Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սփյուռքը

Հոկտեմբեր 14,2004 00:00

«Սփյուռքը իներցիոն մտածողությամբ վարվեց» Մշակութաբան, փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը կողմ է Իրաք զորախումբ ուղարկելուն – Հայաստանյան քաղաքական եւ հասարակական շատ գործիչներ դեմ են մեր գումարտակը Իրաք ուղարկելուն: Դուք ի՞նչ կարծիքի եք: – Ես կողմնակից եմ, որ մենք ուղարկենք որոշակի քանակություն մեր զինված ուժերից. բացատրեմ՝ թե ինչու: Վաղ թե ուշ պետք է հասկանալ, որ պետությունն ունի իր շահերը, որ պետությունը պետք է մտնի միջազգային ասպարեզ նաեւ այսպես, իսկ Սփյուռքը եւ անհատները, որոնք գտնում են, թե մեր այս քայլով լրացուցիչ սպառնալիքներ կվերցնենք մեր ուսերին, առանձին մտահոգության հիմք չունեն: Չեմ պատկերացնում մեր մի քանի զինվորական մասնագետներին ակտիվ գործողությունների մեջ: Իրաքում գտնվող մեր խաղաղապահները ցույց կտան, որ հայ ժողովուրդն էլ ունի բանակ: Հազարամյակ շարունակ մենք բանակ չենք ունեցել, ինչի համար միշտ դրանից տառապել ենք, գլուխներս կախ է եղել: Ինչո՞ւ եմ պատկերացնում զորքը հենց Իրաքում: Մեծ Արեւելքը փոխվելու է, եւ դա երեւում է մինչեւ անգամ Երեւանում: ԱՄՆ կառավարությունը կառուցում է հսկա դեսպանատուն, վերլուծական կենտրոն, որը պետք է սպասարկի նաեւ այս տարածաշրջանը: Բազմիցս հայտարարվել է, որ տարածաշրջանն էլ է փոխվելու: Ինչպե՞ս կմտնի Հայաստանը այդ «միջավայր» (տնտեսական, քաղաքական): Խիստ արդիական հարց է: Շրջափակումը ցույց է տալիս, որ Հայաստանը այդպես երկար գոյատեւել չի կարող: Դրա համար այսօր Երեւանում ամենամեծ ապրանքը հայրենասիրությունն է: Հայրենասիրությունն է տնտեսությունը տանում առաջ, ոչ թե ռեալ իրավական դաշտը կամ, այսպես կոչված, ֆինանսական հաջողությունները: Չգիտես ինչու, Սփյուռքը համարեց կարեւորագույն խնդիր ԱՄՆ-ում նոր նախագահական ընտրություններին Ցեղասպանության հարցը բարձրացնելը: Մեծագույն հարցը Հայաստան երկրի համար, որպես անկախ պետության, նրա զարգացումն է: Կան ներքին եւ արտաքին խոչընդոտներ: Ու այդ արգելքների հանրագումարը պետք է ներկայացնեն նոր թեկնածուներին: Իսկ Սփյուռքն իներցիոն մտածողությամբ վարվեց: – Այնուամենայնիվ, ի՞նչ պիտի անի մեր զորքն Իրաքում: – Հայ խաղաղարար զորքերն Իրաքում կարող են պաշտպանել մեր դիրքը ԱՄՆ-ում, եթե իշխանության գա Ջորջ Բուշը: Այն սխալը, որ Սփյուռքը գործել է ԱՄՆ-ում՝ առաջ քաշելով Ցեղասպանության խնդիրը, երկրորդային է դառնում արտագաղթի ճանապարհը բռնած ՀՀ քաղաքացիների դեպքում: Նրանք արտագաղթում են, որ մի կերպ գոյատեւեն ուրիշ երկրներում, որպեսզի նսեմանան: Արտագաղթած հայերից շատերն էլ չեն կարող զարգացնել իրենց բիզնեսը, քանի որ անպայման գումարներ պետք է ուղարկեն այստեղ՝ իրենց հայրենակիցների համար: Ես չեմ ակնարկում առանձին մեծահարուստներին եւ չեմ խոսում ինչ-որ ֆոնդերի մասին: Ասում եմ այն, ինչ կանք, ինչն այսօր գոյություն ունի: Հայաստան պետությունը որպեսզի դառնա բարեկեցիկ եւ զարգացած, պետք է հասկանա՝ ինչ է կատարվում ներսում, տարածաշրջանում եւ աշխարհում: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել