Այդպիսին
էր ԱԺ երեկվա հայտարարությունների հիմնական պաթոսը «Ժողպատգամավոր» խմբի անդամ
Վահրամ Բաղդասարյանը երեկ հայտարարեց, որ չարժե երկրի ամբողջ ճակատագիրը տալ կուսակցություններին,
որոնք տարբեր գաղափարախոսություններով, երկար տարիների փոխադարձ թշնամանքով այսօր
կազմում են բլոկներ, կոալիցիաներ։ Իր հերթին «Արդարություն» խմբակցության
անդամ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ միջազգային գնահատականը Ղարաբաղի հիմնահարցին
ավելի է կոշտացել, քանի որ Հայաստանը շեղվել է ժողովրդավարության ուղուց, եւ հենց
Հայաստանը նպաստեց, որ Ղարաբաղը դուրս մնա բանակցային գործընթացից։ Շավարշ Քոչարյանի
եզրակացությունն է նաեւ հետեւյալը. «Հայաստանը վաղուց պետք է ճանաչեր ԼՂՀ-ի անկախությունը։
Եթե այդ անկախությունը չի ճանաչել ամենաշահագրգիռ կողմը՝ Հայաստանը, ապա ինչո՞ւ պետք
է այդ հարցը քննարկվի օտարների կողմից»։ ԱԺ երեկվա հայտարարությունների ժամանակ հնչեցին
մի քանի ուղղվածության ելույթներ՝ Ղարաբաղի շուրջ, ինչպես նաեւ ընդդիմության՝ իշխանափոխության
մշտական պահանջը։ ՕԵԿ-ը հանդես եկավ անվերջանալի թվացող հայտարարություններով, որոնք
վերաբերում էին պատվեր կատարող պատգամավորներին, «Ժողպատգամավորը» կրկին բարձրացրեց
մեծամասնական ընտրական համակարգի առավելությունների հարցը։ Հետաքրքիր է, որ դահլիճում
ոչ մի դաշնակցական չկար, իսկ Հանրապետականը բավականին պասիվ էր։ Արշակ Սադոյանը
երեկ թեպետ կրկին անդրադարձավ «ԱրմենՏելին», սակայն այս անգամ բավականին լուրջ հայտարարություն
արեց այն մասին, որ իր կյանքին վտանգ է սպառնում. «Ես ստիպված եմ անել այս հայտարարությունը։
Արդեն մի քանի օր է՝ կոնֆիդենցիալ պայմաններում ինձ դիմում են իշխանությունների հետ
առնչված երեք անձնավորություն՝ իրարից անկախ։ Ես խոստացել եմ անուններ չհրապարակել,
որովհետեւ վտանգ է սպառնում ոչ միայն իմ կյանքին, այլեւ՝ նրանց։ Ամենայն լրջությամբ
այդ անձինք հայտարարում են՝ որպեսզի OTE-ն կարողանա վաճառել իր բաժնետոմսերը, եւ
որպեսզի այդ վաճառքը մեծ եկամուտներ տա, նրանք խոստանում են ըստ մեկ աղբյուրի՝ 5
միլիոն, ըստ մյուս աղբյուրի՝ 7 միլիոն դոլար տրամադրել կառավարության ներկայացուցիչներին,
եթե կարողանան մինչեւ վաճառքի գործարքը ԲԲԸ-ի կամ այլ ճանապարհով մենաշնորհի որոշակի
մասն ապահովել։ Սա է իրականությունը»։ Սակայն ՕԵԿ-ին կարծես թե սա չէր հուզում, որովհետեւ
նրանց հայտարարությունները այլ բանի մասին էին. «Ինչո՞ւ եք խառնվել իրար, թե՞ ձեզ
անհանգստացնում է Արթուր Բաղդասարյանի բարձր վարկանիշը ժողովրդի մոտ, եւ որոշել եք
կեղտոտ խաղեր տալ։ Միեւնույն է՝ ոչինչ չի ստացվի, քանի որ օրեցօր մեր համախոհների
բանակը ավելանում է»։ «ԱրմենՏելը» նաեւ «Ժողպատգամավորին» չէր հուզում, որովհետեւ
Վահրամ Բաղդասարյանը իր հայտարարությունը նվիրեց «շփոթված» ընդդիմությանը եւ «շինծու»,
իրարամերժ քաղաքական ուժերից կազմված մեծամասնությանը»՝ կոալիցիային։ Ըստ Վահրամ
Բաղդասարյանի՝ երկրի իշխանության պատասխանատվությունը վերցրած կոալիցիան պետք է զբաղվի
օրենսդրի բնականոն աշխատանքը կարգավորելով եւ ոչ թե գործադիր մարմինը քաղաքականացնելով։
Վահրամ Բաղդասարյանը հանրությանը հղում անելով՝ ասաց, թե կասկած կա, որ ընդդիմությունը
համագործակցում է գործող կոալիցիայի հետ եւ չի վերադառնում ԱԺ, որպեսզի հնարավորություն
տա կոալիցիային՝ ուզած օրինագիծը անցկացնելու, «եւ չեմ հասկանում՝ մոլորությա՞ն,
թե՞ շփոթության մեջ են գտնվում։ Որովհետեւ հետեւում եմ ընդդիմության պահանջներին,
որոնք փոփոխական են եւ իրար հակասող»։ Հակադարձելով Վահրամ Բաղդասարյանին՝
ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խորհուրդ տվեց. «Խորհուրդ չտալ ընդդիմությանը,
այլ՝ խորհուրդ տալ Ռոբերտ Քոչարյանին։ Ընդդիմությունն այսօր ամբողջ ժողովուրդն է,
եւ Քոչարյանին սատարող քաղաքական ուժերը պետք է հեռանան իր հետ միասին»։ ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ