Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՊՀ-ն Եվրամիություն չէ

Հոկտեմբեր 15,2004 00:00

ԱՊՀ-ն Եվրամիություն չէ Գոնե երկաթգծի գործարկման տեսանկյունից Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը եւ հայկական կողմից նրա գործընկեր, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ ՀՀ եւ ՌԴ տնտեսական երկարաժամկետ համագործակցության ծրագրի շուրջ արձանագրություն ստորագրեցին: Արձանագրային արարողությունից հետո երկու երկրների նախարարները պատասխանեցին նաեւ լրագրողների հարցերին: Ի. Լեւիտինն անդրադառնալով օրերս Երեւանում արած իր հայտարարությանը, թե Ռուսաստանը թույլ չի տա, որ իր հարավային հարեւաններն իրենից առաջ անցնեն հաղորդակցական միջանցքների զարգացման հարցում, մասնավորապես պատասխանեց Մոսկվա-Երեւան եւ Երեւան-Մոսկվա երկաթգծի հնարավոր վերագործարկմանը: «Երեւանի նախագահը (լեզվի սայթաքումը Ի. Լեւիտինինն է- Ն. Մ.) հաստատեց, որ ինքը պատրաստ է դրան: Դրա համար հիմա անհրաժեշտ է Վրաստանի նախագահի համաձայնությունը, եւ այդ հարցը կարելի է լուծել»,- հայտարարեց ռուս նախարարը՝ հավելելով, թե երկաթգծերը պետք է քաղաքականությունից դուրս լինեն: «Կարծում եմ, որ եթե քաղաքական կամք լինի, որը կա, իսկ ՀՀ նախագահը մեր հանդիպման ժամանակ ինձ վստահեցրեց, որ եթե քաղաքական հարցերը մի կողմ թողնենք եւ հաղորդակցությունն էքստերիտորիալ դարձնենք, ապա՝ այդ հարցը կարելի է լուծել արդեն մոտ ապագայում: Սոչի-Սուխում երկաթգիծը կա եւ լավ վիճակում է»,- ասաց նա: Ի. Լեւիտինի երեւանյան հանդիպումների ժամանակ քննարկվել էր նաեւ Վերին Լարսով ավտոմոբիլային ճանապարհի վերագործարկման հարցը: Նա եւս մեկ անգամ պնդեց, թե անցակետի փակման պատճառը պայմանավորված է Բեսլանում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությամբ եւ «Վերին Լարսի բոլոր կիրճերում, անցակետերում իրականացվող միջոցառումը կոչված է կանխելու ՌԴ տարածք մտնել այն ավտոմեքենաներին եւ անձանց, որոնք զբաղվում են ահաբեկչությամբ»: Նա միաժամանակ տեղեկացրեց, թե այդ միջոցառումների համար անհրաժեշտ կլինի մոտավորապես 30-40 օր. «Մենք Վերին Լարսն ընդմիշտ չենք փակել»,- վստահեցրեց Ի. Լեւիտինը՝ հավելելով, թե Երեւանում որպես այլընտրանքային տարբերակ քննարկվել է Իրան-Հենզելի-Աստրախան բեռնափոխադրման ճանապարհը: «Եվ արագության, եւ արժեքի տեսանկյունից, փորձագետների պնդմամբ, դա ավելի էժան կլինի, քան Վերին Լարսը: Դրա համար մեզ անհրաժեշտ է որոշ ֆորմալ հարցեր կարգավորել իրանական կողմի հետ»,- հայտարարեց ռուս նախարարը: Սերժ Սարգսյանն իր հերթին ասաց, թե ինտենսիվ աշխատանքներ են տարվում նաեւ Կովկաս-Փոթի լաստանավային ուղին շուտափույթ շահագործման հանձնելու ուղղությամբ: Ի. Լեւիտինը դեռ չորեքշաբթի ասել էր, որ Հայաստանից հետո մեկնելու է Ադրբեջան եւ Վրաստան, ըստ ամենայնի՝ Անդրկովկասի տրանսպորտային կոմունիկացիաները վերագործարկելու տարբերակներ որոնելու եւ դրանք քննարկելու համար, ինչի մասին նա դարձյալ Երեւանում հայտարարել էր: Ռուսաստանն ինչպե՞ս է պատկերացնում դա անել, երբ տարածաշրջանի որոշ երկրների եւ չճանաչված պետությունների միջեւ հիմնախնդիրներ կան: Ի՞նչ տրանսպորտային կոմունիկացիաների մասին կարող է խոսք լինել այս դեպքում: Լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան՝ Ի. Լեւիտինը նկատեց, թե՝ «Եվրոպայում տասնյակ պետություններ կան, եւ նրանց երկաթգիծը մեկն է եւ այնտեղ հանվում են բոլոր խոչընդոտները, որովհետեւ երկաթգիծը ԵՄ երկրներում մեկն է, որին ոչ ոք դիպչել չի կարող: Մենք ուզում ենք, որ այդպես լինի եւ ԱՊՀ երկրներում»: Ու թեեւ տվյալ դեպքում Անդրկովկասի եւ ԵՄ երկրների միջեւ համեմատությունն այնքան էլ տեղին չէր, այդուհանդերձ, նախարարը ցանկություն հայտնեց, որ մեր տարածաշրջանում էլ երկաթգծերը լինեն էքստերիտորիալ եւ քաղաքական երանգներ չունենան: Բայց Վրաստան կատարելիք այցի ընթացքում պարոն Լեւիտինը, թերեւս, միայն այս հարցը չի քննարկի: Երեկ նա անկեղծացավ, թե Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ Թբիլիսի եւ վերագործարկել երբեւէ այնտեղ աշխատող «Էլեկտրաքարշվերանորոգման» գործարանը, որն, ըստ նրա, կարող է նախկինի պես այսօր էլ 12 հազար վրացու համար աշխատատեղ լինել. «Այսօր Ռուսաստանի հարավային մասն ամբողջությամբ տեղափոխվում է այդ գործարանում արտադրված էլեկտրաքարշերով: Առայժմ մենք Ռուսաստանում նման էլեկտրաքարշեր չենք արտադրում եւ պատրաստ ենք վերադառնալ Թբիլիսիի այդ գործարան: Այստեղ քաղաքական ի՞նչ կարող է լինել: Նույնը վերաբերում է Ադրբեջանին եւ Հայաստանին: Կա երկաթգիծ, որն ունի ճյուղավորման գոտի, ինչն անտեսել չի կարելի. ահա եւ վերջ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել