Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆԼՈՒՐՋ ԵՐԿՐՆԵՐԻ ՇՐՋԱՊԱՏՈՒՄ

Հոկտեմբեր 15,2004 00:00

«Գոնե
այս վերջին 5-6 տարվա ընթացքում իսկապես չեմ լսել, որ մի լուրջ երկրի կողմից ասվի,
թե ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-
հայտարարել էր ԱԳ նախարարը խորհրդարանական ամբիոնից: Վարդան Օսկանյանի համոզմամբ՝
ձեւակերպումներում զգույշ են հատկապես այն երկրները, որոնք «գիտեն բանակցությունների
բովանդակությունը եւ իսկապես չեն ուզում նման հայտարարություններով որեւէ ձեւով խոչընդոտել
բանակցությունների ընթացքը»: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր
Դալլաքյանը երեկ լրագրողներին բաժանեց տպագիր 7 էջ կազմող մեջբերումներ տարբեր երկրների
ներկայացուցիչների հայտարարություններից, որոնք, շա՜տ մեղմ ասած՝ խիստ հարցական էին
դարձնում արտգործնախարարի լավատեսության հիմնավորվածությունը: Այսպես՝ Հունաստանի
արտգործնախարար Ի. Մագրիոտիսը 2001-ին Բաքվում հայտարարել էր, թե իր երկիրը կողմնակից
է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի միջազգային իրավական սկզբունքների
հիման վրա եւ, որ Հունաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմնակից է:
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը 2002-ին ԼՂՀ նախագահի ընտրության առնչությամբ հայտարարել
էր, թե պաշտոնական Վաշինգթոնը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
եւ չի ճանաչում ԼՂՀ-ն: Ադրբեջանում Իտալիայի դեսպանն էլի 2002-ին հայտարարել էր.
«Մենք բոլորս գիտենք, որ Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական տարածք է», եւ դարձյալ խոսել
տարածքային ամբողջականության մասին: Հիշատակենք ավելի «թարմ» հայտարարություններ:
2004-ի օգոստոսին Ադրբեջան այցի ընթացքում Իրանի նախագահ Խաթամին հայտարարեց, որ
Իրանը Լեռնային Ղարաբաղը համարում է ադրբեջանական տարածք, եւ վերահաստատեց, թե դատապարտում
են Հայաստանի ագրեսիան: ԵԱՀԿ մամուլի ծառայությունն այս տարվա օգոստոսին ԼՂՀ-ում
տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների առնչությամբ փոխանցեց «Թուրան»
գործակալությանը, թե ԵԱՀԿ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմնակից է եւ
չի ճանաչում ԼՂՀ-ն: Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովը 2004-ի օգոստոսին ասուլիսում
ԼՂ-ում զինվորական վարժանքների մասին տրված հարցին ի պատասխան՝ ազդարարեց, որ ՌԴ-ն
ամբողջովին տարածքային ամբողջականության սկզբունքի կողմնակիցն է: 2004-ի օգոստոսին
ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը Բաքվում եւս մեկ անգամ հանդես եկավ համանման
հայտարարությամբ: Գերհարդ Շրյոդերը 2004-ին Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ազդարարեց,
թե Գերմանիան աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորմանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության
շրջանակներում, եւ այդ դիրքորոշումն անփոփոխ է: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Ռոջեր
Բլաթմանը դարձյալ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ նշեց, թե իր երկիրը չի ճանաչում ԼՂՀ
անկախությունը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կողմնակից է: Կարող
էինք շարունակել մեջբերումները, որոնք նույնն են նաեւ Չինաստանի, Դանիայի ու Բուլղարիայի
համար: Ի դեպ, վերջինիս դեսպան Պալչեւը 2004-ի սեպտեմբերին անգամ հայտարարեց, թե
Ղարաբաղին որեւէ կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի գործն է: Ուշադրություն
դարձրեք՝ այս բոլոր հայտարարություններն արված են վերջին 5-6 տարում, որոնց մասին
խոսում էր պրն Օսկանյանը: Եվ այս երկրներից եւ որեւէ մեկին հնարավոր չէ անվանել անլուրջ:
Նաեւ հնարավոր չէ ենթադրել, թե նրանցից եւ ոչ մեկը՝ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ
երկրները տեղյակ չեն բանակցություններից: Այս ամենն էր ստիպել Վիկտոր Դալլաքյանին,
որ ԱԳ նախարարի այս հայտարարությունները համարի «Շաբաթվա զորավոր մտքեր»: «Արդարության»
քարտուղարի գնահատմամբ՝ Օսկանյանի այս հայտարարությունները վկայում են, թե նա պատրաստվում
է հրաժարականի. «Եվ փորձում է հեռանալ հաղթողի լուսապսակով»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, Վիկտոր Դալլաքյանը որպես «Շաբաթվա
զվարճանք» ներկայացրեց «Ոստիկանության կարգապահական կանոնագրքի» քննարկումները: Այս
օրինագծի 6-րդ հոդվածում նշված է. «Ոստիկանության ծառայողը պարտավոր է լինել ազնիվ,
աննկուն տանել ծառայության բոլոր դժվարությունները եւ զրկանքները, ծառայողական պարտքը
կատարելիս չխնայել ուժերը»: «Այսինքն՝ մահակով ծեծելու ընթացքում»,- մեկնաբանեց պրն
Դալլաքյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել