Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԼԱՎԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ»

Հոկտեմբեր 13,2004 00:00

Քաղաքագետ
Ստեփան Գրիգորյանը տարածաշրջանում կտրուկ զարգացումներ է կանխատեսում: «Ես
չեմ հավատում իրենց ասածին, քանի հրաժարական չեն տալիս»,- «Առավոտի»՝ ի՞նչն էր պատճառը,
որ ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանին «ազգի դավաճան» հայտարարած մարդիկ, այդ թվում
նաեւ դաշնակցական առաջին դեմքերը, ԵԽԽՎ նիստում կրկնեցին նրա տեսակետները՝ ԼՂՀ հակամարտության
կարգավորման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասաց «Արմատ» կենտրոնի անդամ Ստեփան Գրիգորյանը:
Ըստ նրա, ղարաբաղյան թեմայի շուրջ այս տարիների զարգացումները ապացուցեցին, որ պահանջատիրական
քաղաքականությունը պարտված է, ուստի՝ «տրամաբանությունը հուշում է, որ այդ ուժը պետք
է հրաժարական տա: Իշխող քաղաքական ուժերը պետք է իրենց մեջ ուժ գտնեն ու ժողովրդից
ներողություն խնդրեն, որ ԼՂՀ հարցը տարան հայդատական տիրույթ ու ապակողմնորոշեցին
հայ հասարակությանը: Նաեւ ասեմ, որ ԼՂՀ հարցում միակ ճիշտ դիրքորոշումը Լեւոն Տեր-Պետրոսյանինն
էր: Քանզի այսօր անձնական խնդիր չի լուծվում, այլ վտանգի տակ է դրված Ղարաբաղի գոյությունը»:
Խոսելով ԵԽԽՎ նստաշրջանի վերջին զարգացումներից, պարոն Գրիգորյանը հարկ համարեց
մեկ անգամ եւս շեշտել, որ «Հայաստանի պատգամավորական կորպուսի որակը շատ ցածր է եւ
դրա պտուղներն այսօր տեսնում ենք. մեր դիրքերը միջազգային կառույցներում օրեցօր թուլանում
են: Հայաստանի ԱԺ-ում, լավագույն դեպքում, կան քաղաքական ավանտյուրիստներ, իսկ դա
ազդում է միջազգային հանրության հետ մեր աշխատանքի որակի վրա: Մեր պատվիրակության
աշխատանքը ԵԽԽՎ-ում վերածվեց ադրբեջանական պատվիրակության հետ փողոցային «ռազբորկայի»:
Այդ ամբիոնը կարելի էր օգտագործել լուրջ խնդիրներ առաջ քաշելու, այլ երկրների հետ
համագործակցելու համար»: Ուստի, Ստ. Գրիգորյանը բնավ պատահական չի համարում, որ քննարկումների
եւ քվեարկությունների ժամանակ մեր պատվիրակությունը մենակ է լինում, իսկ ադրբեջանցիներին
սատարում են ոչ միայն եվրոպական երկրների պատգամավորները, այլ ե՛ւ ռուսները, ե՛ւ
ուկրաինացիները: «Ուղղակի անորակ պատգամավորները չեն կարող որակով աշխատանք անել»,-
եզրակացնում է մեր զրուցակիցը, մտավախություն արտահայտելով, որ «եթե ԵԽԽՎ-ում եւ
ԵԱՀԿ-ում մեր որակին ծանոթ են, ապա ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում, որոնք սկսել են
տարածաշրջանում ակտիվ աշխատել, այս պատգամավորները եւս կփչացնեն մեր դիրքերը»: Անդրադառնալով
դիտարկման խմբի ներկայացրած՝ Ադրբեջանի եւ Հայաստանի պարտավորությունների կատարման
ընթացքին եւ մեկնաբանելով ձեւակերպումների հստակ, միաժամանակ ոչ կոշտ լինելը, մեր
զրուցակիցն ասում է. «Դա կապված է տարածաշրջանի շուրջ եւ աշխարհում կատարված գլոբալ
փոփոխությունների հետ: Վերջին կես տարում էականորեն բարձրացավ տարածաշրջանի դերը՝
Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ընդլայնման ու Մեծ Մերձավոր Արեւելք ծրագրի հետ կապված: Տարածաշրջանը
դարձել է այդ կազմակերպությունների ռազմավարական շահերի կենտրոն, ուստի բոլոր որոշումները
բխում են հենց դրանից: Իսկ դա նշանակում է, որ մեզ հետ կաշխատեն եւ մեզ կստիպեն ստեղծել
ժողովրդավարական համակարգեր, այլ ոչ թե դուրս կմղեն Եվրոպայից»: «Բռնի» ժողովրդավարություն
պարտադրելը Ստեփան Գրիգորյանը այսպես է գնահատում. «Կասկած չունեմ, որ դրական արդյունքներ
կտա, քանի որ եւ Հայաստանում, եւ Վրաստանում կան ուժեր, որոնք այդ գաղափարների կրողն
են: Այսինքն, դա չի լինի արհեստական, քանզի հիմք կա: Նաեւ դա է պատճառներից մեկը,
որ կոալիցիայի անդամները հերթով կրկնում են նախորդ իշխանությունների թեզերը: Իրենք
հասկացան, որ միջազգային հանրությունը ցանկացած խոչընդոտ կվերացնի: Մի օրինակ բերեմ.
Ասլան Աբաշիձեի տարեկան եկամուտը Հայաստանի բյուջեի տասնապատիկն է: Եթե այդ «հզորության»
տեր մարդուն չեզոքացրին, քանի որ նա դեմ դուրս եկավ միջազգային հանրությանը, մնացածի
մասին խոսելն ավելորդ է»: «Առավոտի»՝ «Այս զարգացումների վրա հնարավոր համարո՞ւմ
եք ՀՀՇ-ի վերադարձը, որպես ժողովրդավարության գաղափարակրի» հարցին նա արձագանքեց.
«Ցանկացած նորմալ երկրում, որտեղ հնարավոր կլիներ անցկացնել նորմալ ընտրություններ,
ՀՀՇ-ն նվազագույնը ԱԺ-ում կունենար խմբակցություն: Բայց մեզ մոտ դա հնարավոր չեղավ:
Հստակ կարող եմ ասել՝ մոտ ժամանակներս փոփոխություններ կլինեն եւ աջ ուղղվածությամբ
ուժերի ու այդ սկզբունքները դավանող մարդկանց կշիռը եւ դերը կբարձրանան: Ցանկացած
արհեստական խոչընդոտն այս պարագայում կհանգեցնի Ղարաբաղի կորստին»: ԵԽԽՎ 1405
բանաձեւը Ստ. Գրիգորյանը համարում է շատ լուրջ եւ փոխանցեց իր զարմանքը, որ գործող
իշխանություններն այդքան հիացած են. «Գրեթե բոլոր նախորդ դիտողությունները կան, պարտավորությունները
չեն հանվել: Ավելին, կա նոր տարր՝ Եվրոպայի խորհուրդն առաջարկում է փոփոխել ՀՌԱՀ
կազմը: Այսինքն, կադրային հարցերում կարծիք են հայտնում: Ես չեմ գտնում, որ այդ փաստաթղթում
մեղմացվել է Եվրոպայի դիրքորոշումը: Ուստի կոալիցիայի լավատեսությունն անհասկանալի
է: Այն, որ վերջում նշված չէ, թե հակառակ դեպքում Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից
կամ ընդհանրապես տեղից՝ ես արդեն նշեցի, որ գլոբալ փոփոխություններով է պայմանավորված»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել