Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեռուցո՞ւմ, թե՞ սառեցում

Հոկտեմբեր 14,2004 00:00

«Անվճար» գազիֆիկացումը Գյումրիի բնակիչների վրա թանկ է նստում

Ինչպես հայտնի է, ջեռուցման հետ կապված ավանդական բողոքներին վերջ տալու ու կառավարությանը հանգիստ թողնելու նպատակով մի քանի ամիս է՝ նախագահի անմիջական նախաձեռնությամբ գազիֆիկացվում է Գյումրիի Անի թաղամասը: Սակայն գազով ջեռուցում ունենալու հեռանկարն անգամ չի դադարեցնում բնակիչների բողոքները: Նրանց ասելով, դարձյալ կասկածի տակ է իրենց տաքանալ-չտաքանալու հարցը, քանի որ «անվճար» գազիֆիկացումը յուրաքանչյուր ընտանիքի վրա «միլիարդ է նստում»: Բնակիչներն անգամ Գյումրիի տոնակատարության օրը, հույս ունենալով հանդիպել նախագահին՝ պատրաստվում էին բողոքի ակցիա կազմակերպել ու հրաժարվել կառավարության «նվերից»: Սակայն սպասվածին հակառակ՝ նախագահը թաղամասի լողավազանի բացման արարողությանը չմասնակցեց, ուստիեւ նրանք դարձյալ ստիպված եղան դիմել ԶԼՄ-ների օգնությանը:

Բնակիչների հաշվարկներով, գազով ջեռուցումը ամենաքիչը 150 դոլար է արժենում, ընդ որում իրենք ոչ միայն պարտավորվում են հատուկ տեսակի վառարաններ գնել, այլ բետոնե պատերը ծակելու ու ծխանցքեր բացելու համար լրացուցիչ վճարել մինչեւ 30 դոլար: Իհարկե, այս ամենը չի վերաբերում 2710 նպաստառուներին, որոնց համար բոլոր ծառայություններն անվճար են: Սակայն պարզվում է, նպաստառուներից շատերը եւս բողոքավոր են: Մարզպետարանի մեր աղբյուրները դժգոհում են, թե «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Անի թաղամասի գրասենյակի մասնագետ Ռոբերտ Օհանյանը «ավելորդ քաշքշուկներ» է ստեղծում իրենց կառույցում՝ որոշ նպաստառուներից պահանջելով միջնորդագրեր:

Այս հարցը, ինչպես նաեւ ծխանցքերի համար պահանջվող գումարի օրինական կամ ապօրինի լինելը ճշտելու նպատակով «Առավոտը» դիմեց «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի Անի թաղամասի գրասենյակի պատասխանատու Ռոբերտ Օհանյանին: Նա պարզապես խուսափեց մեր հարցերին պատասխանելուց՝ նշելով, որ լրագրողների հետ ինքը կամ չի աշխատում, կամ էլ աշխատում է հատուկ մեթոդով. օրինակ՝ շարադրված նյութի բովանդակությանը նախապես ծանոթանալով, բնականաբար եւ իր պահանջներին համաձայնեցնելով: Պաշտոնյան խորհուրդ տվեց դիմել «Հայռուսգազարդի» հասարակայնության հետ կապերի բաժին: Այստեղից մեզ տեղեկացրին, որ ծխանցքեր բացելու համար գանձվող գումարները օրինական են եւ վառարանների տեղադրումը պետք է լինի բնակիչների հաշվին: Մինչդեռ բնակիչների մեծ մասը համոզված է, որ սա ոչ թե ջեռուցման, այլ իսկական «սառեցման» ծրագիր է, եւ որ իրենք նման ծախսերի տակից ոչ մի ձեւով դուրս չեն գալու:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել