Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ

Հոկտեմբեր 13,2004 00:00

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԻՐԵՆՔ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բարնսի բացառիկ հարցազրույցը – Շատերը կարծում են, որ Հայաստանը վաղ թե ուշ ստիպված կլինի ընտրություն կատարել Ռուսաստանի հետ սերտ ռազմաքաղաքական հարաբերությունների պահպանման եւ ՆԱՏՕ-ին հետագա ինտեգրման միջեւ: Գոյություն ունի նաեւ այլ տեսակետ. Հայաստանը կարող է յուրօրինակ կապող օղակ դառնալ Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ: Այս երկու դիրքորոշումներից ո՞րն է ավելի հոգեհարազատ Ձեզ համար: – Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը խոսում է «կոմպլեմենտարության» սկզբունքի մասին, որը կոչված է հավասարակշռել եվրատլանտյան հանրության հետ կապերը եւ Ռուսաստանի հետ պատմական հարաբերությունները: Ձեր նախարարի տեսակետի օգտին են խոսում այն փաստերը, որ ԳՀԽ-ին («Գործընկերություն հանուն խաղաղության» – խմբ.) են մասնակցում նաեւ ԱՊՀ այլ երկրներ, որ Ռուսաստանը հատուկ եւ կառուցողական հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ եւ այն, որ մենք համագործակցում ենք Ռուսաստանի հետ անվտանգության հարցերում՝ Միջերկրական ծովից մինչեւ Արկտիկա ընկած տարածքում: Միեւնույն ժամանակ, իրոք, էական տարբերություններ կան ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի՝ զինված ուժերի եւ պաշտպանական կառույցների կազմակերպման ձեւերում: Եթե Հայաստանը ցանկանում է էապես բարելավել իր համատեղելիությունը ՆԱՏՕ-ի հետ, նա ստիպված կլինի արդիականացնել այդ կառույցներից մի քանիսը: Այսպիսով, կան գործնական հարցեր, որոնք կարող են համոզել ձեր կառավարությանն ավելի սեւեռուն հայացք գցել Հայաստանի զինված ուժերի ապագա կառուցվածքին: – Արեւմտյան մամուլում հաճախ կարելի է հանդիպել կարծիքներ այն մասին, որ ռուսամետ Հայաստանը զիջում է Վրաստանին եւ Ադրբեջանին, որոնք «ավելի անկեղծ են» ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու իրենց ձգտման մեջ: Հենց այդ պատճառով էլ, ասում են նման դատողությունների հեղինակները, ՆԱՏՕ-ին հարկավոր է մոռանալ Հայաստանի մասին եւ հիմնական ուշադրությունը հատկացնել Վրաստանին եւ Ադրբեջանին: Ի՞նչ կարծիքի եք այս մասին: – Ստամբուլում կայացած գագաթաժողովում ՆԱՏՕ-ն որոշեց հատուկ ուշադրություն հատկացնել Կովկասին եւ Կենտրոնական Ասիային, նշանակել կապի սպաներ եւ հատուկ ներկայացուցիչ երկու տարածաշրջանների համար: Ժամանակի եւ ջանքերի ծավալը, որը կհատկացվի այս տարածաշրջանների առանձին երկրներին, մեծապես կախված կլինի նրանց սեփական կարիքներից, ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության իրենց ընտրած մակարդակից: ԳՀԽ-ն գործում է 26+1 բանաձեւով, ինչը ենթադրում է, որ գործընկերներն ինքնուրույն են ընտրում այն միջոցառումները, որոնց ցանկանում են մասնակցել: Այսպիսով, պատասխանն այն հարցին, թե «ինչպիսի՞ ուշադրության կարժանանա Հայաստանը ՆԱՏՕ-ի կողմից», իրոք կախված է ձեզանից: Վրաստանը եւ Ադրբեջանը Հայաստանի նման ակտիվ էին ԳՀԽ-ում եւ ԵԱԳԽ-ում (Եվրատլանտյան Գործընկերության Խորհուրդ 8211 խմբ.): Ես եւս մեկ անգամ կցանկանայի նշել Հայաստանի ներդրումը Կոսովոյի խաղաղապահ գործողությունում եւ Cooperative Best Effort-2003 զորավարժությունների հաջող անցկացումը: Վերջերս Հայաստանը հայտարարեց ՆԱՏՕ-ի հետ Գործընկերության անհատական ծրագիր նախապատրաստելու մտադրության մասին, որն առավել թափանցիկության եւ արդյունավետության սկզբունքով ռազմական իսնտիտուտների վերակազմավորման պատասխանատու եւ փառասիրական ծրագիր է: Դա ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամության հստակ ապացույց է, եւ Դաշինքն ընդունում է դա: – Ապրիլին Վարդան Օսկանյանն ասել էր. «Եթե ստացվի այնպես, որ Վրաստանը եւ Ադրբեջանը ի վերջո դառնան ՆԱՏՕ-ի անդամներ, իսկ Հայաստանը՝ ոչ, ապա ակնհայտ է, որ դա նոր բաժանարար գծեր կառաջացնի Կովկասում»: – Ստամբուլում ՆԱՏՕ-ն հաստատեց «բաց դռների» իր քաղաքականությունը եւ հայտարարեց, որ յոթ նոր անդամների անդամակցությունը Դաշինքի վերջին ընդլայնումը չէր: Սակայն դեռեւս վաղաժամ է խոսել ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի որեւէ երկրի անդամակցության հնարավորության մասին: ՆԱՏՕ-ի նպատակը այս տարածաշրջաններում անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումն է, եւ մենք պատրաստ ենք սերտորեն համագործակցել Կովկասի երկրների հետ խաղաղության եւ կայունության հասնելու համար: – Հարավային Կովկասը դարձել է ամենաառաջնահերթային տարածաշրջաններից մեկը Դաշինքի համար: Արդյո՞ք սա անհանգստության նոր ալիք չի առաջացնի Ռուսաստանում: – ՆԱՏՕ-ի հատուկ ուշադրությունը Կովկասի նկատմամբ չպետք է անհանգստություն առաջացնի Մոսկվայում: ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի շնորհիվ Դաշինքի անդամները եւ Ռուսաստանը պաշտպանում են մեր ընդհանուր շահերը եւ դիմակայում են ընդհանուր սպառնալիքներին: Այս աշխարհամասի նկատմամբ ՆԱՏՕ-ի հատուկ ուշադրության պատճառը գիտակցումն է այն բանի, որ այդ տարածաշրջանների երկրների հետ միասին մենք բախվում ենք անվտանգության ընդհանուր այնպիսի սպառնալիքների, որոնց մեծ մասն ի հայտ է գալիս Եվրոպայի սահմաններից դուրս: Ռուսաստանը նույնպես բախվում է այդ սպառնալիքներին, եւ նա կարող է միայն շահել ՆԱՏՕ-ի աշխատանքից այս ոլորտում: – Գարնանը Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի փոխհրամանատար Չարլզ Վոլդը Երեւանում հայտարարել էր, որ Դուք անձամբ զբաղվում եք Ադրբեջանի տարածքում Cooperative Best Effort-2004 զորավարժություններին հայ զինծառայողների մասնակցության հարցով: Որքանո՞վ էր բարդ այդ աշխատանքը: – Մեզ տպավորել էր այն, թե ինչպես Երեւանն անցկացրեց Cooperative Best Effort-2003 զորավարժությունները նաեւ այն պատճառով, որ դրանց մասնակցեցին թուրք սպաներ, ինչպես նաեւ մասնակցության հրավեր ուղարկվեց Ադրբեջանին՝ չնայած երկրների միջեւ լարված հարաբերություններին: Մենք պաշտպանում ենք Cooperative Best Effort-2004 զորավարժությունների կասեցման մասին ՆԱՏՕ-ի որոշումը եւ խոր ափսոսանք ենք հայտնում հայ մասնակիցներին մուտքի արտոնագրեր չտրամադրելու Բաքվի որոշման կապակցությամբ: Մեր կարծիքով, այդ որոշումը հակասում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության եւ Դաշինքի հետ ավելի սերտ գործընկերության հաստատման մասին Ադրբեջանի հաճախակի հայտարարություններին: – Երեւանը բազմիցս հայտարարել է այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածությունը բացասաբար է ազդում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, քանի որ հասարակական կարծիքը հաճախ նույնացնում է ՆԱՏՕ-ն հենց Թուրքիայի հետ: Ընդունու՞մ եք նման խնդրի առկայությունը: – Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների պատմությունը չի կարող շտկվել մեկ օրում եւ նույնիսկ՝ մեկ տասնամյակում: Սակայն մի մոռացեք, որ այնպիսի ավանդական թշնամիներ, ինչպիսիք են Գերմանիան եւ Ֆրանսիան, կամ Հունաստանը եւ Թուրքիան, այժմ կողք կողքի աշխատում են ՆԱՏՕ-ի կազմում: ՆԱՏՕ-ն ավելին է, քան մեկ առանձին երկիր: Կարեւոր է նայել ոչ թե Դաշինքի մեկ կոնկրետ անդամի հետ հարաբերություններին, այլ 26 կամ, եթե հաշվի առնենք նաեւ ԵԱԳԽ, 46 գործընկերներից բաղկացած Դաշինքին մասնակից լինելու շահին: – Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներկայացուցիչները վերջերս ավելի հաճախ են խոսում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ցանկալիության մասին: Որքանո՞վ եք իրատեսական համարում համագործակցությունը ՆԱՏՕ-ՀԱՊԿ ձեւաչափում: – Սեպտեմբերին ՀԱՊԿ ներկայացուցիչը ԵԱԳԽ-ում պատմեց կազմակերպության գործունեության տարբեր ուղղությունների մասին: Սակայն քանի որ ՀԱՊԿ բոլոր անդամները նաեւ ԵԱԳԽ անդամ են, դժվարանում եմ ասել, թե ինչպիսի արժեք կարող է ունենալ այդ կազմակերպության հետ նոր կապող օղակների ստեղծումը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն՝ հատուկ «ԱՌԱՎՈՏ»-ի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել