ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԵՄ ԳԱԼՈՒ Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկությանը որպես հյուր ներկա էր նաեւ երկար տարիներ Շվեդիայի դրոշի ներքո հանդես եկող Աթենքի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն գյումրեցի Արա Աբրահամյանը: Օգտվելով առիթից, մեր մարզական էջի պատասխանատուն զրուցեց նրա հետ: – Քանի՞ տարի չէիր եղել հայրենիքում: – Ութ եւ, անկեղծ ասած, շատ էի կարոտել: Սրանից հետո ավելի հաճախ եմ գալու: – Դու ծնվել-մեծացել ես Հայաստանում, որպես ըմբիշ էլ այստեղ ես կայացել: Ինչպե՞ս հայտնվեցիր Շվեդիայում: – Պատահական ստացվեց: 1996 թվականին հայաստանցի երիտասարդ ըմբիշներով մեկնել էինք մրցումների: Լավ արդյունքներ ունեցանք: Վերջին պահին երեք ընկերով որոշեցինք մնալ ու այնտեղ մարզվել: Բայց կյանքն այնպես դասավորվեց, որ մնացինք: – Առաջարկ կամ հրավեր կա՞ր, թե՞ արկածներ էիք որոնում: – Մտածեցինք մի քանի ամիս մնալ: Սկզբում շատ դժվար էր: Ոչ ոքի չէինք ճանաչում, լեզու չգիտեինք: Բայց մի որոշ ժամանակ անց անդամագրվեցինք «Սպորտվեյգեն» ակումբին: Այնտեղ մեզ գիտեին: Լուծեցին բնակարանի հարցը, այլ խնդիրներ ու մնացինք: – Քաղաքացիություն բավականին ուշ ստացար: Մինչ այդ ինչպե՞ս էիր քեզ զգում: – Շվեդական անձնագիր ստացել եմ 99-ին` աշխարհի առաջնությունից ընդամենը երկու շաբաթ առաջ: Եվ հենց այդ ժամանակվանից էլ դարձա Շվեդիայի հավաքականի հիմնական անդամներից մեկը: Բայց դրանից մոտ 1,5 տարի առաջ ընդհանրապես չէի մարզվում: 1996-ին Ատլանտա մեկնելու նպատակով եկա Հայաստան ու հավաքականի կազմում մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը, որը նաեւ վարկանիշային էր: Բայց տասնյակ մտնել չկարողացա ու որոշեցի կրկին վերադառնալ Շվեդիա: – Հիմա Հայաստանում օրվա թեման Աթենքում մեր մարզիկների ձախողումն է: Դու, որ այստեղ ոչ ոքից կախում չունես ու կարող ես անկեղծ արտահայտվել, ինչպե՞ս ես գնահատում Հայաստանում սպորտի, մասնավորապես՝ ըմբշամարտի ներկայիս վիճակը եւ քո կարծիքով ի՞նչ է հարկավոր անել այն լավացնելու համար: – Դա շատ բարդ խնդիր է ու մեկ դեղատոմսով հնարավոր չէ լուծել: Դրա համար երկար ժամանակ կպահանջվի: Ժամանակակից սպորտը ֆինանսական հսկայական ներդրումներ է պահանջում բոլոր օղակներում` սկսած մանկապարտեզից, հանրակրթական դպրոցից, մասսայական սպորտից, վերջացրած բարձր արդյունքների սպորտով: Դրանցից մեկի խափանումը անդրադառնում է նաեւ մյուս օղակների աշխատանքի վրա: Իմ պատկերացմամբ՝ հարկավոր է դեմքով շրջվել դեպի պատանեկան, երիտասարդական սպորտ: Հայաստանում տաղանդներ միշտ եղել են ու հիմա էլ կան: Մեր` 70-ականների սերունդը մոտենում է մարզական կարիերայի ավարտին: Հիմա անհրաժեշտ է միջոցները ուղղել աճող սերնդին, նրանց համար պետք է ավելի հաճախ հավաքներ կազմակերպել, շուտ-շուտ մրցումների գործուղել: Կարեւոր է նաեւ մարզումային պայմանները բարելավել: Հիշում եմ, թե ինքս 90-ականների սկզբներին ինչ պայմաններում էի մարզվում. լույս չկար, ջեռուցում չկար, ջուր չկար: Հիմա, փառք Աստծո, վիճակն աստիճանաբար դեպի լավն է գնում: – Մեր ու Շվեդիայի պայմանները համեմատության որեւէ եզր ունե՞ն: – Ի՞նչ ես ասում: Սար ու ձորի տարբերություն կա: Այնտեղ նույնիսկ ակումբների բազաներն այնքան լավն են, որ Հայաստանում դրա մասին կերազեն: Բայց երբ անգամ այս պայմաններում ժամանակ առ ժամանակ լուրջ արդյունքներ են արձանագրվում, դա հայերի ներուժի վկայությունն է: – Իրոք, ժամանակակից սպորտը մեծ փողեր է պահանջում եւ հաղթում է այն երկիրը, որը կարողանում է անհրաժեշտ ներդրումներ կատարել: Բայց դա հաջողության մի մասն է միայն: Պակաս կարեւոր չէ մարզչական աշխատանքի որակը: Օրինակ, այս մրցաշարում, նայելով հայաստանցի ըմբիշների մրցելույթներին, չե՞ս նկատում, որ նրանց ինչ-որ բան չի բավականացնում: – Տեսնում եմ, որ ֆիզպատրաստականությունն այն չէ: Տղաները չորրորդ րոպեից սկսած հոգնում են ու պայքարը մինչեւ վերջ չեն կարողանում նույն ոգեւորությամբ տանել: Կարծես հոգեբանական պատրաստվածությունն էլ կաղում է: Ինձ թվում է, որ նրանք գորգ մտնում են մի տեսակ ընկճված ու չեն կարողանում իրենց իրական կարողությունները դրսեւորել: – Հայաստանում քեզ հիշում, սիրում ու երկրպագում են: Աթենքում դու «արծաթ» նվաճեցիր, բայց այստեղ քեզանից «ոսկի» էին ակնկալում: – Սպորտում ամեն ինչ էլ լինում է: Հաղթանակն ու անհաջողությունը միշտ միասին են քայլում: Ինչ վերաբերում է Աթենքին, իմ համոզմամբ, եթե եզրափակիչում անգամ չհաղթեցի, ապա նաեւ չպարտվեցի էլ: Մի հանգամանք էլ կա, որը մարզասերը ոչ մի կերպ չի ուզում հասկանալ: Չես պատկերացնում, թե հայերս միջազգային ասպարեզներում ինչ դժվարություններ ենք ստիպված լինում հաղթահարել, մի բան, որ հաճախ ուժերից վեր է: Մենք պայքարում ենք ոչ միայն մրցակցի, այլեւ մրցավարների դեմ:8230 – Դու նունպե՞ս, երբ ներկայացնում ես Շվեդիայի նման երկիրը: – Եթե հայի ազգանուն ես կրում, երկիրը կապ չունի: – Արդեն 29 տարեկան ես, բայց, որքան տեղյակ եմ, գորգին հրաժեշտ տալ չես շտապում: Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցելո՞ւ ես: – Առայժմ մտածում եմ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մասին: Իսկ օլիմպիական խաղերի մասին մտածելու ժամանակ դեռ կա: – Եթե որոշես մասնակցել, չե՞ս ուզում լինել Հայաստանի հավաքականի կազմում: – Շատ կցանկանայի: Բայց դրա համար պետք է երկու տարի Շվեդիայի հավաքականից չմասնակցեմ պաշտոնական մրցումների: Իմ տարիքում նման բան անելը երեւի անմտություն կլինի: Հետո անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերելը անչափ դժվար կլինի, գուցե՝ նաեւ անհնար: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ