Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Օպտիմալացված» ուսուցչուհին արդարություն է որոնում

Հոկտեմբեր 13,2004 00:00

Կրթության
վարչության տրամադրած տվյալներն իրարամերժ են Օպտիմալացման արդյունքում աշխատանքից
ազատվել է թիվ 177 դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սեդա Պետրոսյանը: Ճիշտ է, աշխատանքից
ազատելու համար հիմք է հանդիսացել այն, որ Ս. Պետրոսյանի աշխատանքային պայմանագրի
ժամկետը լրացել է, սակայն խմբագրությանը, իսկ ավելի ուշ՝ ՀՀ նախագահի աշխատակազմին
ուղղված Ս. Պետրոսյանի դիմում-բողոքում նշվում է, որ տնօրինությունը սխալ ընտրություն
է կատարել՝ դպրոցում թողնելով մաթեմատիկայի ուսուցիչների, որոնք մանկավարժական կրթություն
չունեն: Բացի այդ, բողոքում մատնանշված է մի ուսուցչի անուն, ում պայմանագրի ժամկետը
եւս լրացել է, սակայն նա շարունակում է աշխատել դպրոցում: Ս. Պետրոսյանի փաստարկներով,
որոշակի մասնագիտական խախտումներ է թույլ տալիս նաեւ դպրոցի տնօրենը. «լինելով ֆիզմաթ
գիտությունների թեկնածու, նա դպրոցում նաեւ պատմություն է դասավանդում»: Այլ հարց
է, որ Ս. Պետրոսյանի պայմանագրի ժամկետն ավարտվել է, եւ տնօրենը հիմք ունի նրան աշխատանքից
ազատելու, սակայն բողոքատուն էլ իր հերթին փորձում է արդարությունը վերականգնել:
Բողոքում նշված փաստերը հաստատելու կամ հերքելու խնդրանքով դիմեցինք քաղաքապետարանի
կրթության վարչություն՝ թիվ 177 դպրոցի տեսուչ Սամսոն Շաշիկյանին: Վերջինս քաջատեղյակ
էր խնդրին, եւ թեպետ դպրոցում համապատասխան ստուգումներ դեռեւս չէր իրականացրել,
սակայն ամեն հարցի պատասխանն ուներ (բացի այն հարցից, թե ինչու է ուսուցիչը դատարանի
փոխարեն թերթին դիմում): Այսպես՝ երբ նշեցինք դպրոցում իբրեւ ջոկատավար եւ, միեւնույն
ժամանակ, իբրեւ մաթեմատիկայի ուսուցչուհի աշխատելու մի փաստի մասին, պրն Շաշիկյանը
նախ ասաց, որ այդ անձն ունի համալսարանական կրթություն, ինչն ավելի գերադասելի է,
քան մանկավարժական կրթությունը: Իսկ երբ իմացավ, որ այդ անձի (անուններ չենք նշում)
պայմանագրի ժամկետն էլ է լրացել, սակայն շարունակում է աշխատել, պրն Շաշիկյանը դրա
պատասխանն էլ գտավ. «Նա փոխարինում է մի հիվանդ ուսուցչի»: Պրն Շաշիկյանը
մեզ ցույց տվեց կրթության վարչությունում եղած փաստաթղթերը, որոնք հաստատում էին
նշյալ ուսուցիչների մասնագիտական համապատասխանությունը, սակայն տեսուչը խոստացավ
այդ ամենն ստուգել նաեւ այլ փաստաթղթերում, որ գտնվում են դպրոցում: Այսինքն՝ հնարավոր
է, որ անհամապատասխանություն, այնուամենայնիվ, լինի: Նա խոստացավ նաեւ ճշտել, թե
իրականում ինչ առարկա է դասավանդում դպրոցի տնօրենը՝ նախապես զայրանալով, թե ուսուցչի
ինչ գործն է, թե տնօրենը ինչ է պարապում, կամ՝ «ինչո՞ւ նա այդ ամենը չէր ասում այն
ժամանակ, երբ աշխատում էր դպրոցում»: Այնուհետեւ ավելացրեց, որ գուցե տնօրենը պարապում
է ոչ թե պատմություն, այլ քաղաքացիական իրավունք, «որովհետեւ այդպիսի թեմաներով դասախոսություն
նա կարդում է նաեւ արտասահմանում»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել