Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կիլիկիան» շուտով կվերադառնա

Հոկտեմբեր 14,2004 00:00

Արդեն
իրականություն է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի «Նավարկություն 7 ծովերով»
ծրագիր-երազանքը: «Կիլիկիա» նավը, որի կառուցման համար պահանջվել է 11 տարի,
6 փոթորիկ է տեսել: «Այաս» ակումբի անդամ Կարեն Դանիելյանը, որն անձնական պատճառներով
փոքր-ինչ շուտ է վերադարձել Երեւան, երեկ «Առավոտին» պատմեց, որ իրենց ողջ ճանապարհորդությունը
բաղկացած է եղել միջադեպերից եւ արկածներից: Անգամ Մարմարայում, որտեղ միշտ խաղաղ
է, փոթորիկի են հանդիպել: Երեկ առավոտյան «Կիլիկիան» դուրս է եկել Դուբրովնիկից
(Խորվաթիա) եւ ուղղվել է Վենետիկ՝ մասնակցելու հոկտեմբերի 17-ին այնտեղ կազմակերպվելիք
ֆիեստային՝ որպես պատվավոր հյուր: Ըստ պրն Դանիելյանի, այդ շքեղ տոնակատարությանը
կմասնակցեն այլ հնագույն նավեր աշխարհի շատ երկրներից: Վենետիկյան շքերթից հետո «Կիլիկիան»
կհանգրվանի տեղի զինվորական թանգարանում: Այնուհետեւ կվերադառնա Հայաստան: «Կիլիկիացիները»
հետաքրքիր հանդիպումներ շատ են ունեցել: Կ. Դանիելյանը առանձնացրեց մի քանիսը: «Երբ
անցնում էինք Վրաստանի սարերով եւ Ռիոնի գետի զուգահեռ ճանապարհով տանում էինք մեր
նավը, հանդիպեցինք մեկ այլ հին նավակի: Պարզվեց Շվեդիայից էր, նա էլ իր ճանապարհորդությունն
էր իրականացնում: Խորհրդանշական էր 2 հնագույն նավերի հայտնվելը լեռներում»,- պատմեց
Կ. Դանիելյանը: Ըստ նրա, «Կիլիկիան» ամենուր ցնծությամբ է ընդունվել. «Նման համախմբում
երեւի մեկ էլ 88-ին է եղել: Հայերի համար ակնհայտ միավորման խթան էր «Կիլիկիան»:
Մենք հաճախ պառակտված ենք կուսակցական, քաղաքական, կրոնական եւ մյուս առումներով:
«Կիլիկիայի» առիթով հրճվանքը համընդհանուր էր եւ «ապակուսակցական»: Հետաքրքիր արձագանք
է ունեցել «Կիլիկիան» օտարազգիների շրջանում: «Շատերը սակավ տեղեկություններ ունեին
Հայաստանի մասին, ու հետաքրքրվում էին՝ որտեղից ենք գալիս: Երբ ասում էինք Արմենիա,
սկզբում չէին հասկանում: Հետո, երբ հասկանում էին, սկսում էին կասկածել իրենց աշխարհագրական
գիտելիքներին՝ եթե ծով չկա Հայաստանում՝ նավը որտեղի՞ց: Հատկապես եվրոպացիներն էին
գնահատում մեր համարձակ նախաձեռնությունները»,- պատմեց պրն Դանիելյանը: Նավի անձնակազմը
ուրույն զգացողություն է ունեցել Կիլիկիային մոտենալիս, մանավանդ որ Թուրքիա մտնելու
վիզա չունեին: Ու երբ խարիսխ են գցել Այասում, որը ժամանակին խոշորագույն նավահանգիստ
էր, հանդիպել են Հայաստանի պատմությանը քաջատեղյակ ֆրանսիացի զբոսաշրջիկների: «Նրանք
մեզ հարցրին. «Դուք գիտե՞ք, որ ժամանակին սրանք հայկական հողեր են եղել, գիտե՞ք,
որ կար Լեւոն 2-րդ Կիլիկիայի թագավոր»: Որոշել ենք գալիք տարի Շերբուրգի կողքով անցնելիս
անպայման այցելել իրենց»,- ասաց Կ. Դանիելյանը՝ խոստանալով «Կիլիկիայի» ճամփորդության
ժամանակ պատահած ուշագրավ այլ միջադեպերին ծանոթացնել հարմար առիթով: Գ.
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել