Այս
մասին է երգում ճանաչված ֆրանսիացին Ինչպես տեղեկացրել էինք, Երեւանում է
ֆրանսիացի հանրահայտ երգիչ Գարաբելոն: Հոկտեմբերի 17-ին, Ազգային օպերային թատրոնում,
Երվանդ Երզնկյանի ղեկավարած էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի, Սյուզան Մարգարյանի,
Անահիտ Մանուկյանի, Լեյլա Սարիբեկյանի, Աշոտ Հախինյանի եւ այլոց հետ նա կմասնակցի
ֆրանսաբնակ արվեստագետ Ժաննա Բլբուլյանի հեղինակային երեկոյին: Համերգի պրոդյուսերն
է Արմեն Մանուկյանը: «Առավոտի» հետ զրույցում Գարաբելոն տեղեկացրեց, որ Հայաստանի
ու հայերի մասին գիտի ամեն ինչ, ասածը մանրամասնելով. «Առաջին սերս հայուհի էր՝ Դանիելա
Մանուկյանը, որին համենայնդեպս մինչ այսօր չի փոխարինել եւ ոչ մի կին: Իսկ մեր բաժանման
առիթը Ֆրանսիայի հյուսիսից իմ Փարիզ տեղափոխվելն էր: Այսօր էլ հարազատներս մեղադրում
են ինձ՝ Դանիելայի հետ ընտանիք չկազմելու հարցում»: Մեր հետաքրքրությանը՝
«Ինչպե՞ս կայացավ ծանոթությունը Ժաննա Բլբուլյանի հետ», երգիչն ասաց. «Ժանետի հետ
հանդիպեցինք տարիներ առաջ՝ ձայնագրման ստուդիայում: Լսելով նրա մեղեդիները՝ անտարբեր
չէի կարող մնալ»: Թեեւ երգիչը Ժ. Բլբուլյանի երգերը կատարում է ֆրանսերեն, բայց վստահեցնում
է, որ բացի մեղեդիներից, իրեն գերում են նաեւ երգերի տեքստերը. «Նրա երգերի մեղեդիները,
ինչպես նաեւ տեքստերը արտահայտում են սիրո տարբեր հոգեվիճակներ, որոնցով լցված է
իմ կյանքը»: Նշենք, որ երգահանի երգերի մեծ մասը գրված են իր եղբոր՝ բանաստեղծ Լեւոն
Բլբուլյանի խոսքերով: Մեր դիտարկմանը՝ երգչի՝ հիթ դարձած «Չուպա» երգի տեսահոլովակը,
որում բացի սիրո հոգեվիճակներից, կան նաեւ զուտ ֆիզիկական սերը պատկերող կադրեր,
Գարաբելոն շտապեց տեղեկացնել, որ «ես նորմալ տղամարդ եմ»: Պարզապես ֆրանսիացի հայտնի
մի հրատարակիչ նրան պատվիրել է գրել այդ բնույթի վարակիչ մի երգ, որը շատ շուտ դարձել
է հիթ: Հետաքրքրվեցինք նաեւ ֆրանսիացի երգիչների սոցիալական վիճակով: Գարաբելոյի
խոսքերով, CD-ն, այսինքն երգչի ֆինանսական աղբյուրներից մեկը, Ֆրանսիայում արժե միջինը
15 եվրո, «որով, համոզված եմ, ոչ մի երգիչ նույնիսկ գոյատեւել չի կարող»: Ինքը՝ Գարաբելոն,
ունի ձայնագրման ստուդիա եւ կատարում է գործիքավորումներ. «Այս ամենին գումարած հյուրախաղերս՝
անհոգ ապրելու հնարավորություն են տալիս»: Ասենք, որ երգիչը մեծ տեղ է տալիս համերգներում
ոչ միայն ձայնի կենդանի հնչողությանը, այլեւ կենդանի նվագակցությանը: Այս առիթով
նա գովեստի խոսքեր շռայլեց Երվանդ Երզնկյանի ղեկավարած էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի
երաժիշտների հասցեին, նրանցից յուրաքանչյուրին համարելով ոչ թե նվագախմբի արտիստ,
այլ մենակատար: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ