Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոեւէ

Հոկտեմբեր 14,2004 00:00

«Ոեւէ ճնշում չկա» «Արդարություն» խմբակցության անդամ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը երեկ կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղելով ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին՝ «տագնապալի» որակեց Արցախի խնդրի կարգավորման վիճակը՝ փաստարկելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, որ Արցախը երբեւիցե չի ստանալու անկախություն, ու նաեւ այն տեղեկությունը, թե Ալիեւն ամերիկացիների հետ պայմանավորվել է հայկական զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքներում զորքեր տեղակայելու մասին: ԱԳ նախարարն ի պատասխան, մասնավորապես, նշեց. «Դուք ուշադրություն եք դարձնում Ալիեւի ասածներին, բայց կխնդրեի, որ ավելի ուշադրություն դարձնեք մե՛ր ասածներին: Որովհետեւ եթե այդ գործընթացում ինչ-որ մեկը մեկին բան պիտի տա՝ մե՛նք պետք է տանք, քանի որ Ղարաբաղն արդեն մերն է եւ մեր հայտարարությունն այստեղ առավել գերակշիռ է: Մենք Ղարաբաղը ոեւէ մեկին չենք տալիս՝ այն անկախ է եւ Ղարաբաղը երբե՛ք չի լինելու Ադրբեջանի կազմում: Կարծում եմ, որ կոնկրետ այս առումով իսկապես կան դրական տեղաշարժեր: Դրա վառ ապացույցներն են «Ընդհանուր պետություն» առաջարկը, ամբողջ քիուեսթյան գործընթացը եւ առավել եւս՝ այն տրամադրությունները, որ այսօր գերիշխում են միջազգային հանրության մեջ… Կարող եմ՝ որպես այդ ամբողջ գործընթացի ամփոփում, ասել, որ այսօր Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չլինելու հանգամանքն իրական է, եւ միջազգային հանրությունը դրան նայում է շատ նորմալ: Չի նշանակում, որ դա իրենց կողմից հրապարակայնորեն հաստատվելու է, բայց որ նրանք այդ տարբերակը շատ իրական են համարում՝ կարող եմ այստեղ հայտարարել ամենայն պատասխանատվությամբ: Իսկապես համոզված եմ, որ մեզ համար դրական են զարգացումները. Հայաստանի վրա այսօր ոեւէ ճնշում չկա՝ լուծման այս կամ այն տարբերակով գնալու»: Վարդան Օսկանյանը նաեւ ասաց, թե իրական չի համարում հայկական ուժերի կողմից հսկվող տարածքներում ամերիկյան ռազմակայանների տեղակայման հեռանկարը. «Կարծում եմ, որ ԱՄՆ-ն չի գնա այդպիսի քայլի: Ես ուղղակի նույնիսկ չեմ հավատում, որ այդպիսի հարց քննարկվում է»: Միջազգային հանրությունը հրապարակավ հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Արամ Սարգսյանը խնդրեց մատնանշել գոնե մի երկրի անուն, որի դիրքորոշումն այդպիսին չէ, եւ առաջարկեց, որ Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը: «Կարելի է այդ հարցը քննարկել»,- վերջին առաջարկին արձագանքեց ԱԳ նախարարը: Բայց այդպես էլ որեւէ երկրի անուն չնշեց՝ կրկնելով, թե պետք չէ ակնկալել, որ որեւէ պետություն «այս պահին» հրապարակավ կանի հայտարարություն, թե ԼՂ-ն տեսնում է Ադրբեջանի կազմից դուրս. «Բայց մյուս կողմից՝ հակառակն էլ չի արվում: Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ երբ այլ երկրներ խոսում են տարածքային ամբողջականության մասին՝ շատ զգույշ են ձեւակերպում իրենց մտքերը: Գոնե այս վերջին 5-6 տարվա ընթացքում իսկապես չեմ լսել մի լուրջ երկրի կողմից ասվի, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել