Ջուրը պետական է, իսկ ջրագի՞ծը Կոտայքի մարզի Պտղնի գյուղը հայտնի է իր շքեղ ամառանոցներով, նաեւ՝ բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող: Սակայն հնարավոր է մի օր նրանց այգիներն անջուր մնան: Պետությունը բավականաչափ գումար չունի գյուղին մատակարարող նոր ջրագիծ կառուցելու, իսկ եղածի պատկանելության շուրջ վեճեր կան: Ջրագիծը, պտղնեցի Իլյա Պողոսյանի պատմելով, 1991-92 թթ. իր սեփական միջոցներով, որդիների օգնությամբ ինքն է կառուցել, 1000 մետր խողովակաշարի փաստաթղթերն ունի, իսկ մնացած 500-ինը՝ ոչ, որովհետեւ «խառը ժամանակներ էին»: Նա անգամ էլեկտրական շարժիչ է գնել ոռոգման ջրի բնականոն մատակարարման համար: Այս ամենն իր այգին ջրելու համար է արել: Սակայն քանի որ այլ ջրագիծ չկա, համագյուղացիների խնդրանքով տարիներ շարունակ պարոն Պողոսյանն է ապահովել թե գյուղի բնակիչների եւ թե բազմաթիվ ամառանոցների այգիների ջրամատակարարումը: Այդ մասին վկայող համապատասխան գրություններ կան, որոնցով այգեգործները կամ այգեգործական ընկերությունների տերերը դիմել են Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետին (Գագիկ Մարտիրոսյանի պաշտոնավարման օրոք), Իլյա Պողոսյանին խնդրելով, որ «այսուհետեւ եւս նա շարունակի իրենց այգիների ջրամատակարարումը»: Սակայն Իլյա Պողոսյանի ներկայացմամբ, այժմ իրենից «պահանջում են, որ ջրագիծն անվարձահատույց տամ իրենց: Ասում են՝ ջուր չենք տա, այդ գիծը հանձնիր»: Ընդ որում, համաձայնության չեն գալիս ո՛չ փոխհատուցման վերաբերյալ, ո՛չ վարձակալության: Ջրային տնտեսության պետական կոմիտեից հայտնեցին, որ Պողոսյանն իրավունք չունի համագյուղացիների ջրամատակարարումը կազմակերպել, որովհետեւ համաձայն Ջրային օրենսգրքի, «ոռոգման ջրամատակարարումն իրականացնում է ջրային համակարգերի կառավարման մարմինը կամ ջրօգտագործողների ընկերությունը»: Մեր հարցին, թե պարոն Պողոսյանը գոնե իր ջրագծով իր այգին կարո՞ղ է ջրել, պատասխանեցին՝ իհարկե: Թեեւ մինչ այդ վիճարկել էին ջրագծի պատկանելությունը, նշելով, որ այն պատկանում է մեկ ուրիշ մարդու: Իսկ շարժիչի անօրինական օգտագործման մասին պնդումներին ի պատասխան՝ Ջրտնտպետկոմի նախագահի տեղակալ Գ. Այվազյանն Ի. Պողոսյանին ուղղված իր գրության մեջ հայտնում է, որ խնդիրը «պետք է լուծվի օրենսդությամբ սահմանված կարգով»: Հավանաբար՝ դատարանի միջոցով։ Ա. ՈՒ.