Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՆ

Հոկտեմբեր 13,2004 00:00

ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆԸ Այսպես մեկնաբանվեց ԵԽԽՎ ամբիոնից Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի հայտարարությունը, թե ինքը, որպես Հայաստանի ընդդիմության անդամ՝ ցանկանում է ներկայացնել իր տեսակետն այն առաջընթացի մասին, որ իրականացրել է մեր երկիրը: – Փոքր-ինչ անակնկալ հայտարարություն էր, քանի որ Հայաստանում միայն վերջերս հայտնի դարձավ, թե ՄԱԿ-ն այլեւս չի միանալու կոալիցիայի նախաձեռնություններին: Ինչպե՞ս հանկարծ դարձաք ընդդիմություն: – Նախ, հարկ է պարզաբանել, թե Հայաստանի պատվիրակության կազմում Ստրասբուրգ չէի գնացել, որ այնտեղ խոսեի մեր քաղաքական ասպարեզում ՄԱԿ-ի տեղի մասին: Ուղղակի մինչ ինձ՝ այլ ելույթ ունեցողներ էին եղել, մասնավորապես` պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը: Եվ նա սահմանադրական բարեփոխումների իրականացման պարտավորության առնչությամբ ասաց, թե կա 3 տարբերակ՝ մեկը ներկայացրել է իշխող կոալիցիան, մյուսը՝ ընդդիմությունը ներկայացնող անհատ պատգամավորը, եւ երրորդ տարբերակը ներկայացված է «չափավոր ընդդիմություն» հանդիսացող քաղաքական ուժի կողմից (երեկ ասուլիսում «ՀԺ»-ի հարցին ի պատասխան, թե այդ ո՞ւմ է ընդդիմություն ՄԱԿ-ը՝ Տիգրան Թորոսյանը պատասխանեց. «Այն խմբակցությունները, որոնք չեն մասնակցում կառավարության ձեւավորմանը, ընդդիմություն են՝ անկախ նրանից, թե նրանք ո՛ւմ եւ ինչքա՛ն են ընդդիմություն».- Ա. Ի.): Իմ ելույթում նախ ընդամենը ներկայացա ԵԽԽՎ պատվիրակներին, թե ես այն քաղաքական կառույցի ղեկավարն եմ, որի մասին քիչ առաջ ասում էր պրն Թորոսյանը: – Այդ ներկայացմամբ, փաստորեն, հաստատել եք այդ գնահատականը: – Ես վաղո՜ւց եմ հաստատել այն՝ դեռ 2004-ի մայիսին «ՀԺ»-ին տված հարցազրույցում, որից հետո վերահաստատել եմ այդ դիրքորոշումը «ՀԱ»-ում, դրանից հետո եւս մեկ անգամ՝ «Երկիր-մեդիա»-ին տված հարցազրույցում: – «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում պարզաբանեցիք, թե ընդդիմություն եք կոալիցիային: Ասվածը վերաբերո՞ւմ է նաեւ կոալիցիայի 4-րդ կողմին՝ հանրապետության նախագահին: – Անգամ հանրապետության նախագահի ստորագրած փաստաթղթերին եթե համաձայն չենք՝ քվեարկություններով շատ հստակ արտահայտում ենք մեր անհամաձայնությունը: Որպես օրինակ թույլ տվեք հիշեցնել այն պայմանագիրը, որը «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի փաթեթում էր՝ դրանով Ռուսաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը Հայաստանի Հանրապետությունը տրամադրեց 6 մլն դոլարի հարկային արտոնություն: ՄԱԿ խմբակցության բոլո՛ր անդամները պարզապես դեմ քվեարկեցին այդ պայմանագրին: Սա էլ Ձեր հարցի պատասխանը: Ինչին համաձայն չենք՝ համաձայն չենք, անկախ նրանից, թե ով է հեղինակը: – Այսուհանդերձ, ՄԱԿ-ը իշխող կոալիցիայի հետ համատեղ է մասնակցում նախագահի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումներին: Սա ընդդիմությանը հատո՞ւկ պահվածք է: – Գիտեք ինչ՝ շաբլոնների դաշտից դուրս եկեք բնականոն բանականության եւ ողջամտության դաշտ: Եթե հանրապետության նախագահի մոտ որեւէ քննարկում կա, որին մասնակցում է նաեւ ՄԱԿ-ի ղեկավարը՝ այն վերաբերում է միայն հարցի քննարկմանը, որի ժամանակ հնչում են տարբեր տեսակետներ: Իսկ ես միշտ պաշտպանում եմ այն տեսակետը, որի կրողը մենք ենք: Միշտ չէ, որ այդ տեսակետը դառնում է որոշիչ: Եվ լինում են դեպքեր, որ այն ուղղակի հակադրվում է այն տեսակետին, որը գերիշխող է այդ քննարկումներում: Սակայն չեմ համարում, թե պետք է հաշվետու լինեմ մամուլին այդ քննարկումների մասին, եւ չեմ գտնում, թե պետք է հրապարակվեն այդ քննարկումների ընթացքում հնչած փաստարկները եւ հակափաստարկները: – Արդեն իսկ մեկնաբանություններ են հրապարակվել, թե ՄԱԿ-ն ընդամենը բուտաֆորային կամ պաշտոնական ընդդիմություն է, որը միանգամից երկու խնդիր է լուծում՝ ե՛ւ արտաքին աշխարհի համար լրացնում է ընդդիմության՝ ԱԺ-ում թափուր մնացած տեղը, ե՛ւ կոալիցիոն ուժերին է հիշեցնում, թե անհարկի ինքնուրույնություն դրսեւորելու դեպքում նրանց կփոխարինի ՄԱԿ-ը: – Մի քանի վարկած էլ կարող եմ ե՛ս առաջարկել. օրինակ, թե սա ՄԱԿ-ի կողմից իրականացված մարտավարական հնարք է, որ ստիպենք խորհրդարանական ընդդիմությանը վերադառնալ ԱԺ: Չէ՞ որ նրանք իրոք կարող են հասկանալ, թե կարող է հանկարծ իրենց «հացին վայիս լինենք», ու արագ ետ գան: Այսինքն՝ ժողովրդին կարող ենք նման ծառայություն մատուցել, քանի որ մարդիկ, ովքեր ստացել են քննադատելու մանդատը՝ չեն գալիս կատարելու իրենց աշխատանքը: Մեկ այլ վարկած կարող եմ առաջադրել, թե սա ՀՀՇ-ի կազմակերպած խաղն է, որ վարկաբեկվի Հայաստանում գործող ընդդիմությունը: – Ձեզ հնարավոր չէ նույնացնել ՀՀՇ-ի հետ: – Շնորհակալություն. ուրեմն՝ կարող ենք շրջանառությունից հանել այդ վարկածը: Քանի որ կան որոշ լրագրողներ, որոնք անընդհատ պնդում են, թե մեր ետեւից երեւում են ՀՀՇ-ի ականջները: Սակայն ես հասարակության համար ունեմ իրական վարկածը, որն է՝ ՄԱԿ-ի ե՛ւ խմբակցության, ե՛ւ կուսակցության անդամները, ե՛ւ քաղաքական ղեկավարությունը ինքնուրույն մարդիկ են: Ընդամե՛նը: Թող հասարակությունը եւ լրագրողները սովորեն, որ Հայաստանում կան նման մարդիկ, ովքեր ունակ են անել ինքնուրույն դատողություններ ու հետեւություններ, քայլել ինքնուրույն եւ կառուցել իրենց կյանքն այնպես, ինչպես իրենք են համարում ճիշտ: Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել