Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՆԱԽԱԳԱՀԻ ՍՐՏԻ՞Ց Է ԽՈՍՈՒՄ

Հոկտեմբեր 14,2004 00:00

«Նախագահի
խորհրդական Գառնիկ Իսագուլյանը կարող է արտահայտել իր անձնական կարծիքն այս կամ այն
հարցի կապակցությամբ: Կառաջարկեի ծագած հարցերին վերաբերող պարզաբանումների ու հնարավոր
մեկնաբանությունների համար դիմել հենց իրեն՝ Գառնիկ Իսագուլյանին»: Ահա
այս պատասխանը ստացանք նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանից մեր հարցերին,
թե ինչպե՞ս է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում իր ազգային անվտանգության հարցերով խորհրդականի
հրապարակավ արտահայտած մի շարք դիրքորոշումներին: Եվ մասնավորապես՝ արդյոք նրա հետ
համաձայնեցվա՞ծ է Գառնիկ Իսագուլյանի խոստումը, թե արվամոլ պաշտոնյաներն ազատվելու
են պաշտոններից: Եվ արդյոք Ռոբերտ Քոչարյանն է՞լ է համաձայն իր խորհրդականի այն առաջարկին,
թե ընդհանրապես չարժե ուշադրություն դարձնել, թե ինչ կասեն Թերի Դեւիսը կամ նրան
հաջորդողը: Չենք հետեւի նախագահի մամուլի քարտուղարի խորհրդին, քանի որ Գառնիկ
Իսագուլյանն առանց այդ էլ բազմիցս ու հրապարակավ պարզաբանել է իր դիրքորոշումը: Նախ՝
պաշտոնյա արվամոլների վերաբերյալ ենթադրական ցուցակի առնչությամբ. «Եթե փաստեր լինեն,
ապա դրանց անմիջապես կհետեւեն կոնկրետ գործողություններ: Այսինքն՝ այդպիսի պաշտոնյաներն
անմիջապես կհեռացվեն աշխատանքից»: Թե ո՞ւմ անունից էր նա նման խոստում տալիս՝ այդպես
էլ պարզ չդարձավ, քանի որ որքան հայտնի է՝ խորհրդականները չունեն կադրային փոփոխություններ
անելու լիազորություններ: Այդպես էլ պարզ չդարձավ, թե Ռոբերտ Քոչարյանը համաձա՞յն
է, թե՞ ոչ իր խորհրդականի՝ հանրությանը տրված խորհուրդներին, որոնք վերաբերում են
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար, ԼՂ հարցով նախկին զեկուցող Թերի Դեւիսի զեկույցին՝
«Ես անգամ կառաջարկեի ընդհանրապես ուշադրություն չդարձնել, թե ինչ կասեն Թերի Դեւիսը
կամ նրան հաջորդողը», «Շատ լավ կլիներ, որ այդ հարցի նկատմամբ ՀՀ քաղաքական դաշտն
էլ իր հակադիր թեւերով տարաձայնություններ չունենար: Նման պարագայում Թերի Դեւիսը
կհասկանար, որ իր ելույթները կամ իր բանաձեւերը որեւէ արժեք չեն ներկայացնում», «Մեծ
Բրիտանիայի ներկայացուցիչների ասածները մեզ համար չեն կարող արժեք դառնալ: Շատ կարեւոր
է մեր դիրքորոշումը: Շարժման սկզբից Թերի Դեւիսը, օրինակ, շատ լավ գիտեր, թե ինչ
է տեղի ունենում Ղարաբաղում: Նա կողմնակից էր, որ դա իսկապես ազգային ինքնորոշման
խնդիր է: Ու եթե այսօր Թերի Դեւիսը տառապում է սկլերոզով, դա չի նշանակում, թե Հայաստանը
պարտավոր է տուրք տալ որեւէ մեկի ասածին ու դա դիտել որպես աշխարհի գերտերությունների
քաղաքականություն մեր տարածաշրջանում»: Թերեւս՝ իր այս բոլոր հայտարարություններն
անելիս խորհրդականը Ռոբերտ Քոչարյանի սրտից էր խոսում եւ ասում այն, ինչ երկրի ղեկավարի
պաշտոնը թույլ չէր տա ազդարարել հրապարակավ: Այս ենթադրության օգտին են ե՛ւ նախագահի
մամուլի քարտուղարի խուսափողական պատասխանը, ե՛ւ այն, որ Գառնիկ Իսագուլյանը՝ կարծես
նման հզոր աջակցություն զգալով, ոգեւորությամբ շարունակեց խոցել այլ թիրախներ: Դրանցից
մեկն, օրինակ, Եվրախորհրդում մեր պատվիրակությունն էր, որին խորհրդականն անդրադարձավ
«Կենտրոն»-ի եթերում: Այստեղ հակադարձելով ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հարցադրմանը՝
«կուրծք ծեծելով ի՞նչ ենք ուզում անել, ի՞նչ՝ վտանգի տա՞կ դնենք Ղարաբաղն ու Հայաստանը»,
որ վերաբերում էր մասնավորապես ԼՂ հարցով նախկին եւ ներկա զեկուցողների հասցեին Իսագուլյանի
արտահայտություններին, վերջինս մասնավորապես հայտարարեց. «Պետք է իրերը կոչել իրենց
անուններով. ժամանակն է, որ մեր պատվիրակները դա հասկանան ու քաղաքական հանդիպումների
եւ բանավեճերի մեջ չվախենան ասել այն, ինչ մտածում են: Եթե մտածում ես, թե դրանով
Թերի Դեւիսին կվիրավորես եւ նա իր անձնական կարծիքը վաղը կանցկացնի որպես Եվրախորհրդի
կարծիք, նշանակում է՝ այնտեղ դու որեւէ անելիք չունես»: Իսկ արձագանքելով Թորոսյանի
մեկ այլ արտահայտության, թե նման ելույթները կեղծ հայրենասիրական եւ ոչ պրոֆեսիոնալ
մոտեցումների հետեւանք են՝ Գառնիկ Իսագուլյանը մեծահոգաբար նկատեց. «Ոչի՜նչ, դեռ
քաղաքական ճանապարհ կա անցնելու: Ես վստահ եմ՝ Տիգրան Թորոսյանը եթե որեւէ խնդիր
ունի՝ կարող է խորհրդակցել ինձ հետ, եւ ես գուցե թե անհրաժեշտ կհամարեմ որոշակի խորհուրդներ
տալ, որ համենայնդեպս՝ մեր պատվիրակությունը որեւէ երկրի պատվիրակի հետ շփվելուց
իրեն կաշկանդված չզգա»: Այս ամենն ասվում էր այն ժամանակ, երբ Տիգրան Թորոսյանը
դեռ Ստրասբուրգում էր: Այժմ, ի տարբերություն նախագահի մամուլի քարտուղարի, նա չխուսափեց
հստակ պատասխաններից: Եվ այսպես՝ մտադի՞ր է ԱԺ փոխնախագահը խորհուրդների համար դիմել
նախագահի խորհրդականին: Ի պատասխան՝ Տիգրան Թորոսյանն ասաց. «Կարծում եմ՝ վերջերս
արտահայտած իր պատկերացումներով եւ «խորհուրդներով» Գառնիկ Իսագուլյանը որեւէ կասկած
չի թողնում, որ բացարձակապե՛ս չի պատկերացնում իր պաշտոնից բխող լիազորություններն
ու պատասխանատվությունը: Ամբարտավան կեցվածքը կամ վինիպուխյան երկփեղկվածությունը
չեն կարող լրացնել այդ բացը»: Ինչ վերաբերում է Իսագուլյանի այն արտահայտությանը,
որ եթե ԵԽԽՎ-ում մեր պատվիրակները չհասկանան, որ իրերը պետք է կոչեն իրենց անուններով
եւ չվախենան ասել այն, ինչ մտածում են՝ ուրեմն այնտեղ անելիք չունեն, Տիգրան Թորոսյանն
ասաց. «Ինձ համար նորություն չէ, որ կան շատ մարդիկ, որոնց պատկերացումները միջազգային
կառույցների մասին ուղղակի տղայական են եւ ամեն ինչ չափում են վախենալ-հերոսանալու
չափանիշներով: Բայց Գառնիկ Իսագուլյանը գոնե մի բան պիտի պատկերացնի, որ ԵԽԽՎ-ում
ԱԺ պատվիրակությունը որեւէ մեկի կարծիքի հետ բացարձա՛կ ոչ մի կապ չունի եւ չի կարող
ունենալ»: Իսկ վերջում ԱԺ փոխնախագահը հակադարձեց անցնելիք քաղաքական ճանապարհի մասին
Իսագուլյանի պնդմանը. «Իսկապես, ես բավական երկար ճանապարհ ունեմ անցնելու: Բայց
խառնում է՝ մեր ճանապարհները տարբեր են եղել նախկինում եւ այժմ էլ են լինելու տարբեր»:
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել