Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԻՍՍԵՐԻ» ՄԱՍՆԱԳԵՏԸ ՆՈՐԻՑ ԳՈՐԾԻ ՄԵՋ Է

Հոկտեմբեր 14,2004 00:00

Նախկին
փոխնախարար Կարեն Արիստակեսյանը հույս ունի, որ իր կարիքը դեռ կզգան մշակույթի նախարարությունում
Հոկտեմբերի 14-ին՝ էրեբունի-Երեւան տոնակատարության շրջանակներում, առաջին
անգամ կանցկացվի «Միսս Երեւան» գեղեցկության մրցույթը: Կազմակերպիչներն են «Միսս
Հայաստան» գործակալությունը, «Ռուսսո Փրոդակշնը» եւ Երեւանի քաղաքապետարանը: «Միսս
Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը երեկվա ասուլիսում վստահեցրեց,
որ մրցույթին կմասնակցեն 18-24 տարեկան, 1մ 70սմ հասակով, մարմնամասերի 90-60-90
համամասնությամբ 12 աղջիկ եւ եւս 2-ը՝ արտամրցութային կարգով: Նրա համոզմամբ, «Միսս
Երեւանի» մասնակիցները անհամեմատ գեղեցիկ են անցյալ տարվա «Միսս Հայաստանի» աղջիկներից:
Պրն Արիստակեսյանը խոստացավ, որ «Միսս Երեւանը» ոչ թե զուտ մրցույթ, այլ շոու կլինի,
որի ժամանակ ելույթ կունենան հայկական էստրադայի լավագույն ներկայացուցիչները: Ի
թիվս այլ նոմինացիաների («Միսս համերաշխություն», «Միսս հմայք» եւ այլն), սահմանված
է եւս մեկը՝ «Միսս մամուլ»: Հետաքրքրվեցինք՝ հատկապես Երեւանի ո՞ր համայնքներից
են ավելի շատ աղջիկներ դիմել մասնակցության համար: Գործակալության նախագահի խոսքերով՝
ամենաակտիվը Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն եւ Շենգավիթ համայնքներն
են: Ճիշտ է, աղջիկներից ոմանք վարանում էին գալ մրցույթի գրասենյակ, ու որոշ «բացատրական
աշխատանքից» հետո միայն համարձակվեցին «չափել» իրենց գեղեցկությունը: «Առավոտին»
հետաքրքրում էր ժյուրիի կազմը եւ արդյո՞ք այնտեղ ընդգրկված են գործարար-պատգամավորներ
(անցյալ տարի, օրինակ, «Միսս Հայաստանի» ժյուրիի կազմում էր ԱԺ պատգամավոր Հարություն
Փամբուկյանը, ինչն, ի դեպ, կազմակերպիչները մրցույթից առաջ հերքում էին-Գ.Հ.): «Այս
տարի պատգամավորներ չունենք: Ժյուրիի կազմում են մշակույթի գործիչներ, ի պաշտոնե՝
«Միսս Հայաստան» գործակալության նախագահը, «Միսս Թբիլիսին», նույն քաղաքի մոդելային
գործակալության ներկայացուցիչը եւ հյուրեր»,- պարզաբանեց Կ. Արիստակեսյանը: Ասաց
նաեւ, որ «Միսս Երեւանի» հաղթողը կմասնակցի «Միսս Հայաստան» մրցույթին: Խոստումներ
հնչեցին, որ իբր ամեն ինչ կարվի «Միսս Հայաստանի» այս տարվա հաղթողի մասնակցությունը
«Միսս աշխարհին» ապահովելու, ինչի համար անհրաժեշտ է հարուստ հովանավոր գտնել, որը
համաձայնի վճարել մոտ $12 հազար: Թուրքիայում հնչեցրած իր հայտնի ելույթի
պատճառով պաշտոնանկ արված Կարեն Արիստակեսյանը ժամանակին խոստացավ, որ զբաղվելու
է գիտությամբ: Երեկ էլ մոտավորապես նույն պատասխանը հնչեց. «Դիսերտացիայիս վրա եմ
աշխատում: Թեման՝ «Պարույր Սեւակի քերթության արվեստը»: Նաեւ որոշակի օրենսդրական
նախաձեռնություններ եմ ներկայացրել մշակույթի ոլորտի բացերի վերաբերյալ: Չեմ դադարեցրել
աշխատանքս էդ ուղղությամբ եւ կարծում եմ, որ շատ անելիք կա մշակույթի ոլորտում, այն
իրավական առումով կարգավորման կարիք ունի»: Հարցին՝ մշակույթի նոր նախարարից որեւէ
առաջարկություն դեռ չի՞ ստացել, նախկին փոխնախախարը պատասխանեց. «Ես չեմ սպասում
նման առաջարկությունների: Երբ կարիքս կզգան, երեւի հրավիրեն: Անհամեստ թող չհնչի,
մարդիկ կարող են տարբեր կերպ մեկնաբանել արածս, բայց ժամանակը ցույց կտա, թե ով ինչ
է արել եւ ինչքան ներդրում ունի մշակույթի ոլորտում: Ապագայում էլ պատրաստ եմ իմ
ներդրումն ունենալ»: «ՕԵԿ-ին կամ մեկ այլ կուսակցության անդամակցելու առաջարկություն
դեռ չե՞ք ստացել» հարցի առնչությամբ էլ պրն Արիստակեսյանն ասաց. «Կուսակցական չեմ,
չեմ էլ եղել: Որեւէ կուսակցության անդամակցելու առաջարկ այս ընթացքում չեմ ստացել»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել