Մայրը
հրաժարվում է 5 օրական «ինվալիդ» երեխայից՝ սկեսուրի պնդմամբ ՀՀ առողջապահության
նախարարության տվյալներով՝ տարբեր արատներով ծնվող երեխաների թիվը տարեցտարի ավելանում
է 0,1%-ով: Ի տարբերություն զարգացած երկրների, Հայաստանում ծնողները մեծ մասամբ
հրաժարվում են նման երեխաներից, հատկապես մտավոր թերություն ունեցողներից: Փաստ է,
որ երեխայից հրաժարվելու՝ ընտանիքի անդամների որոշմանը պետությունը միջամտելու իրավունք
չունի: Հաճախ են դեպքերը, երբ մայրը ստիպված է մանուկին թողնում հիվանդանոցում, որովհետեւ
այդպես են պահանջում ընտանիքի գլխավորները՝ սկեսուրը, ամուսինը եւ այլք: Նման մի
դեպքի մասին տեղեկացա վերջերս: 2003թ. դեկտեմբերի 27-ին Սեւան քաղաքի ծննդատանը
մի մանուկ ծնվեց: Անգելինա Հայրապետյանը Հովհաննես եւ Կարինե Հայրապետյանների առաջնեկն
էր: Աղջնակը ծնվել էր արատով՝ պարանոցի ուռուցքով, որն անհրաժեշտ էր վիրահատել: Դեկտեմբերի
28-ին երեխան տեղափոխվել է Երեւանի թիվ 3 ծննդատուն՝ պետպատվերով վիրահատության:
Աղջնակին վիրահատող նեյրովիրաբույժ Օգանեզովը ծնողներին հավաստիացրել է, որ վիրահատությունը
հաջող ավարտ կունենա, բայց չգիտեր, թե մանկիկի առողջությունը երբ կվերականգնվի: Դրա
դեմ ընդվզեց տան սկեսուրը: «Մենք էլ ինչքա՞ն սպասենք էս հիվանդանոցի գորշ պատերի
ներսում: Տուն-տեղ թողել եկել ենք, պալատին օրական 3 հազար դրամ ենք տալիս, վերակենդանացման
բաժնին՝ 7 հազար: Էդքանից հետո էլ երեխայի ոտքերը շատ թույլ են, հայացքն էլ՝ ցրված:
Մենք ինչի՞ տեր ենք, որ էդքան փող ծախսենք, հետո ինվալիդ երեխա մեծացնենք: Չէ, թույլ
չեմ տա, Հովիկս մեղք է»,- ամեն օր բողոքում էր տատիկը: Մի խոսքով, ընտանիքը որոշեց
երեխայից հրաժարվել: «Ես ի՞նչ կարող էի անել,- հետագայում արդարանում էր մայրը,-
հնարավոր է, որ հարցը դրվեր բաժանության կամ էլ ամբողջ կյանքում ինձ մեղադրեին՝ արատավոր
երեխա ծննդաբերելու համար»: Հունվարի 2-ին, 5 օրական երեխային թողնելով վերակենդանացման
բաժնում, մայրն ու տատիկը Սեւան վերադարձան՝ խոստանալով մեկ շաբաթ անց վերադառնալ
ու հրաժարվելու դիմում գրել: Երեխայի ապաքինվելը, բնականաբար, ձգձգվում էր՝ մայրական
կաթից զրկվելու պատճառով: Այդ ընթացքում երեխային խնամում եւ հետեւում էր Կարինե
Ասմանգուլյանը՝ նրանց հեռավոր ազգականը: Վերակենդանացման բաժնից նեյրովիրաբուժական
բաժանմունք տեղափոխված փոքրիկն արդեն սպառել էր դիմադրելու իր ողջ ուժերն ու դարձել
շատ վտիտ: Ապաքինման դանդաղ ընթացքի հետ մեկտեղ, ձգձգվում էր ծնողների դիմումը, ինչի
հետեւանքով բժիշկները երեխային մանկատուն չէին կարող հանձնել: Ծնողներին ուղղված
բազմաթիվ նախազգուշացումներից հետո հիվանդանոցի տնօրինությունը որոշեց՝ կամ ծնողները
հրաժարվելու դիմում պետք է ներկայացնեին, կամ էլ ոստիկանի ուղեկցությամբ երեխային
պետք է տանեին տուն: Այդքանից հետո միայն դիմումը վերջապես տեղ հասավ ու երեխային
տեղափոխեցին Նորքի մանկատուն: Խնամակալները հավաստիացնում են, որ լիարժեք սննդի ու
խնամքի, ինչպես նաեւ մոր հետ շփվելու դեպքում աղջնակն էլ ավելի արագ կանցներ հետվիրահատական
շրջանը: Այնուամենայնիվ, փոքրիկն այժմ առողջացել ու իրեն լավ է զգում՝ ի հեճուկս
իրենից հրաժարվածների: ԼԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԵՊԼՀ 5-րդ կուրսի
ուսանողուհի