Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 14,2004 00:00

«ԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆՔԱՆ, ԻՆՉՔԱՆ ԹՈՂՆՈՒՄ ԵՆ» Ասում է Արա Աբրահամյանը «Երեք տարի է, ինչ փորձում եմ ստեղծել մի այնպիսի տնտեսական կառույց, որը կաշխատի արտերկրում ապրող հայերի համար»,- երեկ լրագրողներին ասաց Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Եռամյա ջանքերն ինչ-որ արդյունք տվել են, բայց՝ դրսում. տարբեր երկրներում կոնգրեսն ստեղծել է մասնաճյուղեր, մասնակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ՄԱԿ-ի մի շարք ծրագրերի: Սակայն մեր երկրի ղեկավարության հետ փոխհամագործակցության պայմանագիր առայսօր չի կնքվել: «Մենք չպետք է անջատ-անջատ գործենք, ինչպես հիմա ենք աշխատում, պետք է ձեւավորենք մի կառույց, որն այստեղ կկոորդինացնի մեր ծրագրերը»,- տեղեկացրեց Ա. Աբրահամյանը: Ըստ նրա, հայրենիքում շատ բան կարող են անել, բայց «անում ենք այնքան, ինչքան թույլ է տալիս Հայաստանի ղեկավարությունը», որովհետեւ «պետք է առաջ շարժվել, ոչ թե «տՏ տՏվ255ՑՌ254», այլ՝ օրենքով»: Համաշխարհային հայկական կոնգրեսը բացվեց մեկ տարի առաջ՝ Մոսկվայում, Վ. Պուտինի եւ Ռ. Քոչարյանի մասնակցությամբ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպես է գնահատում Ա. Աբրահամյանը կոնգրեսի եւ երկու երկրների ղեկավար մարմինների հետ փոխհարաբերությունները: Պարոն Աբրահամյանը պատասխանն ամբողջությամբ կառուցեց իր անձի շուրջ. «Ես ոչ մի բանի կարիք չունեմ, փառք Աստծո, ես միայն ուզում եմ, որ Հայաստանի ժողովրդի պետականությունը լավ լինի եւ իմ անձնական հարաբերությունները չեն կարող ազդել Ռուսաստանի հայերի միության ու կոնգրեսի հարաբերությունների վրա: Մենք մեր գործն անելու ենք անկախ նրանից, թե ինչ-որ մարդիկ այստեղ, ով ուզում է լինի, ցանկություն ունեն, թե՝ չունեն: Որովհետեւ դա չի արվում իմ շահերի համար, այլ ինձնից խլում է ժամանակ ու գումարներ, որոնք ես կարող էի օգտագործել ինձ համար: Սա ճանապարհի փակման պես մի բան է, որ այսօր կփակեն, վաղը՝ կբացեն: Ամենահեշտն այսօր նեղանալն ու դուրս գալն է»: Անմեղ ասված խոսքի տողատակում անգամ ակնհայտ է, որ ինչ-որ մարդիկ «նեղացնում» են Ա. Աբրահամյանին: Դրա վկայությունն է նաեւ մեր կառավարության հետ կոնգրեսի ոչ սերտ համագործակցությունը: «Առավոտը» հետաքրքրվեց նաեւ, թե միության նախագահը մտադրություն ունի՞ «տեղավորվել» Հայաստանի ներքաղաքական կյանքում: Պատասխանն այսպիսին էր. «Ես Հայաստանի կյանքին մասնակցում եմ այնքան, ինչքան հնարավորություն ունեմ: Քաղաքական կյանքն ինձ չի հետաքրքրում: Որպես Արա Աբրահամյան, ես չեմ պատրաստվում որեւէ բանի, եւ չեմ տեսնում այդ դաշտում ինչ-որ եռուզեռ, ինչ-որ մեկը չի սպասում որեւիցե մեկին կամ էլ՝ հերթ չկա, որ ես գնամ՝ հերթ կանգնեմ»: Չմոռանանք, որ վերջին խորհրդարանական ընտրությունների նախօրեին Ռուսաստանի հայերի միությունը $50 մլն օգնություն բաժանեց հայրենիքում՝ համակարգիչի, տրակտորի, ցորենի ու պարարտանյութի տեսքով: Օգնությունը բաշխվեց ՀՌԱԿ-ի միջոցով, որը մեծ հույսեր ուներ հավաքել 5% ձայն ու մաս կազմել խորհրդարանում: Ինչը չեղավ, փոխարենը տեղն ազատեց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը: Չմոռանանք նաեւ, որ նախագահական ընտրություններում միությունը քարոզչություն էր կազմակերպել՝ հօգուտ Քոչարյանի: Չնայած այդ ամենին, Ա. Աբրահամյանը երեկ ասաց. «Քաղաքական կյանքն ինձ չի հետաքրքրում»: Այս օրերին պրն Աբրահամյանի կազմակերպության նախաձեռնությամբ տեղի են ունենում մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ Համահայկական տնտեսական ֆորումը: Պարզվում է, սփյուռքահայ գործարարների մեծ ցանկությունը՝ հզորացնել հայրենիքը, չի նվազել, պարզապես չկա կառույց, որը կհամակարգի բիզնես ծրագրերը եւ ուղղությունները: «Այդ գործով զբաղվող բոլոր կազմակերպությունները, իրենց կամքից անկախ, առանձնացված են իրարից, որովհետեւ կուսակցական շահեր կան, կրոնական ազդեցություններ, միութենական շերտավորումներ: Հարյուրավոր տարիներ Սփյուռքն այդպես է ապրել եւ մեկ օրվա մեջ ոչինչ չես փոխի, տարիներ են պետք: Մենք նույնիսկ տեղեկություն չունենք, թե ինչ փոփոխություններ են լինում տնտեսական դաշտում, գնացող-եկողի պատմածով ենք իմանում»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց ամերիկահայ գործարար Վահե Կարապետյանը: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել