Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՍՍԵՐԻ»

Հոկտեմբեր 14,2004 00:00

«ՄԻՍՍԵՐԻ» ՄԱՍՆԱԳԵՏԸ ՆՈՐԻՑ ԳՈՐԾԻ ՄԵՋ Է Նախկին փոխնախարար Կարեն Արիստակեսյանը հույս ունի, որ իր կարիքը դեռ կզգան մշակույթի նախարարությունում Հոկտեմբերի 14-ին՝ էրեբունի-Երեւան տոնակատարության շրջանակներում, առաջին անգամ կանցկացվի «Միսս Երեւան» գեղեցկության մրցույթը: Կազմակերպիչներն են «Միսս Հայաստան» գործակալությունը, «Ռուսսո Փրոդակշնը» եւ Երեւանի քաղաքապետարանը: «Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը երեկվա ասուլիսում վստահեցրեց, որ մրցույթին կմասնակցեն 18-24 տարեկան, 1մ 70սմ հասակով, մարմնամասերի 90-60-90 համամասնությամբ 12 աղջիկ եւ եւս 2-ը՝ արտամրցութային կարգով: Նրա համոզմամբ, «Միսս Երեւանի» մասնակիցները անհամեմատ գեղեցիկ են անցյալ տարվա «Միսս Հայաստանի» աղջիկներից: Պրն Արիստակեսյանը խոստացավ, որ «Միսս Երեւանը» ոչ թե զուտ մրցույթ, այլ շոու կլինի, որի ժամանակ ելույթ կունենան հայկական էստրադայի լավագույն ներկայացուցիչները: Ի թիվս այլ նոմինացիաների («Միսս համերաշխություն», «Միսս հմայք» եւ այլն), սահմանված է եւս մեկը՝ «Միսս մամուլ»: Հետաքրքրվեցինք՝ հատկապես Երեւանի ո՞ր համայնքներից են ավելի շատ աղջիկներ դիմել մասնակցության համար: Գործակալության նախագահի խոսքերով՝ ամենաակտիվը Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն եւ Շենգավիթ համայնքներն են: Ճիշտ է, աղջիկներից ոմանք վարանում էին գալ մրցույթի գրասենյակ, ու որոշ «բացատրական աշխատանքից» հետո միայն համարձակվեցին «չափել» իրենց գեղեցկությունը: «Առավոտին» հետաքրքրում էր ժյուրիի կազմը եւ արդյո՞ք այնտեղ ընդգրկված են գործարար-պատգամավորներ (անցյալ տարի, օրինակ, «Միսս Հայաստանի» ժյուրիի կազմում էր ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը, ինչն, ի դեպ, կազմակերպիչները մրցույթից առաջ հերքում էին-Գ.Հ.): «Այս տարի պատգամավորներ չունենք: Ժյուրիի կազմում են մշակույթի գործիչներ, ի պաշտոնե՝ «Միսս Հայաստան» գործակալության նախագահը, «Միսս Թբիլիսին», նույն քաղաքի մոդելային գործակալության ներկայացուցիչը եւ հյուրեր»,- պարզաբանեց Կ. Արիստակեսյանը: Ասաց նաեւ, որ «Միսս Երեւանի» հաղթողը կմասնակցի «Միսս Հայաստան» մրցույթին: Խոստումներ հնչեցին, որ իբր ամեն ինչ կարվի «Միսս Հայաստանի» այս տարվա հաղթողի մասնակցությունը «Միսս աշխարհին» ապահովելու, ինչի համար անհրաժեշտ է հարուստ հովանավոր գտնել, որը համաձայնի վճարել մոտ $12 հազար: Թուրքիայում հնչեցրած իր հայտնի ելույթի պատճառով պաշտոնանկ արված Կարեն Արիստակեսյանը ժամանակին խոստացավ, որ զբաղվելու է գիտությամբ: Երեկ էլ մոտավորապես նույն պատասխանը հնչեց. «Դիսերտացիայիս վրա եմ աշխատում: Թեման՝ «Պարույր Սեւակի քերթության արվեստը»: Նաեւ որոշակի օրենսդրական նախաձեռնություններ եմ ներկայացրել մշակույթի ոլորտի բացերի վերաբերյալ: Չեմ դադարեցրել աշխատանքս էդ ուղղությամբ եւ կարծում եմ, որ շատ անելիք կա մշակույթի ոլորտում, այն իրավական առումով կարգավորման կարիք ունի»: Հարցին՝ մշակույթի նոր նախարարից որեւէ առաջարկություն դեռ չի՞ ստացել, նախկին փոխնախախարը պատասխանեց. «Ես չեմ սպասում նման առաջարկությունների: Երբ կարիքս կզգան, երեւի հրավիրեն: Անհամեստ թող չհնչի, մարդիկ կարող են տարբեր կերպ մեկնաբանել արածս, բայց ժամանակը ցույց կտա, թե ով ինչ է արել եւ ինչքան ներդրում ունի մշակույթի ոլորտում: Ապագայում էլ պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ»: «ՕԵԿ-ին կամ մեկ այլ կուսակցության անդամակցելու առաջարկություն դեռ չե՞ք ստացել» հարցի առնչությամբ էլ պրն Արիստակեսյանն ասաց. «Կուսակցական չեմ, չեմ էլ եղել: Որեւէ կուսակցության անդամակցելու առաջարկ այս ընթացքում չեմ ստացել»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել