ԿՈԼԵԿՏԻՎԸ
ԴԵՄ Է ՏՆՕՐԵՆԻՆ Երեկ Կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվը
ասուլիս էր հրավիրել՝ հայտնելու, որ անհնար է աշխատել նոր տնօրեն, ՕԵԿ անդամ Աշոտ
Ջիվանյանի հետ՝ վերջինիս մասնագիտական ու ադմինիստրատիվ թերությունների պատճառով:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Մելիքսեթյանը դժգոհեց, որ նոր տնօրենն ուզում
է «թատրոնի վզին փաթաթել իր անտեղյակությունը»: Գեղարվեստական ղեկավարը եւ կոլեկտիվի
անդամները վկայեցին, որ տնօրենը թատրոնին վերաբերող բոլոր փաստաթղթերը թաքցնում է
իր սեյֆում, արդյունքում՝ կադրերի բաժնում որեւէ փաստաթուղթ չկա: Գլխավոր
հաշվապահ Նվարդ Սաքեյանն էլ տեղեկացրեց, որ «տնօրենի բերած» ադմինիստրատոր Թաթուլ
Կարապետյանն էլ զլանում է վաճառված տոմսերի գումարն ու չվաճառված տոմսերը ներկայացնել
դրամարկղ, ինչի վերաբերյալ ինքը զեկուցագիր է գրել տնօրենին, բայց՝ ապարդյուն: Ըստ
տիկ. Նվարդի, տնօրենն էլ չի վճարում Կենսաթոշակային եւ սոցիալական ապահովության հիմնադրամի
գումարները եւ անտեղի պարտքեր է կուտակում: Նրանց պնդմամբ՝ «ըմբոստ» աշխատակիցներին
Ա. Ջիվանյանը սպառնացել է ազատել աշխատանքից եւ դրա համար ունի բոլոր անհրաժեշտ լծակները՝
իր «սարքած» նոր կանոնադրությունը, ինչպես նաեւ մշակույթի նախարարության եւ ՕԵԿ-ի
աջակցությունը: «Ըստ Ջիվանյանի կանոնադրության՝ գեղարվեստական ղեկավարը ընդամենը
դերաբաշխող է: Ես գիտեմ, որ ինքը ունակ չէր նման կանոնադրություն գրելու, երեւի հուշել
են,- եզրակացրեց Ա. Մելիքսեթյանը՝ շարունակելով,- երբ առաջին անգամ ասացի, որ ինքը
չի կարողանում աշխատել, թատրոնի հետ որեւէ առնչություն չունի, խնդրեց՝ թողնենք աշխատի,
ասաց, որ մեր թատրոնը տրամպլին է՝ հետագայում ավելի լավ աշխատանքի տեղափոխվելու համար»:
Ա. Մելիքսեթյանն ասաց, որ պատրաստ են աշխատել ցանկացած մեկի հետ, միայն թե լինի թատրոնի
մարդ: Ռեժիսոր Սամվել Միքայելյանն էլ նկատեց, որ վատ չէր լինի, եթե տնօրեն նշանակվեր
իրենց թատրոնից, թեկուզ պաշտոնը վստահվեր երիտասարդ պարուսույց Արտյոմ Գեւորգյանին:
Առաջիկա համարում կներկայացնենք պրն Ջիվանյանի մեկնաբանությունները: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ