Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվս մեկ Անուշ

Հոկտեմբեր 13,2004 00:00

Ուսանողուհին հանդես կգա հայտնի դերերգով

Ազգային օպերային թատրոնի հոկտեմբերի 24-ի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի ներկայացումը թատրոնի ղեկավարությունը նվիրում է հայկական վոկալ արվեստի երախտավոր, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի ծննդյան 75-ամյակին: Գլխավոր դերերգերով հանդես կգան պրոֆեսորի ուսանողները:

Առաջին անգամ Անուշի դերերգը կկատարի կոնսերվատորիայի 5-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Ալեքսանյանը, որը վերջերս Ֆրանսիայում Թուլուզի քաղաքապետարանի կողմից անցկացվող վոկալիստների ամենամյա 45-րդ միջազգային մրցույթում արժանացավ 3-րդ մրցանակի:

Երգչուհու հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ այս տարի հուլիսին նա մասնակցել է նաեւ Վիեննայում Հանս Գաբոր Բելվեդերի անվան մրցույթին՝ արժանանալով դիպլոմի: Դիտարկմանը, թե այնքան պետք է մասնակցեիք մրցույթների, մինչեւ շահեիք դափնի, Լ. Ալեքսանյանը հակադարձեց. «Նպատակս բնավ դա չէր: Ուզում էի ծանոթանալ աշխարհում վոկալ արվեստի ձեռքբերումներին»: «Եվ ի՞նչ պարզեցիք» հարցին երգչուհին պատասխանեց. «Անկեղծ ասած, պարզեցի, որ հայկական վոկալ դպրոցի ներկայացուցիչներս դեռ մեկ քայլ էլ առաջ ենք ճանաչված շատ վոկալ դպրոցներից այն պարզ պատճառով, որ բնությունը այս հարցում հայերիս հանդեպ չափազանց շռայլ է: Անկասկած, մեծ դեր ունի նաեւ աշխատասիրությունը»: Մեր հետաքրքրությանը, թե ինչպե՞ս վստահվեց Անուշի դերերգը եւ մտավախություն չկա՞, արդյոք, դեռեւս ուսանողի կարգավիճակում բարձրանալ մեծ բեմ, երգչուհին պատասխանեց. «Ձեր հարցի երկրորդ մասի պատասխանը «հոգում» է կոնսերվատորիան: Ուսումնառության տարիներին քանիցս հանդես եմ եկել մենահամերգներով: Ղազարոս Սարյանի անվան օպերային ստուդիայի մեներգչուհի եմ, բազմիցս կատարել եմ հայ, արեւմտաեվրոպական կոմպոզիտորների օպերաներից արիաներ, զուգերգեր: Օպերային ստուդիայի հետ ելույթներ եմ ունեցել Հայաստանի մարզերում: Իսկ այս տարվա օգոստոսին, երբ Արցախում առաջին անգամ ներկայացվում էր օպերա (օպերային ստուդիայի բեմադրած Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի»), հանդես եկա Սերպինայի դերերգով: Չէի ասի շատ, բայց բեմական փորձ ունեմ»: Ինչ վերաբերում է Անուշին, Լիանան խոստովանեց, որ դեռ այս տարվա փետրվարին, Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գ. Գրիգորյանը լսելով իրեն, վստահել է հիշյալ դերերգը: «Իսկ այս ներկայացման լուրը Ֆրանսիայում մրցույթի օրերին հեռախոսով ինձ հայտնեց կոնցերտմայստերս»,- նշեց երգչուհին:

Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել