Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԱՐՎԵՆՔ

Հոկտեմբեր 14,2004 00:00

ՀՐԱԺԱՐՎԵՆՔ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ Մեր երկրի արտաքին քաղաքականությունը արտաքին գործերի նախարարի բերանով վերջապես ստացավ իր ձեւակերպումը: Անհասկանալի կոմպլեմենտարիզմը վերջապես հստակեցվեց եւ դարձավ հասկանալի, այն քաղաքականություն է՝ ուղղված առաջադեմ աշխարհի ընդունած խաղի կանոնների դեմ, այն քաղաքականություն է՝ ընդդեմ ինտեգրացիայի, քաղաքականություն է, որը պետք է ապացուցի աշխարհին, որ հնարավոր է ապրել այնպես, ինչպես մենք ապրում ենք: Եվ այս, այսպես կոչված, քաղաքականությունը վերջին տարիների ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին գործընթացների պսակն է: Այդ գործընթացները միայն այսպիսի ավարտ կարող էին ունենալ: Պարզունակ նացիոնալիզմը, հարեւանների մասին ֆիդայական պատկերացում ունենալը, դիվանագիտությունը խաբեության հետ խառնելը այլ ավարտի չէին կարող հանգեցնել: Եվ այս ավարտը կարող է գալիք պատմությունների սկիզբ դառնալ: Բոլորովին էլ պատահական չէ, որ այս քաղաքականությունը հայտարարվում է Օսկանյանի բերանով: Նա պատրաստ է ցանկացած բան հայտարարել, ցանկացած քաղաքականության ծառայել: Մի քանի տարի առաջ նա Լեւոն Տեր- Պետրոսյանի քաղաքականության արտահայտիչն էր, մի քաղաքականության, որն ընդհանուր ոչինչ չունի այսօրվա հետ, հետո շատ հեշտությամբ դարձավ Ռոբերտ Քոչարյանի կոմպլեմենտարիզմ որդեգրած քաղաքականության արտահայտիչ, այսօր հանդես է գալիս ինտեգրացիայի դեմ, հայտարարելով, որ հարյուր տարի էլ մենակ կապրենք: Օսկանյանը կարող է եւ իրավունք ունի այսքան անհետեւողական լինելու: Չէ՞ որ նա ժամանակին ընտրվել է որպես պետական պաշտոնյա՝ ոչ թե իր սկզբունքայնության ու հետեւողականության շնորհիվ, այլ՝ որ անգլերեն գիտի եւ կարող է առանց թարգմանչի բացատրվել: 90-ականների սկզբին շատերին էին ընտրում նման չափանիշներով, առանց հաշվի առնելու նրանց ով եւ ինչ լինելը: Նախկին խորհրդային մանր ու մեծ չինովնիկները դարձան անկախ Հայաստանի պաշտոնյաներ, որի հետ որեւէ հոգեւոր կապ չունեին եւ չէին էլ կարող ունենալ, բայց բյուրոկրատի իրենց փորձով պատրաստ էին եւ են ծառայել ցանկացած տիրոջ եւ ցանկացած ուժեղի, բայց ոչ Հայաստանի Հանրապետությանը, քանի որ այդ Հանրապետությունը ուժեղ չի, թույլ է, եւ այդ Հանրապետության կամքով չէ, որ այս կամ այն պաշտոնյան պետք է մնա կամ չմնա իր պաշտոնին: Կամք դրսեւորում է միայն տերը: Իհարկե, այս նշանակումները գուցե եւ արվում էին որպես անցյալի եւ ներկայի միջեւ եղած հակասության վերացում, որպես, վերջին հաշվով, քաղաքացիական համերաշխության դրսեւորում: Ո՞վ կարող էր մտածել, որ սրանք ընդամենը ճարպիկ թոկից փախածներ են եւ ոչ անցյալի ներկայացուցիչներ, որ սրանք ոչ անցյալ են ներկայացնում, ոչ էլ ներկա, որ սրանց համար գաղափարը եւ հավատը սեփական բարեկեցությունն է եւ սրանցից դուրս այլ գաղափար եւ հավատ չունեն: Սրանք անցյալում էլ կային ոչ որպես հավատավորներ, այլ որպես ճարպիկ աճպարարներ, սա է պատճառը, որ այդքան թեթեւորեն հրաժարվեցին այն դրոշից, որ իրենց լինելության գրավականն էր: Ցավալի է, որ նրանք Հայաստանի Հանրապետություն կերտողներին ընդամենը ճամփակիցներ լինելու փոխարեն, աննկատ խցիկ սողոսկելով՝ գրավեցին մեքենավարների տեղերը, հասցնելով մեզ մեր այսօրը, որն այնքան նման չէ մեր երազանքին: Ձեւավորվեց տեսք ու տեսակ չունեցող չինովնիկների եւ ծառայամիտների մի անդեմ ու հսկա բանակ, որն այսօր ձեւավորում է մեր իրականությունը ըստ իր պատկերի, կերտում մեր ներքին ու արտաքին կյանքը, ներկայացնում մեզ աշխարհին: …Եվ մենք ներկայանում ենք խեղճ ու չունեւոր աղքատի հոգեբանությամբ, թանկարժեք կոստյում հագած, սոված հայացքով շրջապատին նայող, մի բան թռցնելու պատրաստ սրիկայի կերպարանքով: Մեր պառլամենտի անդամների հավաքական մտքի թվային արժեքը անհուսորեն ձգտում է զրոյի եւ մի քանի հայտնի բացառությունները զրկված են դերակատարում ունենալու հնարավորությունից: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ամենագործողը «Սողալ եւ սողոսկել» կամ «Սողալով սողոսկել» կարգախոսներն են: «Սա է ձեւը»՝ լսում ես ամեն անգամ զգաստության կոչ անելիս: Եվ համատարած այս անդեմության ֆոնին ինչպե՞ս չհայտարարես, որ XXI դարում կարող ես ապրել առանց ճանապարհների, գազատարների եւ նավթատարների, ինչո՞ւ չհայտարարես, որ լավ էլ ապրում ու զարգանում ես, եւ պատրաստ ես այսպես շարունակել: Իհարկե, մենք կարող ենք փակել մեր դռները աշխարհի առաջ: Բայց աշխարհը զարգանում է իր կանոններով եւ մեզ չի սպասում, մարդիկ տիեզերական խնդիրներ են լուծում, մենք մեզ գամել ենք միջնադարին: Այս ամենը անտեսել՝ նշանակում է հայտնվել մի այսպիսի փակուղում, որտեղից դուրս գալը կամ դժվար է լինելու, կամ անհնարին: Ապրել՝ կտրված հարեւաններից, պատերազմելով կամ թշնամանալով նրանց հետ, առանց բարեկամի ու խաղաղության հույսի եւ այսպես տարի առ տարի՝ թողելով մեր սերունդներին էկոլոգիական աղետի ենթարկված, պատերազմող եւ առանց կոմունիկացիաների հայրենիք: Ահա թե ինչ է մեզ սպասում, եթե չզգաստանանք եւ ետ չկանգնենք փակուղի տանող այս ճանապարհից, եթե չհրաժարվենք այս հանցավոր անպատասխանատվությունից: ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել