Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽ ԵՄ ԳԱԼՈՒ

Հոկտեմբեր 13,2004 00:00

Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկությանը որպես հյուր ներկա էր նաեւ երկար տարիներ Շվեդիայի դրոշի ներքո հանդես եկող Աթենքի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն գյումրեցի Արա Աբրահամյանը: Օգտվելով առիթից, մեր մարզական էջի պատասխանատուն զրուցեց նրա հետ:

– Քանի՞ տարի չէիր եղել հայրենիքում:

– Ութ եւ, անկեղծ ասած, շատ էի կարոտել: Սրանից հետո ավելի հաճախ եմ գալու:

– Դու ծնվել-մեծացել ես Հայաստանում, որպես ըմբիշ էլ այստեղ ես կայացել: Ինչպե՞ս հայտնվեցիր Շվեդիայում:

– Պատահական ստացվեց: 1996 թվականին հայաստանցի երիտասարդ ըմբիշներով մեկնել էինք մրցումների: Լավ արդյունքներ ունեցանք: Վերջին պահին երեք ընկերով որոշեցինք մնալ ու այնտեղ մարզվել: Բայց կյանքն այնպես դասավորվեց, որ մնացինք:

– Առաջարկ կամ հրավեր կա՞ր, թե՞ արկածներ էիք որոնում:

– Մտածեցինք մի քանի ամիս մնալ: Սկզբում շատ դժվար էր: Ոչ ոքի չէինք ճանաչում, լեզու չգիտեինք: Բայց մի որոշ ժամանակ անց անդամագրվեցինք «Սպորտվեյգեն» ակումբին: Այնտեղ մեզ գիտեին: Լուծեցին բնակարանի հարցը, այլ խնդիրներ ու մնացինք:

– Քաղաքացիություն բավականին ուշ ստացար: Մինչ այդ ինչպե՞ս էիր քեզ զգում:

– Շվեդական անձնագիր ստացել եմ 99-ին` աշխարհի առաջնությունից ընդամենը երկու շաբաթ առաջ: Եվ հենց այդ ժամանակվանից էլ դարձա Շվեդիայի հավաքականի հիմնական անդամներից մեկը: Բայց դրանից մոտ 1,5 տարի առաջ ընդհանրապես չէի մարզվում: 1996-ին Ատլանտա մեկնելու նպատակով եկա Հայաստան ու հավաքականի կազմում մասնակցեցի Եվրոպայի առաջնությանը, որը նաեւ վարկանիշային էր: Բայց տասնյակ մտնել չկարողացա ու որոշեցի կրկին վերադառնալ Շվեդիա:

– Հիմա Հայաստանում օրվա թեման Աթենքում մեր մարզիկների ձախողումն է: Դու, որ այստեղ ոչ ոքից կախում չունես ու կարող ես անկեղծ արտահայտվել, ինչպե՞ս ես գնահատում Հայաստանում սպորտի, մասնավորապես՝ ըմբշամարտի ներկայիս վիճակը եւ քո կարծիքով ի՞նչ է հարկավոր անել այն լավացնելու համար:

– Դա շատ բարդ խնդիր է ու մեկ դեղատոմսով հնարավոր չէ լուծել: Դրա համար երկար ժամանակ կպահանջվի: Ժամանակակից սպորտը ֆինանսական հսկայական ներդրումներ է պահանջում բոլոր օղակներում` սկսած մանկապարտեզից, հանրակրթական դպրոցից, մասսայական սպորտից, վերջացրած բարձր արդյունքների սպորտով: Դրանցից մեկի խափանումը անդրադառնում է նաեւ մյուս օղակների աշխատանքի վրա: Իմ պատկերացմամբ՝ հարկավոր է դեմքով շրջվել դեպի պատանեկան, երիտասարդական սպորտ: Հայաստանում տաղանդներ միշտ եղել են ու հիմա էլ կան: Մեր` 70-ականների սերունդը մոտենում է մարզական կարիերայի ավարտին: Հիմա անհրաժեշտ է միջոցները ուղղել աճող սերնդին, նրանց համար պետք է ավելի հաճախ հավաքներ կազմակերպել, շուտ-շուտ մրցումների գործուղել: Կարեւոր է նաեւ մարզումային պայմանները բարելավել: Հիշում եմ, թե ինքս 90-ականների սկզբներին ինչ պայմաններում էի մարզվում. լույս չկար, ջեռուցում չկար, ջուր չկար: Հիմա, փառք Աստծո, վիճակն աստիճանաբար դեպի լավն է գնում:

– Մեր ու Շվեդիայի պայմանները համեմատության որեւէ եզր ունե՞ն:

– Ի՞նչ ես ասում: Սար ու ձորի տարբերություն կա: Այնտեղ նույնիսկ ակումբների բազաներն այնքան լավն են, որ Հայաստանում դրա մասին կերազեն: Բայց երբ անգամ այս պայմաններում ժամանակ առ ժամանակ լուրջ արդյունքներ են արձանագրվում, դա հայերի ներուժի վկայությունն է:

– Իրոք, ժամանակակից սպորտը մեծ փողեր է պահանջում եւ հաղթում է այն երկիրը, որը կարողանում է անհրաժեշտ ներդրումներ կատարել: Բայց դա հաջողության մի մասն է միայն: Պակաս կարեւոր չէ մարզչական աշխատանքի որակը: Օրինակ, այս մրցաշարում, նայելով հայաստանցի ըմբիշների մրցելույթներին, չե՞ս նկատում, որ նրանց ինչ-որ բան չի բավականացնում:

– Տեսնում եմ, որ ֆիզպատրաստականությունն այն չէ: Տղաները չորրորդ րոպեից սկսած հոգնում են ու պայքարը մինչեւ վերջ չեն կարողանում նույն ոգեւորությամբ տանել: Կարծես հոգեբանական պատրաստվածությունն էլ կաղում է: Ինձ թվում է, որ նրանք գորգ մտնում են մի տեսակ ընկճված ու չեն կարողանում իրենց իրական կարողությունները դրսեւորել:

– Հայաստանում քեզ հիշում, սիրում ու երկրպագում են: Աթենքում դու «արծաթ» նվաճեցիր, բայց այստեղ քեզանից «ոսկի» էին ակնկալում:

– Սպորտում ամեն ինչ էլ լինում է: Հաղթանակն ու անհաջողությունը միշտ միասին են քայլում: Ինչ վերաբերում է Աթենքին, իմ համոզմամբ, եթե եզրափակիչում անգամ չհաղթեցի, ապա նաեւ չպարտվեցի էլ: Մի հանգամանք էլ կա, որը մարզասերը ոչ մի կերպ չի ուզում հասկանալ: Չես պատկերացնում, թե հայերս միջազգային ասպարեզներում ինչ դժվարություններ ենք ստիպված լինում հաղթահարել, մի բան, որ հաճախ ուժերից վեր է: Մենք պայքարում ենք ոչ միայն մրցակցի, այլեւ մրցավարների դեմ:…

– Դու նունպե՞ս, երբ ներկայացնում ես Շվեդիայի նման երկիրը:

– Եթե հայի ազգանուն ես կրում, երկիրը կապ չունի:

– Արդեն 29 տարեկան ես, բայց, որքան տեղյակ եմ, գորգին հրաժեշտ տալ չես շտապում: Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցելո՞ւ ես:

– Առայժմ մտածում եմ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մասին: Իսկ օլիմպիական խաղերի մասին մտածելու ժամանակ դեռ կա:

– Եթե որոշես մասնակցել, չե՞ս ուզում լինել Հայաստանի հավաքականի կազմում:

– Շատ կցանկանայի: Բայց դրա համար պետք է երկու տարի Շվեդիայի հավաքականից չմասնակցեմ պաշտոնական մրցումների: Իմ տարիքում նման բան անելը երեւի անմտություն կլինի: Հետո անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերելը անչափ դժվար կլինի, գուցե՝ նաեւ անհնար:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել