Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ՝ «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ»

Հոկտեմբեր 15,2004 00:00

ՀՀ կառավարությունը առայժմ չի հասկացել, թե ինչ առաջարկ է պետք ներկայացնել՝ իր երկրի աղքատությունը նվազեցնելու համար:

Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը վերադառնալով Վաշինգթոնից՝ հայտնեց, որ Հազարամյակի մարտահրավերների ծրագրով ֆինանսավորում ստանալու պայմանները փոխվել են եւ մեր կառավարությունն ստիպված է իր ներկայացրած առաջարկները վերանայել-համապատասխանեցնել դրանց: Միջազգային ֆինանսական կառույցներին մոտ կանգնած մեր աղբյուրները, սակայն, հավաստիացրին, որ գումարների տրամադրման պայմաններն իրականում չեն փոխվել: Միակ փոփոխությունը Կոնգրեսի հատկացրած գումարի չափի կրճատումն է՝ առաջիկա երկու տարվա համար $4 միլիարդի փոխարեն $2 միլիարդ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը հանդես է եկել աղքատ պետություններին աջակցություն ցուցաբերելու նախաձեռնությամբ, եւ առաջին 16 պետությունների շարքում ընդգրկել է նաեւ Հայաստանին, ֆինանսավորման դիմաց ակնկալելով աղքատության կրճատում ենթադրող ծրագիր-առաջարկներ:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ կառավարությունը Վաշինգթոն էր ներկայացել առաջարկությունների «սեւագիր մի փաթեթով»: Մեր տեղեկատվությամբ, սակայն, ՀՀ կառավարությունն իր առաջարկները կազմել էր ոչ թե «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի պահանջներին համապատասխան, այլ սեփական պատկերացումներից ու ենթադրություններից ելնելով: Ըստ այդմ $700-900 միլիոն ֆինանսավորում պահանջող ճոխ-ճոխ հույսեր են փայփայել: Ըստ ՀՀ կառավարության, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը պետք է հոգա մեր բյուջեի բոլոր ծախսերը, մեզ թողնելով ընդամենը աշխատավարձի, նպաստի, թոշակների եւ նմանատիպ հոգսեր: Այնինչ, մեր նախարարը միայն Վաշինգթոնում, կորպորացիայի գրասենյակում, ֆինանսավորում ակնկալող ծրագիր-առաջարկը ներկայացնելուց հետո է ծանոթացել պահանջներին: Այսինքն՝ միջազգային կառույցներին մոտ կանգնած մեր աղբյուրների տվյալներով, ՀՀ կառավարության ներկայացուցիչն անգամ փորձ չի արել ճշտել, թե կորպորացիան ինչ չափանիշներով է գումարներ տրամադրելու: Եվ այժմ ստիպված է հստակեցնել ու համապատասխանեցնել ծրագիրը՝ իր հավակնությունների մակարդակն իջեցնելով մինչեւ 100-125 միլիոն դոլարի: Ընդ որում, մասնագետների վերլուծությամբ, հիմա էլ մեր կառավարությունը գումարի այս չափի վրա է կանգ առել մի պարզունակ հաշվարկի արդյունքում՝ ընդհանուր գումարի չափն ուղղակիորեն բաժանելով 16 երկրների թվի վրա: Այնինչ ցանկում ընդգրկված տասնվեց երկրներից մեկը լինելը երաշխիք չէ, որ Հայաստանն անպայման այդ գումարի մեկ տասնվեցերորդը կստանա: Իրականում մրցութանման մի գործընթացի արդյունքում է որոշվելու, թե որ երկրին որքան գումար է հատկացվելու, այն էլ հաշվի առնելով, թե ծրագիր-առաջարկը որքանով է հանգեցնելու աղքատության կրճատմանը, որքանով է իրատեսական եւ այլն:

Ի դեպ, ինչ վերաբերում է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի չորեքշաբթի հրապարակած այն տվյալներին, որ ըստ Համաշխարհային բանկի, Հայաստանում իբր բեւեռացվածության ցուցանիշը (GINI-ի գործակիցը) 0.27 է (Հայաստանն իրականում երազում է հասնել այդ ցուցանիշին), պարզվում է, Համաշխարհային բանկը նման եզրակացության չի եկել մեր հասարակության բեւեռացվածության վերաբերյալ եւ նման տվյալ չի հրապարակել: Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը հայտնեց հետեւյալը. «Ես մեր ուսումնասիրություններից որեւէ մեկում նման թվի ծանոթ չեմ, եւ բնական է, այդ թվի վերաբերյալ մեկնաբանություն չեմ կարող անել»: Ավելին՝ աղքատ եւ ծայրահեղ աղքատ բնակչության վերաբերյալ բարենպաստ տվյալները, որ նույնպես Համաշխարհային բանկի անունից է հայտնվել, Վիգեն Սարգսյանի պարզաբանմամբ, Վիճակագրական ազգային ծառայության վերլուծություններն են, որը ՀԲ-ն ընդամենը ֆինանսավորել է:

ՎԱՐԴՈՒՀԻ ԱՍԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել