Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՐԲԻՆՅԱՆԱԿԱՆ

Հոկտեմբեր 14,2004 00:00

«ԴԱՐԲԻՆՅԱՆԱԿԱՆ ՋԵՐՄՈՑՈՒՄ ԱՃԱԾ ԴԵՄԱԳՈԳ» Այսպես են որակել Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանին Արթիկի շրջանային կոմիտեի պլենումում, որը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, անվստահություն է հայտնել պարոն Թովմասյանին: Նույնատիպ որոշումներ են կայացրել նաեւ մի շարք այլ շրջանային եւ քաղաքային կոմիտեներ: Կոմունիստ «ներքեւների» ըմբոստությունը վերեւների դեմ պայմանավորված է կենտկոմի բյուրոյում կանոնադրական խախտումով. առանց իրենց ներկա գտնվելու՝ կենտկոմի բյուրոյի անդամներ Սանատրուկ Սահակյանին, Նորիկ Պետրոսյանին, Խորեն Սարգսյանին կուսակցության շարքերից հեռացնելով: Հիշեցնենք, որ վերոհիշյալ ընկերները, ինչպես նաեւ Արթիկի շրջկոմի առաջին քարտուղար Պավել Գրիգորյանը հունիսի 12-ին տեղի ունեցած ՀԿԿ պլենումում Ռ. Թովմասյանին մեղադրել էին իշխանությունների հետ ստվերային կապեր հաստատելու մեջ: Ի դեպ, նույն մեղադրանքով պաշտոնանկ արվեց նաեւ ՀԿԿ նախորդ առաջնորդ Վլադիմիր Դարբինյանը: Այս համատեքստում Ռ. Թովմասյանի մասով Արթիկի շրջկոմի պլենումի որոշման մեջ գրված է. «Նույն Դարբինյանի ակնհայտ աջակցությամբ եւ իշխանությունների միջամտությամբ քարտուղար ընտրվելով՝ Ռ. Թովմասյանը 2003 թ. նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին սկսված ու ավարտված հաշվետու ժողովների արդյունքները պարտավոր էր անհապաղ ներկայացնել կուսակցության հերթական համագումարին, բացահայտել ձախողումների պատճառները, հասցեագրված քննադատել մեղավորներին, որոնց զգալի մասը հայտնի է, ուրվագծել կուսակցության անելիքներն առաջիկա տարիներին: Միտումնավոր համագումար չի հրավիրում, եւ փաստորեն կուսակցությունը շուրջ մեկ տարի մատնված է պարապուրդի եւ անգործության: Այդ ընթացքում փակվել են կոմկուսի հայկական եւ ռուսական պաշտոնաթերթերը: Տպագրված հատուկենտ համարներում հրապարակվել են զգալի թվով հակակոմունիստական հոդվածներ, պախարակվել են կուսակցության առաջնորդները, նույնիսկ Լենինը: Ընդհատվել է կուսակցության ղեկավար մարմնի, կուսակցական կառույցների, կոմունիստների եւ ժողովրդի միջեւ կապը»: Պլենումում նշվել է, որ հենց այդ պատճառով էլ կոմունիստները հրաժարվում են բաժանորդագրվել թերթերը, չեն մուծում անդամավճարներ եւ «ինչպես հարկն է՝ չեն համալրվում կուսշարքերը», ուստիեւ՝ «չի նշմարվում կուսակցության արժանի տեղն ու դերը՝ ժողովրդի համազգային ընդվզումը գլխավորող քաղաքական ուժերի շարքում»: Այս ամենից հետո Արթիկի ՀԿԿ պլենումը վրդովմունք է արտահայտել, որ կենտկոմի պլենումը հավանություն է տվել Թովմասյանի մեկամյա գործունեությանը եւ վարած քաղաքական կուրսին, նրան հասցեագրված «անհերքելի մեղադրանքները համարել զրպարտչական, որոնք, ինչպես գրված է որոշման մեջ՝ չեն բխում կուսակցության շահերից: Ըստ Թովմասյանի, ստացվում է, որ կան կուսակցության շահերից բխող զրպարտանքներ»,- եզրակացնում են արթիկցի կոմունիստները: Նրանք նաեւ գտնում են, որ Թովմասյանն ինքը հաստատել է «իշխանությունների հետ ստվերային եւ շահասիրական կապերի արգահատելի իրողությունը»՝ վկայակոչելով պրն Թովմասյանի՝ «Հայոց աշխարհ»-ում հրապարակված կարծիքը. «Հիմա արդեն բոլորին պարզ է, որ Խորենի եւ Նորիկի ջանքերով բազմաթիվ ազնիվ ու փորձառու կոմունիստներ հեռացվեցին կուսակցությունից: Հրանտ Ոսկանյանին, Յուրի Մանուկյանին, մյուսներին դուրս թողնելով կուսակցությունից՝ նրանք իրենց ճանապարհն էին հարթում դեպի իշխանություն»: Ի դեպ, պարոն Թովմասյանը, չնայած հարցի յուրահատկությանը, հրաժարվել է մասնակցել պլենումի աշխատանքներին: «Վերեւի» պատվիրակության ղեկավարներ Ֆրունզե Խառատյանը եւ Գյումրիի քաղկոմի առաջին քարտուղար, քաղաքապետի առաջին տեղակալ Պավել Գրիգորյանը չկարողանալով դիմակայել քննադատությանը՝ լքել են դահլիճը, ինչը նույնպես կանոնադրության խախտում է: Պլենումը պահանջել է կազմել կենտկոմի եւ կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի համատեղ խումբ, մեղադրող կողմի մասնակցությամբ կատարել մեղադրանքների ուսումնասիրություն, արդյունքները քննարկել համագումարում: Այս ամենի առիթով խնդրեցինք նաեւ Ռ. Թովմասյանի մեկնաբանությունները: Նա ցանկացավ խոսել մեր թերթում փաստերի հրապարակումից հետո միայն, ինչից կարելի է ենթադրել, որ նա իր կուսակցության տարբեր կառույցների պլենումների որոշումներին տեղեկանում է «Առավոտ» թերթից: Պարոն Թովմասյանը նաեւ տեղեկացրեց, որ օրերս բյուրոն կորոշի համագումարի օրը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել