Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ

Հոկտեմբեր 15,2004 00:00

Ընդդեմ ենթադրական արվամոլ պաշտոնյաների մամուլում ծավալված արշավին քչերը հանդգնեցին հակադրվել, թերեւս զգուշանալով, որ իրենք էլ կարող են կասկածվել միասեռական հակումների մեջ:

Եւ ընդհակառակը՝ բազում էին անգամ բարձրաստիճան գործիչները, որոնք փորձում էին հնարավորինս խիստ որակումներով դատապարտել այդ երեւույթը՝ տեղիք տալով, որ Հայաստանը մեղադրվի հոմոֆոբիան պաշտոնական մակարդակի հասցնելու մեջ: Եթե մեր պետական այրերին չի մտահոգում, թե այս հայտարարություններին ինչպես կարձագանքի արտերկիրը՝ այսուհանդերձ պիտի ձեռնպահ մնային նման մոլեգին քննադատությունից թեկուզ այն պատճառով, որ գիտականորեն ապացուցված է՝ միասեռականատյաց կեցվածք ունեցողներից շատերն իրենք ունեն միասեռական հակումներ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, թե միասեռական հակումներ ունեցող մարդիկ իրենք բարձրաձայն փորձում են ժխտել այդ երեւույթը բացառապես այն պատճառով, որ հասարակությունը չի ընդունում հոմոսեքսուալիզմը։ Եվ արվամոլներին հրապարակավ դատափետելը նրանց համար հավասարվում է ապացույցի, թե իրենք արվամոլ չեն։

Այնուամենայնիվ՝ ծիծաղելի բանավեճ է սա: Պարզվում է՝ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնյաները կարող են վատ աշխատել, կաշառք վերցնել, չարաշահել ծառայողական դիրքը եւ այլն՝ այս ամենին հասարակությունն արդեն վերաբերվում է «ըմբռնումով»: Բայց բավական է, որ հայտնի դառնա, թե նրանք քնում են ոչ մեծամասնության պես, եւ այդ տեղեկությունը կարող է նրանց արժենալ պաշտոնանկություն: Համենայնդեպս՝ արդեն իսկ հնչում են նման սպառնալիքներ: Դրանք ընթերցելով՝ մնում է միայն զարմանալ, թե ինչպես է, որ Հայաստանում քարուքանդ չեն արել Փարաջանովի թանգարանը՝ չէ՞ որ մարդը բոլոր գեյ-սայթերում նշվում է հռչակավոր արվամոլների շարքում: Կամ ինչպե՞ս է, որ հեռուստաընկերությունները շարունակում են հաղորդել Չայկովսկու կամ Էլթոն Ջոնի համերգները. չէ՞ որ նրանց սեռական կողմնորոշումն էլ է հանրահայտ: Այսուհանդերձ՝ արվամոլներին շարունակում են հիվանդ հայտարարել, թեեւ Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը, որին անդամակցում է նաեւ Հայաստանը, դեռեւս 1991-ին է միասեռականությունը հանել իր ախտերի ու մտային խանգարումների օրենսգրքից։

Ուրիշների անկողինների այս ամոթալի քրքրոցի մեկ այլ արդարացում էլ են գտել, թե իբր սա ազգային անվտանգության հարց է, քանի որ իրենց կողմնորոշումը հրապարակելու սպառնալիքի ներքո՝ տվյալ պաշտոնյաները պատրաստ են գնալ զանազան գործարքների եւ զիջումների: Ի դեպ, հիշեցնենք, որ ժամանակին էլ համանման, սակայն առավել հիմնավոր պատճառաբանությամբ առաջարկվում էր հրապարակել գործակալների անունները: Սակայն չէ՝ գործակալական ցանցը պետական գաղտնիք հայտարարեցին, ու հիմա ոչ ոք չի ընդվզում, երբ անգամ իր գործակալական անցյալը չթաքցնող մարդիկ են հայտնվում ամենաբարձր աթոռներին: Այսուհանդերձ՝ «կոմպրոմատների» մասին փաստարկը կարող է հիմնավոր թվալ մի վերապահումով՝ նման մոլեգին հոմոֆոբիայի մթնոլորտն ավելացնում է դրանց գինը, այսինքն՝ հիմա ենթադրական պաշտոնյա արվամոլները չբացահայտման դիմաց կդրսեւորեն գործարքների ավելի մեծ պատրաստակամություն: Հանգիստ վերաբերմունք լիներ այս այլընտրանքային կողմնորոշման նկատմամբ, ինչպես վայել է ժողովրդավար ու Եվրոպայի խորհրդի անդամ երկրին, որն ընդունում է նաեւ սեփական զուգընկերոջն ընտրելու ազատությունը, այս տեղեկությունները կդադարեին համարվել «կրիմինալ»:

Բայց չէ՝ թեեւ Հայաստանը դեռ 2002-ի դեկտեմբերի 25-ին է իր «Քրեական օրենսգրքից» հանել արվամոլությունը հանցագործություն համարող հոդվածը, այնուամենայնիվ ոստիկանները շարունակում են հետապնդել միասեռականներին: Բնավ ոչ բարոյական նկատառումներից, այլ միայն դրամ շորթելու եւ շանտաժի ենթարկելու համար: Վերջին պնդման հեղինակը Ֆրանսիայի Հայ միասեռականների հասարակական ասոցիացիայի (AGLA) նախագահ Միշա Մերուժանն է, որը հավաստիացնում է, թե իրենց կազմակերպությունը «էլեկտրոնային փոստի միջոցով Հայաստանից անվերջ հաղորդագրություններ է ստանում տեղացի միասեռականներից, որոնք ահազանգում են իրենց դեմ ուղղված ոստիկանական բռնությունների մասին»: AGLA-ն ակցիա է իրականացնում համացանցում՝ «Ասենք ո՛չ հոմոֆոբիային Հայաստանում»: Եվ անցած տարի Ֆրանսիա Ռոբերտ Քոչարյանի այցելության ժամանակ AGLA-ն հուլիսի 17-ին բողոքի ցույց էր կազմակերպել Հայաստանում սեռական փոքրամասնությունների հետապնդումների դեմ: Պարզել էին միասեռականների խորհրդանիշ ծիածանագույն դրոշը, եւ Հայաստանի նախագահի անվտանգության ծառայությունը խնդրել էր թաքցնել այն: Մերժում ստանալուց հետո նախագահի թիկնապահները դիմել էին ֆրանսիացի ոստիկաններին: Եվ ակտիվիստները ձերբակալվել էին:

Թույլ տանք կանխատեսել, որ այս ամբողջ աղմուկի հետեւանքն այն է լինելու, որ շատանալու են ապաստան հայցողները, որոնք հիմնավորումների մեջ կնշեն, թե Հայաստանում պետականորեն հետապնդվում են անգամ սեռական կողմնորոշումները:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել