Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրանցելով՝ քոքը կկտրենք

Հոկտեմբեր 14,2004 00:00

Այդպես են «Եհովայի վկաների» մասին մտածում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը:

«Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գրանցման մասին պատգամավոր Աղասի Արշակյանը երեկ հարց ուղղեց վարչապետին՝ արդյոք Հայաստանը Ֆրանսիայից ավելի՞ եվրոպացի է, որ Ֆրանսիան արգելում է «Եհովայի վկաների» գործունեությունը, իսկ Հայաստանը հերթական «պատմությունն» է ստեղծում։ Վարչապետի պատասխանը բազմաթիվ անհայտով հավասարում էր հիշեցնում. «Այդ հարցին ես անձնապես եմ մասնակցել վերջին չորս տարում եւ հետաձգել դրա ընդունումը (խոսքը աղանդի գրանցման մասին է.- Մ. Ե.)։ Մենք ոչ թե պետք է գնանք արգելելու ճանապարհով, այլ պետք է փորձենք հնարավորություն տալ, եւ տալուց հետո այնպիսի պայմաններ ստեղծենք, հետեւենք, որ եթե նրանք օրենքը խախտում են, մենք կարողանանք օրենքի միջոցով նրանց գործունեությունն արգելել։ Ֆրանսիան այդ ճանապարհով է գնացել»։ Վարչապետը նաեւ զարմանք հայտնեց, որ «մեր հասարակությունը ուշադրություն է դարձնում միայն մեկ աղանդի վրա։ Պակաս վտանգավոր չեն նաեւ մյուս գրանցված աղանդները։ Ուղղակի «Եհովայի վկաները» ցանկանում էին հաշվի չառնել մեր պետության օրենքները, ուժով այդ խնդիրը իրենց համար լուծել։ Մենք դա թույլ չտվեցինք։ Մնացած աղանդները՝ 30-ից ավելի, ավելի վտանգավոր են, քան «Եհովայի վկաները»։ Վարչապետն ասաց, թե պետք է փորձեն օրենքի ուժով պայքարել բոլոր աղանդների դեմ։ Անդրանիկ Մարգարյանն ասաց նաեւ, որ երբ ընդունվեց համապատասխան օրենքը, «մենք շատ անփորձ էինք, շատ դեմոկրատ եղանք։ Այժմ հարկավոր է, մեր իրականությունը հաշվի առնելով, որոշակի շտկումներ կատարել ե՛ւ օրենքում, ե՛ւ եկեղեցու քաղաքականության մեջ, եւ կառավարությունը ընդունված օրենքների շրջանակում իր վարչարարությունը կարողանա օգտագործել»։ Պատգամավոր Աղասի Արշակյանն ասվածից եզրակացրեց. «Գրանցելով՝ դրանց քոքը ավելի շուտ կլինի կտրել եւ ոչ միայն դրանց քոքը պետք է կտրել, այլ մնացած 30-ինն էլ»։

Պատասխանելով «Առավոտի» հարցին, Անդրանիկ Մարգարյանը ոչ մի արտառոց բան չտեսավ նրանում, որ հաջորդ եռօրյայում ԱԺ-ն որոշի ընդհանրապես կես օր աշխատել. «Հավանական է, որ հաջորդ եռօրյայում մեկ կամ մեկուկես օր աշխատեն, մյուս եռօրյայում՝ ընդամենը կես օր աշխատեն։ Այսինքն՝ պարտադիր չէ, որ ԱԺ-ն 16 կամ 18 ժամ աշխատի։ Նրանք ժամավճարով չեն աշխատում։ Մնացած բոլոր երկրներում էլ այնպես չի, որ բոլոր երեք օրերն էլ օգտագործում են։ Աշխատում են այնքան, որքան խնդիրներ գոյություն ունեն»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել