Այսպես
մեկնաբանվեց ԵԽԽՎ ամբիոնից Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն
Արսենյանի հայտարարությունը, թե ինքը, որպես Հայաստանի ընդդիմության անդամ՝ ցանկանում
է ներկայացնել իր տեսակետն այն առաջընթացի մասին, որ իրականացրել է մեր երկիրը:
– Փոքր-ինչ անակնկալ հայտարարություն էր, քանի որ Հայաստանում միայն վերջերս
հայտնի դարձավ, թե ՄԱԿ-ն այլեւս չի միանալու կոալիցիայի նախաձեռնություններին: Ինչպե՞ս
հանկարծ դարձաք ընդդիմություն: – Նախ, հարկ է պարզաբանել, թե Հայաստանի պատվիրակության
կազմում Ստրասբուրգ չէի գնացել, որ այնտեղ խոսեի մեր քաղաքական ասպարեզում ՄԱԿ-ի
տեղի մասին: Ուղղակի մինչ ինձ՝ այլ ելույթ ունեցողներ էին եղել, մասնավորապես` պատվիրակության
ղեկավար Տիգրան Թորոսյանը: Եվ նա սահմանադրական բարեփոխումների իրականացման պարտավորության
առնչությամբ ասաց, թե կա 3 տարբերակ՝ մեկը ներկայացրել է իշխող կոալիցիան, մյուսը՝
ընդդիմությունը ներկայացնող անհատ պատգամավորը, եւ երրորդ տարբերակը ներկայացված
է «չափավոր ընդդիմություն» հանդիսացող քաղաքական ուժի կողմից (երեկ ասուլիսում «ՀԺ»-ի
հարցին ի պատասխան, թե այդ ո՞ւմ է ընդդիմություն ՄԱԿ-ը՝ Տիգրան Թորոսյանը պատասխանեց.
«Այն խմբակցությունները, որոնք չեն մասնակցում կառավարության ձեւավորմանը, ընդդիմություն
են՝ անկախ նրանից, թե նրանք ո՛ւմ եւ ինչքա՛ն են ընդդիմություն».- Ա. Ի.): Իմ ելույթում
նախ ընդամենը ներկայացա ԵԽԽՎ պատվիրակներին, թե ես այն քաղաքական կառույցի ղեկավարն
եմ, որի մասին քիչ առաջ ասում էր պրն Թորոսյանը: – Այդ ներկայացմամբ, փաստորեն,
հաստատել եք այդ գնահատականը: – Ես վաղո՜ւց եմ հաստատել այն՝ դեռ 2004-ի մայիսին
«ՀԺ»-ին տված հարցազրույցում, որից հետո վերահաստատել եմ այդ դիրքորոշումը «ՀԱ»-ում,
դրանից հետո եւս մեկ անգամ՝ «Երկիր-մեդիա»-ին տված հարցազրույցում: – «Ազատություն»
ռ/կ-ին տված հարցազրույցում պարզաբանեցիք, թե ընդդիմություն եք կոալիցիային: Ասվածը
վերաբերո՞ւմ է նաեւ կոալիցիայի 4-րդ կողմին՝ հանրապետության նախագահին: –
Անգամ հանրապետության նախագահի ստորագրած փաստաթղթերին եթե համաձայն չենք՝ քվեարկություններով
շատ հստակ արտահայտում ենք մեր անհամաձայնությունը: Որպես օրինակ թույլ տվեք հիշեցնել
այն պայմանագիրը, որը «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրի փաթեթում էր՝ դրանով Ռուսաստանի
առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը Հայաստանի Հանրապետությունը տրամադրեց
6 մլն դոլարի հարկային արտոնություն: ՄԱԿ խմբակցության բոլո՛ր անդամները պարզապես
դեմ քվեարկեցին այդ պայմանագրին: Սա էլ Ձեր հարցի պատասխանը: Ինչին համաձայն չենք՝
համաձայն չենք, անկախ նրանից, թե ով է հեղինակը: – Այսուհանդերձ, ՄԱԿ-ը իշխող
կոալիցիայի հետ համատեղ է մասնակցում նախագահի նստավայրում Ռոբերտ Քոչարյանի հետ
հանդիպումներին: Սա ընդդիմությանը հատո՞ւկ պահվածք է: – Գիտեք ինչ՝ շաբլոնների
դաշտից դուրս եկեք բնականոն բանականության եւ ողջամտության դաշտ: Եթե հանրապետության
նախագահի մոտ որեւէ քննարկում կա, որին մասնակցում է նաեւ ՄԱԿ-ի ղեկավարը՝ այն վերաբերում
է միայն հարցի քննարկմանը, որի ժամանակ հնչում են տարբեր տեսակետներ: Իսկ ես միշտ
պաշտպանում եմ այն տեսակետը, որի կրողը մենք ենք: Միշտ չէ, որ այդ տեսակետը դառնում
է որոշիչ: Եվ լինում են դեպքեր, որ այն ուղղակի հակադրվում է այն տեսակետին, որը
գերիշխող է այդ քննարկումներում: Սակայն չեմ համարում, թե պետք է հաշվետու լինեմ
մամուլին այդ քննարկումների մասին, եւ չեմ գտնում, թե պետք է հրապարակվեն այդ քննարկումների
ընթացքում հնչած փաստարկները եւ հակափաստարկները: – Արդեն իսկ մեկնաբանություններ
են հրապարակվել, թե ՄԱԿ-ն ընդամենը բուտաֆորային կամ պաշտոնական ընդդիմություն է,
որը միանգամից երկու խնդիր է լուծում՝ ե՛ւ արտաքին աշխարհի համար լրացնում է ընդդիմության՝
ԱԺ-ում թափուր մնացած տեղը, ե՛ւ կոալիցիոն ուժերին է հիշեցնում, թե անհարկի ինքնուրույնություն
դրսեւորելու դեպքում նրանց կփոխարինի ՄԱԿ-ը: – Մի քանի վարկած էլ կարող եմ
ե՛ս առաջարկել. օրինակ, թե սա ՄԱԿ-ի կողմից իրականացված մարտավարական հնարք է, որ
ստիպենք խորհրդարանական ընդդիմությանը վերադառնալ ԱԺ: Չէ՞ որ նրանք իրոք կարող են
հասկանալ, թե կարող է հանկարծ իրենց «հացին վայիս լինենք», ու արագ ետ գան: Այսինքն՝
ժողովրդին կարող ենք նման ծառայություն մատուցել, քանի որ մարդիկ, ովքեր ստացել են
քննադատելու մանդատը՝ չեն գալիս կատարելու իրենց աշխատանքը: Մեկ այլ վարկած կարող
եմ առաջադրել, թե սա ՀՀՇ-ի կազմակերպած խաղն է, որ վարկաբեկվի Հայաստանում գործող
ընդդիմությունը: – Ձեզ հնարավոր չէ նույնացնել ՀՀՇ-ի հետ: – Շնորհակալություն.
ուրեմն՝ կարող ենք շրջանառությունից հանել այդ վարկածը: Քանի որ կան որոշ լրագրողներ,
որոնք անընդհատ պնդում են, թե մեր ետեւից երեւում են ՀՀՇ-ի ականջները: Սակայն
ես հասարակության համար ունեմ իրական վարկածը, որն է՝ ՄԱԿ-ի ե՛ւ խմբակցության, ե՛ւ
կուսակցության անդամները, ե՛ւ քաղաքական ղեկավարությունը ինքնուրույն մարդիկ են:
Ընդամե՛նը: Թող հասարակությունը եւ լրագրողները սովորեն, որ Հայաստանում կան նման
մարդիկ, ովքեր ունակ են անել ինքնուրույն դատողություններ ու հետեւություններ, քայլել
ինքնուրույն եւ կառուցել իրենց կյանքն այնպես, ինչպես իրենք են համարում ճիշտ: Հարցազրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ