոնք այսօրվա պայմաններում կարող են աշխատել, որովհետեւ շատ երազանքներ կարող ենք ունենալ, բայց դրանք պետք է համահունչ լինեն այսօրվա հնարավորություններին: Այդ առումով, «Ընտրական օրենսգրքի» հետ կապված, երեւի որեւէ մեկի համար նորություն չէ, որ մեր ջանքերի շնորհիվ նաեւ հասանք նրան, որ այսօր համամասնականը առավել է, քան մեծամասնականը: Բայց ես ափսոսում եմ, որ 94/37-ը չպահպանվեց (94 համամասնական, 37 մեծամասնական- Մ. Ե.): Եվ սա մեզ դաս եղավ, որ հիմա մենք այդ խնդիրը ավելի խիստ դնենք եւ վերջին պահին փոփոխությունների հնարավորություն չթողնենք: Կուզենայի, որ ընդդիմությունն էլ այս հարցում մասնակցություն ունենար: – Համամասնականի ընդդիմախոսները պնդում են, որ իրականում կոռուպցիան պետք է փնտրել կուսակցություններում: – Կոռուպցիա ամեն տեղ էլ կա, ո՞վ ասաց, որ կուսակցություններում չկա: Բայց մեխանիզմներ պետք է լինեն, որ այդ կոռուպցիան նվազեցվի եւ այստեղ ոչ թե նոր հեծանիվ պետք է հորինել, այլ փորձը վերցնենք եւ տեղայնացնենք, իսկ այդ փորձն ասում է, որ պարբերաբար կազմակերպվող համամասնական ընտրությունները զտում են, մաքրում են: – Սակայն չեք ժխտի, չէ՞, որ ե՛ւ դաշնակցությունը, ե՛ւ ուրիշ կուսակցություններ փողով իրենց կուսակցական ցուցակներում են ընդգրկում հայտնի օլիգարխների: – Դա կարող է լինել, դա մանկական հիվանդություն է, որից ոչ ոք չի կարող խուսափել: Բայց այդ մանուկը պիտի ծնվի, այդ հիվանդություններով անցնելով պիտի աճի ու կազդուրվի: Ասում են՝ քաղաքական համակարգը չի կայացել եւ այդ պատճառով համամասնական ընտրությունները արդյունք չեն տա: Մենք էլ ասում ենք ճիշտ հակառակը՝ քանի համամասնական ընտրությունները եւ քաղաքական ուժերը դերակատար չեն դառնում երկրի զարգացումներում, քաղաքական համակարգը երբեք էլ չի կայանում: Երբ ուզում են երկրում բռնապետություն ստեղծել, հակված են մեծացնել մեծամասնական համակարգը: Օրինակ, Ադրբեջանը այդ հարցը հստակ լուծել է՝ մեծամասնականը դարձնելով գերակայող, մեկընդմիշտ փակել է քաղաքական ուժերի ճանապարհը: Որովհետեւ իրենք նպատակ ունեն ստեղծել բռնապետական երկիր: Մեզ մոտ էլ շատերը շատ լավ գիտեն, որ համամասնականի ուժեղացմամբ իրենց արտոնություններն են սահմանափակվում, «ստատուս-քվոն» որ ունեն եւ հարմարվել են՝ կորցնելու են, նոր իրավիճակ է ստեղծվելու, որտեղ իրենք իրենց տեղը չեն գտնելու: Հարցազրույցը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել