Ձրի
պանրի սիրահարները 50 հոգուց բաղկացած հայկական զինվորական
մասնագետների եւ բժիշկների խմբի՝ Իրաք գործուղման թեման վերջին օրերին անասելի եռանդով
քննարկվում է: Գործնականում այս մասին խոսում են բոլորը՝ քաղաքագետները, պետական
եւ քաղաքական գործիչները, մտավորականները, շարքային քաղաքացիները եւ այլք: Ընդ
որում, հետաքրքիր է, որ գրեթե բոլորն էլ, այդ թվում՝ հակադիր քաղաքական ճամբարներ
ներկայացնող մարդիկ, այս հարցում միակարծիք են՝ Իրաք հայկական զինկոնտինգենտ ուղարկելը
սխալ է, քանի որ դա մեծապես կսպառնա ազգային անվտանգությանն ու լուրջ հարվածի տակ
կդնի իրաքահայությանը: Նշված փաստարկները, անշուշտ, բավականաչափ ծանրակշիռ
են, հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանի ազգային անվտանգությունը անգամ այսօր,
այսինքն՝ մինչ Իրաքում հակաահաբեկչական կոալիցիային միանալը, մեծ հաշվով որեւէ լուրջ
գործոնով երաշխավորված չէ: Այսպես. ՀՀ պաշտպանության նախարարը սիրում է տարբեր առիթներով
թվարկել այն երաշխիքները, որոնց հանրագումարը, իբր, հուսալիորեն ապահովում է Հայաստանի
անվտանգությունը: Դրանցից մեկն ազգային բանակն է: Թերեւս կարիք չկա ապացուցելու,
որ մեր բանակն այսօր լուծում է միայն մեկ՝ Ադրբեջանին դիմագրավելու խնդիր, եւ ասենք
(Աստված մի արասցե, իհարկե)՝ թուրքական կամ իրանական ներխուժման դեմ բոլորովին անզոր
է: Հայաստանի անվտանգության հաջորդ դեկլարատիվ երաշխիքը ՀԱՊԿ համակարգն է եւ դրա
բաղկացուցիչ մասը կազմող՝ Ռուսաստանի հետ երկկողմ ռազմավարական գործընկերությունը:
Թե մեզ համար դժվարին պահին Ռուսաստանն ինչպես կապահովի ՀՀ քաղաքացիների անվտանգությունը՝
հեշտությամբ կարելի է ենթադրել այն բանից, թե Ռուսաստանը հարկ եղած դեպքում ինչպես
է ապահովում իր իսկ քաղաքացիների անվտանգությունը: Վերջապես, պաշտոնական մեկնաբանությամբ,
մեր անվտանգության երաշխիքներից է նաեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը՝ դաշինքի
գործընկերային ծրագրերի շրջանակներում: Բայց այս մասին՝ քիչ ավելի ուշ: Հայաստանում
սիրում են գեղեցիկ կեցվածքներ ընդունել եւ դժգոհել Արեւմուտքի երկակի ստանդարտներից:
Բոլորս հիշում ենք, թե ողջ աշխարհի հայերն ինչպիսի աղմուկ բարձրացրին այն բանից հետո,
երբ Վաշինգթոնում մտադրվել էին անհավասար ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ու Ադրբեջանին: Որեւէ մեկը, սակայն, չմատնանշեց, որ այդ նույն Ադրբեջանը (ու նաեւ՝
Վրաստանը), վտանգելով իր ազգային անվտանգությունը, զինծառայողներ է ուղարկում Աֆղանստան
եւ Իրաք: Փոխարենը Հայաստանում հրճվանքով ու հպարտությամբ արձանագրում են, որ հետխորհրդային
տարածքում մեկ շնչին ընկնող ամերիկյան օգնությամբ Հայաստանը գրավում է առաջին տեղը:
Խանդավառվում են, որ մեր երկիրն այն քչերից է, որն ընդգրկվել է «Հազարամյակների մարտահրավերներ»
հսկայական գումարներ խոստացող ամերիկյան ծրագրում: Իրաք հայկական զորախումբ ուղարկելը,
իհարկե, սխալ է: Բայց այդ դեպքում սխալ կամ առնվազն անբարոյական է նաեւ ԱՄՆ-ի եւ
ՆԱՏՕ-ի կողմից առատորեն տրամադրվող նյութական օժանդակությունն ընդունելը: ՏԻԳՐԱՆ
ԱՎԵՏԻՍՅԱՆ