Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԻՐԵՆՔ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

Հոկտեմբեր 13,2004 00:00

ՆԱՏՕ-ում
ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բարնսի բացառիկ հարցազրույցը – Շատերը կարծում են,
որ Հայաստանը վաղ թե ուշ ստիպված կլինի ընտրություն կատարել Ռուսաստանի հետ սերտ
ռազմաքաղաքական հարաբերությունների պահպանման եւ ՆԱՏՕ-ին հետագա ինտեգրման միջեւ:
Գոյություն ունի նաեւ այլ տեսակետ. Հայաստանը կարող է յուրօրինակ կապող օղակ դառնալ
Հարավային Կովկասում Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ: Այս երկու դիրքորոշումներից ո՞րն
է ավելի հոգեհարազատ Ձեզ համար: – Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը
խոսում է «կոմպլեմենտարության» սկզբունքի մասին, որը կոչված է հավասարակշռել եվրատլանտյան
հանրության հետ կապերը եւ Ռուսաստանի հետ պատմական հարաբերությունները: Ձեր նախարարի
տեսակետի օգտին են խոսում այն փաստերը, որ ԳՀԽ-ին («Գործընկերություն հանուն խաղաղության»
– խմբ.) են մասնակցում նաեւ ԱՊՀ այլ երկրներ, որ Ռուսաստանը հատուկ եւ կառուցողական
հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ եւ այն, որ մենք համագործակցում ենք Ռուսաստանի
հետ անվտանգության հարցերում՝ Միջերկրական ծովից մինչեւ Արկտիկա ընկած տարածքում:
Միեւնույն ժամանակ, իրոք, էական տարբերություններ կան ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի՝
զինված ուժերի եւ պաշտպանական կառույցների կազմակերպման ձեւերում: Եթե Հայաստանը
ցանկանում է էապես բարելավել իր համատեղելիությունը ՆԱՏՕ-ի հետ, նա ստիպված կլինի
արդիականացնել այդ կառույցներից մի քանիսը: Այսպիսով, կան գործնական հարցեր, որոնք
կարող են համոզել ձեր կառավարությանն ավելի սեւեռուն հայացք գցել Հայաստանի զինված
ուժերի ապագա կառուցվածքին: – Արեւմտյան մամուլում հաճախ կարելի է հանդիպել
կարծիքներ այն մասին, որ ռուսամետ Հայաստանը զիջում է Վրաստանին եւ Ադրբեջանին, որոնք
«ավելի անկեղծ են» ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու իրենց ձգտման մեջ:
Հենց այդ պատճառով էլ, ասում են նման դատողությունների հեղինակները, ՆԱՏՕ-ին հարկավոր
է մոռանալ Հայաստանի մասին եւ հիմնական ուշադրությունը հատկացնել Վրաստանին եւ Ադրբեջանին:
Ի՞նչ կարծիքի եք այս մասին: – Ստամբուլում կայացած գագաթաժողովում ՆԱՏՕ-ն
որոշեց հատուկ ուշադրություն հատկացնել Կովկասին եւ Կենտրոնական Ասիային, նշանակել
կապի սպաներ եւ հատուկ ներկայացուցիչ երկու տարածաշրջանների համար: Ժամանակի եւ ջանքերի
ծավալը, որը կհատկացվի այս տարածաշրջանների առանձին երկրներին, մեծապես կախված կլինի
նրանց սեփական կարիքներից, ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության իրենց ընտրած մակարդակից:
ԳՀԽ-ն գործում է 26+1 բանաձեւով, ինչը ենթադրում է, որ գործընկերներն ինքնուրույն
են ընտրում այն միջոցառումները, որոնց ցանկանում են մասնակցել: Այսպիսով, պատասխանն
այն հարցին, թե «ինչպիսի՞ ուշադրության կարժանանա Հայաստանը ՆԱՏՕ-ի կողմից», իրոք
կախված է ձեզանից: Վրաստանը եւ Ադրբեջանը Հայաստանի նման ակտիվ էին ԳՀԽ-ում
եւ ԵԱԳԽ-ում (Եվրատլանտյան Գործընկերության Խորհուրդ – խմբ.): Ես եւս մեկ անգամ կցանկանայի
նշել Հայաստանի ներդրումը Կոսովոյի խաղաղապահ գործողությունում եւ Cooperative Best
Effort-2003 զորավարժությունների հաջող անցկացումը: Վերջերս Հայաստանը հայտարարեց
ՆԱՏՕ-ի հետ Գործընկերության անհատական ծրագիր նախապատրաստելու մտադրության մասին,
որն առավել թափանցիկության եւ արդյունավետության սկզբունքով ռազմական իսնտիտուտների
վերակազմավորման պատասխանատու եւ փառասիրական ծրագիր է: Դա ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը
շարունակելու պատրաստակամության հստակ ապացույց է, եւ Դաշինքն ընդունում է դա: –
Ապրիլին Վարդան Օսկանյանն ասել էր. «Եթե ստացվի այնպես, որ Վրաստանը եւ Ադրբեջանը
ի վերջո դառնան ՆԱՏՕ-ի անդամներ, իսկ Հայաստանը՝ ոչ, ապա ակնհայտ է, որ դա նոր բաժանարար
գծեր կառաջացնի Կովկասում»: – Ստամբուլում ՆԱՏՕ-ն հաստատեց «բաց դռների» իր
քաղաքականությունը եւ հայտարարեց, որ յոթ նոր անդամների անդամակցությունը Դաշինքի
վերջին ընդլայնումը չէր: Սակայն դեռեւս վաղաժամ է խոսել ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի
որեւէ երկրի անդամակցության հնարավորության մասին: ՆԱՏՕ-ի նպատակը այս տարածաշրջաններում
անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումն է, եւ մենք պատրաստ ենք սերտորեն
համագործակցել Կովկասի երկրների հետ խաղաղության եւ կայունության հասնելու համար:
– Հարավային Կովկասը դարձել է ամենաառաջնահերթային տարածաշրջաններից մեկը
Դաշինքի համար: Արդյո՞ք սա անհանգստության նոր ալիք չի առաջացնի Ռուսաստանում: –
ՆԱՏՕ-ի հատուկ ուշադրությունը Կովկասի նկատմամբ չպետք է անհանգստություն առաջացնի
Մոսկվայում: ՆԱՏՕ-Ռուսաստան Խորհրդի շնորհիվ Դաշինքի անդամները եւ Ռուսաստանը պաշտպանում
են մեր ընդհանուր շահերը եւ դիմակայում են ընդհանուր սպառնալիքներին: Այս աշխարհամասի
նկատմամբ ՆԱՏՕ-ի հատուկ ուշադրության պատճառը գիտակցումն է այն բանի, որ այդ տարածաշրջանների
երկրների հետ միասին մենք բախվում ենք անվտանգության ընդհանուր այնպիսի սպառնալիքների,
որոնց մեծ մասն ի հայտ է գալիս Եվրոպայի սահմաններից դուրս: Ռուսաստանը նույնպես
բախվում է այդ սպառնալիքներին, եւ նա կարող է միայն շահել ՆԱՏՕ-ի աշխատանքից այս
ոլորտում: – Գարնանը Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի փոխհրամանատար Չարլզ Վոլդը
Երեւանում հայտարարել էր, որ Դուք անձամբ զբաղվում եք Ադրբեջանի տարածքում Cooperative
Best Effort-2004 զորավարժություններին հայ զինծառայողների մասնակցության հարցով:
Որքանո՞վ էր բարդ այդ աշխատանքը: – Մեզ տպավորել էր այն, թե ինչպես Երեւանն
անցկացրեց Cooperative Best Effort-2003 զորավարժությունները նաեւ այն պատճառով,
որ դրանց մասնակցեցին թուրք սպաներ, ինչպես նաեւ մասնակցության հրավեր ուղարկվեց
Ադրբեջանին՝ չնայած երկրների միջեւ լարված հարաբերություններին: Մենք պաշտպանում
ենք Cooperative Best Effort-2004 զորավարժությունների կասեցման մասին ՆԱՏՕ-ի որոշումը
եւ խոր ափսոսանք ենք հայտնում հայ մասնակիցներին մուտքի արտոնագրեր չտրամադրելու
Բաքվի որոշման կապակցությամբ: Մեր կարծիքով, այդ որոշումը հակասում է ՆԱՏՕ-ի հետ
համագործակցության եւ Դաշինքի հետ ավելի սերտ գործընկերության հաստատման մասին Ադրբեջանի
հաճախակի հայտարարություններին: – Երեւանը բազմիցս հայտարարել է այն մասին,
որ հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածությունը բացասաբար է ազդում ՆԱՏՕ-ի
հետ Հայաստանի հարաբերությունների վրա, քանի որ հասարակական կարծիքը հաճախ նույնացնում
է ՆԱՏՕ-ն հենց Թուրքիայի հետ: Ընդունու՞մ եք նման խնդրի առկայությունը: –
Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների պատմությունը չի կարող շտկվել մեկ օրում
եւ նույնիսկ՝ մեկ տասնամյակում: Սակայն մի մոռացեք, որ այնպիսի ավանդական թշնամիներ,
ինչպիսիք են Գերմանիան եւ Ֆրանսիան, կամ Հունաստանը եւ Թուրքիան, այժմ կողք կողքի
աշխատում են ՆԱՏՕ-ի կազմում: ՆԱՏՕ-ն ավելին է, քան մեկ առանձին երկիր: Կարեւոր է
նայել ոչ թե Դաշինքի մեկ կոնկրետ անդամի հետ հարաբերություններին, այլ 26 կամ, եթե
հաշվի առնենք նաեւ ԵԱԳԽ, 46 գործընկերներից բաղկացած Դաշինքին մասնակից լինելու շահին:
– Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներկայացուցիչները
վերջերս ավելի հաճախ են խոսում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ցանկալիության մասին:
Որքանո՞վ եք իրատեսական համարում համագործակցությունը ՆԱՏՕ-ՀԱՊԿ ձեւաչափում: –
Սեպտեմբերին ՀԱՊԿ ներկայացուցիչը ԵԱԳԽ-ում պատմեց կազմակերպության գործունեության
տարբեր ուղղությունների մասին: Սակայն քանի որ ՀԱՊԿ բոլոր անդամները նաեւ ԵԱԳԽ անդամ
են, դժվարանում եմ ասել, թե ինչպիսի արժեք կարող է ունենալ այդ կազմակերպության հետ
նոր կապող օղակների ստեղծումը: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալություն՝
հատուկ «ԱՌԱՎՈՏ»-ի համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել