Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԼՈՒՐՋ

Հոկտեմբեր 15,2004 00:00

ԱՆԼՈՒՐՋ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ «Գոնե այս վերջին 5-6 տարվա ընթացքում իսկապես չեմ լսել, որ մի լուրջ երկրի կողմից ասվի, թե ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- հայտարարել էր ԱԳ նախարարը խորհրդարանական ամբիոնից: Վարդան Օսկանյանի համոզմամբ՝ ձեւակերպումներում զգույշ են հատկապես այն երկրները, որոնք «գիտեն բանակցությունների բովանդակությունը եւ իսկապես չեն ուզում նման հայտարարություններով որեւէ ձեւով խոչընդոտել բանակցությունների ընթացքը»: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը երեկ լրագրողներին բաժանեց տպագիր 7 էջ կազմող մեջբերումներ տարբեր երկրների ներկայացուցիչների հայտարարություններից, որոնք, շա՜տ մեղմ ասած՝ խիստ հարցական էին դարձնում արտգործնախարարի լավատեսության հիմնավորվածությունը: Այսպես՝ Հունաստանի արտգործնախարար Ի. Մագրիոտիսը 2001-ին Բաքվում հայտարարել էր, թե իր երկիրը կողմնակից է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի միջազգային իրավական սկզբունքների հիման վրա եւ, որ Հունաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմնակից է: Բաքվում ԱՄՆ դեսպանատունը 2002-ին ԼՂՀ նախագահի ընտրության առնչությամբ հայտարարել էր, թե պաշտոնական Վաշինգթոնը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում ԼՂՀ-ն: Ադրբեջանում Իտալիայի դեսպանն էլի 2002-ին հայտարարել էր. «Մենք բոլորս գիտենք, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է», եւ դարձյալ խոսել տարածքային ամբողջականության մասին: Հիշատակենք ավելի «թարմ» հայտարարություններ: 2004-ի օգոստոսին Ադրբեջան այցի ընթացքում Իրանի նախագահ Խաթամին հայտարարեց, որ Իրանը Լեռնային Ղարաբաղը համարում է ադրբեջանական տարածք, եւ վերահաստատեց, թե դատապարտում են Հայաստանի ագրեսիան: ԵԱՀԿ մամուլի ծառայությունն այս տարվա օգոստոսին ԼՂՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ փոխանցեց «Թուրան» գործակալությանը, թե ԵԱՀԿ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմնակից է եւ չի ճանաչում ԼՂՀ-ն: Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովը 2004-ի օգոստոսին ասուլիսում ԼՂ-ում զինվորական վարժանքների մասին տրված հարցին ի պատասխան՝ ազդարարեց, որ ՌԴ-ն ամբողջովին տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն է: 2004-ի օգոստոսին ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը Բաքվում եւս մեկ անգամ հանդես եկավ համանման հայտարարությամբ: Գերհարդ Շրյոդերը 2004-ին Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ազդարարեց, թե Գերմանիան աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, եւ այդ դիրքորոշումն անփոփոխ է: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Ռոջեր Բլաթմանը դարձյալ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ նշեց, թե իր երկիրը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմնակից է: Կարող էինք շարունակել մեջբերումները, որոնք նույնն են նաեւ Չինաստանի, Դանիայի ու Բուլղարիայի համար: Ի դեպ, վերջինիս դեսպան Պալչեւը 2004-ի սեպտեմբերին անգամ հայտարարեց, թե Ղարաբաղին որեւէ կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի գործն է: Ուշադրություն դարձրեք՝ այս բոլոր հայտարարություններն արված են վերջին 5-6 տարում, որոնց մասին խոսում էր պրն Օսկանյանը: Եվ այս երկրներից եւ որեւէ մեկին հնարավոր չէ անվանել անլուրջ: Նաեւ հնարավոր չէ ենթադրել, թե նրանցից եւ ոչ մեկը՝ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները տեղյակ չեն բանակցություններից: Այս ամենն էր ստիպել Վիկտոր Դալլաքյանին, որ ԱԳ նախարարի այս հայտարարությունները համարի «Շաբաթվա զորավոր մտքեր»: «Արդարության» քարտուղարի գնահատմամբ՝ Օսկանյանի այս հայտարարությունները վկայում են, թե նա պատրաստվում է հրաժարականի. «Եվ փորձում է հեռանալ հաղթողի լուսապսակով»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, Վիկտոր Դալլաքյանը որպես «Շաբաթվա զվարճանք» ներկայացրեց «Ոստիկանության կարգապահական կանոնագրքի» քննարկումները: Այս օրինագծի 6-րդ հոդվածում նշված է. «Ոստիկանության ծառայողը պարտավոր է լինել ազնիվ, աննկուն տանել ծառայության բոլոր դժվարությունները եւ զրկանքները, ծառայողական պարտքը կատարելիս չխնայել ուժերը»: «Այսինքն՝ մահակով ծեծելու ընթացքում»,- մեկնաբանեց պրն Դալլաքյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել