Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արհավիրք Հայաստանի եւ հայության համար

Հոկտեմբեր 13,2004 00:00

Ինչու չի կարելի հայկական ստորաբաժանում
ուղարկել Իրաք Սկիզբը` նախորդ համարում Հայաստանի՝
Իրաքի գործողություններին մասնակցության կողմնակիցները հաճախ որպես փաստարկ բերում
են մեր հարեւանների՝ Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայությունը Իրաքում։ Այդ համեմատությունը
քննության չի դիմանում՝ հետեւյալ պատճառներով։ ա) Հարեւաններից ոչ մեկը չունի
հայրենակիցներ իսլամական երկրներում։ Մենք ունենք արաբական եւ մահմեդական այլ երկրներում
հարյուր հազարավոր հայրենակիցներ։ Մի լեհաստանյան հայտարարությամբ մենք այս բոլորին
մեկ ակնթարթում իրենց երկրների հարգված քաղաքացիներից դարձրինք «հինգերորդ շարասյուն»,
թշնամի, դարձրինք թիրախ, պատանդ։ Հայ համայնքներն արաբական երկրներում արդեն իսկ
մեծ տագնապի մեջ են՝ Իրաք հայկական միավորում ուղարկելու հնարավորության հետեւանքով:
բ) Հարեւաններից ոչ մեկի հասցեին չի հնչել մեղադրանք, թե նրանք «գրավել են
իսլամական հողեր» (այդպես է ներկայացվում ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի
կողմից Իսլամական Կոնֆերանս Կազմակերպությունում)։ Լեհաստանյան հայտարարությունից
հետո, ԻԿԿ հերթական հավաքում հազիվ թե Իրանը կամ նախկինում բարեկամ արաբական երկրները
որեւէ քայլ անեն նախկինի պես մեղմելու բանաձեւերը, չեզոքացնելու հակահայ գործողությունների
մասին առաջարկությունները։ Այսպիսով, ծանր հարված է հասցվել նաեւ Արցախին։ գ)
Ադրբեջանն ու Վրաստանը չունեն իրենց տարածքում ատոմակայան՝ ահաբեկության հնարավոր
թիրախ։ Նրանց վերաբերյալ որեւէ երկրի ղեկավար չի հայտարարել, որ շուտով այդպիսի երկիր
«քարտեզի վրա չի լինի»։ Իսկ եթե ավելացնենք, որ նման հայտարարությունները Ադրբեջանի
ղեկավարները անում են իրենց պակիստանյան գործընկերների հետ հանդիպումներից անմիջապես
հետո, հաճախ եւ նրանց հետ միասին, իսկ Պակիստանն այսօր աշխարհի խոշորագույն ահաբեկչական
կազմավորումների տեղաբաշխման, ֆինանսավորման եւ կառավարման կենտրոններից մեկն է,
պատկերն ավելի լրիվ կդառնա։ դ) Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանը ՌԴ ռազմավարական
դաշնակիցը չեն: Դրա հետ կապված, առկա են երկու կարեւորագույն հանգամանքներ։ –
Ռուսաստանի թույլ տված կոպիտ սխալների հետեւանքով նրանից ավելի ուժեղ խաղացողները
հնարավորություն ստացան ահաբեկչության հիմնական թիրախի կարգավիճակը «զիջել» վերջինիս:
– Կովկասը, որպես աշխարհի վերաձեւավորման գործընթացում կարեւոր մի կռվախնձոր
(թե ինչու է դա այդպես, կպարզաբանենք հետագայում), պետք է, ըստ Արեւմուտքի վճռի,
մնա առանց ռուսական էական ներկայության։ Սա լրացուցիչ բարդություններ է ստեղծում
Կովկասում Ռուսաստանի միակ հենարանի՝ Հայաստանի համար։ Այսպիսով, հայ ստորաբաժանում
Իրաք ուղարկելու մասին հայտարարությունը խոշորագույն սխալ էր, ծանրագույն հարված
Հայաստանի, Արցախի, ողջ հայության համար: ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել