Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքը իներցիոն մտածողությամբ վարվեց»

Հոկտեմբեր 14,2004 00:00

Մշակութաբան, փիլիսոփա Ռուբեն
Անգալադյանը կողմ է Իրաք զորախումբ ուղարկելուն – Հայաստանյան քաղաքական
եւ հասարակական շատ գործիչներ դեմ են մեր գումարտակը Իրաք ուղարկելուն: Դուք ի՞նչ
կարծիքի եք: – Ես կողմնակից եմ, որ մենք ուղարկենք որոշակի քանակություն մեր
զինված ուժերից. բացատրեմ՝ թե ինչու: Վաղ թե ուշ պետք է հասկանալ, որ պետությունն
ունի իր շահերը, որ պետությունը պետք է մտնի միջազգային ասպարեզ նաեւ այսպես, իսկ
Սփյուռքը եւ անհատները, որոնք գտնում են, թե մեր այս քայլով լրացուցիչ սպառնալիքներ
կվերցնենք մեր ուսերին, առանձին մտահոգության հիմք չունեն: Չեմ պատկերացնում մեր
մի քանի զինվորական մասնագետներին ակտիվ գործողությունների մեջ: Իրաքում գտնվող մեր
խաղաղապահները ցույց կտան, որ հայ ժողովուրդն էլ ունի բանակ: Հազարամյակ շարունակ
մենք բանակ չենք ունեցել, ինչի համար միշտ դրանից տառապել ենք, գլուխներս կախ է եղել:
Ինչո՞ւ եմ պատկերացնում զորքը հենց Իրաքում: Մեծ Արեւելքը փոխվելու է, եւ
դա երեւում է մինչեւ անգամ Երեւանում: ԱՄՆ կառավարությունը կառուցում է հսկա դեսպանատուն,
վերլուծական կենտրոն, որը պետք է սպասարկի նաեւ այս տարածաշրջանը: Բազմիցս հայտարարվել
է, որ տարածաշրջանն էլ է փոխվելու: Ինչպե՞ս կմտնի Հայաստանը այդ «միջավայր» (տնտեսական,
քաղաքական): Խիստ արդիական հարց է: Շրջափակումը ցույց է տալիս, որ Հայաստանը այդպես
երկար գոյատեւել չի կարող: Դրա համար այսօր Երեւանում ամենամեծ ապրանքը հայրենասիրությունն
է: Հայրենասիրությունն է տնտեսությունը տանում առաջ, ոչ թե ռեալ իրավական դաշտը կամ,
այսպես կոչված, ֆինանսական հաջողությունները: Չգիտես ինչու, Սփյուռքը համարեց
կարեւորագույն խնդիր ԱՄՆ-ում նոր նախագահական ընտրություններին Ցեղասպանության հարցը
բարձրացնելը: Մեծագույն հարցը Հայաստան երկրի համար, որպես անկախ պետության, նրա
զարգացումն է: Կան ներքին եւ արտաքին խոչընդոտներ: Ու այդ արգելքների հանրագումարը
պետք է ներկայացնեն նոր թեկնածուներին: Իսկ Սփյուռքն իներցիոն մտածողությամբ վարվեց:
– Այնուամենայնիվ, ի՞նչ պիտի անի մեր զորքն Իրաքում: – Հայ խաղաղարար
զորքերն Իրաքում կարող են պաշտպանել մեր դիրքը ԱՄՆ-ում, եթե իշխանության գա Ջորջ
Բուշը: Այն սխալը, որ Սփյուռքը գործել է ԱՄՆ-ում՝ առաջ քաշելով Ցեղասպանության խնդիրը,
երկրորդային է դառնում արտագաղթի ճանապարհը բռնած ՀՀ քաղաքացիների դեպքում: Նրանք
արտագաղթում են, որ մի կերպ գոյատեւեն ուրիշ երկրներում, որպեսզի նսեմանան: Արտագաղթած
հայերից շատերն էլ չեն կարող զարգացնել իրենց բիզնեսը, քանի որ անպայման գումարներ
պետք է ուղարկեն այստեղ՝ իրենց հայրենակիցների համար: Ես չեմ ակնարկում առանձին մեծահարուստներին
եւ չեմ խոսում ինչ-որ ֆոնդերի մասին: Ասում եմ այն, ինչ կանք, ինչն այսօր գոյություն
ունի: Հայաստան պետությունը որպեսզի դառնա բարեկեցիկ եւ զարգացած, պետք է հասկանա՝
ինչ է կատարվում ներսում, տարածաշրջանում եւ աշխարհում: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել