Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՏԵՎԻՑ

Հոկտեմբեր 13,2004 00:00

ՀԵՏԵՎԻՑ ԽՈՍԵԼ ՉԼԻՆԻ՛ «Աննախադեպ բանաձեւ՝ դրական գնահատման առումով»,- ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը երեկ ասուլիսում այսպես գնահատեց Հայաստանի պարտավորությունների կատարման վերաբերյալ ԵԽԽՎ հոկտեմբերի 7-ին ընդունած փաստաթուղթը: Սակայն հիշեցրեց, որ 2004-ի հունվարին Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձեւը նույնպես լավն էր. «Սակայն ցավալիորեն տեղի ունեցան ապրիլյան հայտնի դեպքերը, եւ կես քայլ հետ գնացինք: Այսօր ունենք ավելի լավ բանաձեւ, քան հունվարյան բանաձեւն է, եւ պարտավոր ենք այլեւս թույլ չտալ նույն սխալը, պետք է հետեւողականորեն կատարել մեր պարտավորությունները, ամեն ինչ անել, որ երկրում նման իրադարձություններ այլեւս երբեք չկրկնվեն»: Ակնարկելով Հայաստանի հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի Ստրասբուրգ ուղարկած նամակը, որով ընդամենն առաջարկվում էր հետաձգել Յասկերնիայի զեկույցի քննարկումը եւ դիտարկման նոր խումբ ուղարկել Հայաստան՝ անկողմնակալ զեկույց պատրաստելու համար, Տիգրան Թորոսյանը նշեց. «Ցավոք, եղան կազմակերպություններ, որոնք փորձում էին ստվեր նետել մեր երկրի վրա: Մասնավորապես՝ Դիտարկման հանձնաժողովի նիստի սրահի դռան մոտ կանգնած էր մի երիտասարդ, որը բաժանում էր փաստաթղթեր Հայաստանի դեմ… Սա մի հասարակական կազմակերպության ղեկավարի ուղարկած փաստաթուղթ էր, որը Հայաստանը ներկայացնում էր շատ ավելի մռայլ գույներով, քան այն կա իրականում»: Ըստ նրա՝ միայն չեչեններն են նման թղթեր բաժանում Ռուսաստանի դեմ: Տիգրան Թորոսյանը նաեւ «տարօրինակ» որակեց շուրջ 50 կազմակերպություններից բաղկացած «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպած հոկտեմբերի 4-ի քննարկումը. «Մի քիչ ծիծաղելի է, երբ մարդիկ քննարկում են ԵԽԽՎ բանաձեւի նախագիծը եւ ընտրում այնպիսի ժամանակ, երբ պատվիրակությունն այստեղ չէ: Չեմ ուզում կոպիտ գնահատականներ տալ այս քննարկմանը, սակայն համոզված եմ, որ այդ հասարակական կազմակերպությունները պիտի վերանայեն իրենց պահվածքը: Ի վերջո, եթե ասելիք ունեն՝ ճիշտ էր կազմակերպել գոնե մի քանի օր առաջ, որ մարդիկ ներկա լինեին եւ հնարավորություն ունենային իրենց գնահատականները տալ այդ քննարկումներում արտահայտված մտքերին: Հակառակ դեպքում՝ ստացվում է, սպասեցին, որ մենք գնանք Ստրասբուրգ՝ հետո հետեւից ինչ-որ բաներ անեն: Սա տգե՛ղ է»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել