Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՈՒԺԵԼ ԵՆ ՄԱՆՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ

Հոկտեմբեր 13,2004 00:00

Նրանց համար մատչելի է միայն Վերին Լարսով անցնող ճանապարհը

Հոկտեմբերի 9-ին Տավուշ կատարած այցի արդյունքների ամփոփման ժամանակ անդրադառնալով արդեն շուրջ մեկ ամիս Վերին Լարսում ստեղծված իրավիճակին եւ ռուս-վրացական փակված սահմանակետում մեր հայրենակիցների ճակատագրին վերաբերող հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ՌԴ նախագահի հետ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել միայն սահմանակետում կուտակված ավտոմեքենաների համար բացել անցակետը: Ըստ նրա, պատճառները, որ դեռ հոկտեմբերի 9-ին անցակետը փակ էր, ավելի շատ տեխնիկական են: Ռ. Քոչարյանը չէր կարող ասել, թե ինչու այն պահին ճանապարհը չէր բացվել՝ պատճառաբանելով, որ ինքը Տավուշի ճանապարհին է:

«Արդյունաբերողների եւ գործարարների միության» նախագահ Արսեն Ղազարյանի գնահատմամբ, որն, ի դեպ, միաժամանակ նաեւ «Ապավեն» ընկերության գլխավոր տնօրենն է, Վերին Լարսի անցակետով Հայաստան մուտք է գործում ներկրվող ապրանքների ոչ ավելի, քան 20 տոկոսը: Այդուհանդերձ, որքա՞ն վնաս է կրել մեր տնտեսությունը ռուսների այս ակցիայի արդյունքում: «Կոնկրետ թվեր դժվար է ասել: Իրական պատկերը հետագա վերլուծության արդյունքում միայն պարզ կլինի, բայց վնասն էական է հատկապես միջին եւ մանր բիզնեսի համար, որոնք աշխատում են ռուսական շուկայից հումքի, սարքավորումների, պատրաստի ապրանքների ներկրմամբ կամ՝ Հայաստանից արտահանմամբ»,- փաստեց Ա. Ղազարյանը՝ հավելելով, թե այս ճանապարհից օգտվում են նրանք, ովքեր ունեն ոչ ծավալային բեռ եւ արագ փոխադրման խնդիր: «Այս խավի համար, որ ամենանուրբն է, որի ռեսուրսներն ամենասուղն են, եւ որն, իրոք, արագության համար վճարում է մի փոքր թանկ, այս մեկ ամիսը խիստ կործանարար էր: Պատահական չէ, որ ՀՀ քաղաքական ղեկավարության համար սա օրակարգային հարց է: Բայց կարեւոր է նաեւ, թե հետագան ինչպես կլինի, եւ արդյո՞ք այդ անցակետը՝ որպես Հայաստանը Ռուսաստանի հետ կապող ցամաքային ուղի, կգործի, արդյո՞ք նրա կարգավիճակը հետագայում դեռ ճշգրտվելու է, կամ սահմանի բացումը ժամանակավոր բնույթ է կրում: Դա նաեւ կարեւոր է մեր բիզնեսը պլանավորելու համար: Եթե սահմանն, աստված չանի, չի բացվելու եւս մի քանի ամիս, մինչեւ ՌԴ-ն իր անվտանգության համակարգերը ստեղծի, ինչը չի բացառվում, ապա մենք ստիպված կլինենք ընտրել գոյություն ունեցող այլընտրանքային ճանապարհները»,- ասաց մեր զրուցակիցը:

Բայց պարզվում է նույնիսկ անցակետի բացման դեպքում հայ գործարարները չեն կարող երաշխավորված լինել, որ անցակետը էլի մի առիթով չի փակվի. «Մենք ապահով կլինենք այն ժամանակ, երբ ՌԴ կառավարությունը հստակ կձեւակերպի, որոշում կկայացնի այդ մաքսակետի իրավական ռեժիմի վերաբերյալ: Այսօր դեռեւս ուժի մեջ է ՌԴ նախագահի հրամանագիրը»: Ինչ վերաբերում է այլընտրանքային գործող ճանապարհներին, ապա, պարոն Ղազարյանի մատուցմամբ, դրանք կան, թեեւ համեմատաբար թանկ հաճույք են. «Առաջին հերթին դա ռուսական Նովոռոսիյսկ նավահանգստով դեպի Փոթի ավտոբեռնափոխադրումն է լաստանավով, որը միշտ գործում է, հատկապես՝ ձմռան ամիսներին: Երկրորդը, որ մի փոքր ավելի երկար ժամանակ է խլում եւ ավելի թանկ է, քան Նովոռոսիյսկ-Փոթին, Իլյիչեւսկ նավահանգիստն է, որը կրկին լաստանավով բեռնատարներ եւ բեռնավագոններ է տեղափոխում: Երրորդը՝ կրկին լաստանավով, արդեն Աստրախան-Հենզել-Մեղրի ճանապարհն է, որը թեեւ դարձյալ ավելի երկար եւ ավելի թանկ է, բայց այլընտրանքային ճանապարհ է»:

Հայտնի է, որ Վերին Լարսով ներկրվող բեռները ոչ միայն ավտոմեքենաների շարասյուն են, այլեւ փչացող սննդամթերք եւ այլն: Ինչպե՞ս են փոխհատուցվելու գործարարների կրած վնասները: Սա մանր եւ միջին բիզնեսի համար, թերեւս, ամենացավոտ խնդիրն է: Ա. Ղազարյանն էլ համամիտ էր, որ նրանք կարող են ունենալ անվերականգնելի ֆինանսական կորուստներ, ընդհուպ մինչեւ՝ կանգնել սնանկացման շեմին, առավել եւս, եթե նրանց բեռները ռուսաստանյան արտադրողների եւ ՀՀ ներմուծող ընկերությունների հետ կնքված պայմանագրերում ապահովագրված չեն, թեեւ, որպես կանոն, «ֆորս-մաժորային» իրավիճակները դուրս են մնում պայմանագրերից: «Այստեղ ոչ ոք ոչինչ չի կարող անել: Դա այն ռիսկն է, որը գործարարն իր վրա է վերցնում տարբեր շուկաների հետ աշխատելիս: Սա դասական ֆորս-մաժորային վիճակ է»,- նկատեց Ա. Ղազարյանը:

Այդուհանդերձ, անգամ մեր գործարարները փորձում են ըմբռնումով վերաբերվել ռուսների կամակորություններին. «Մարդկանց անվտանգությունն, անշուշտ, ավելի մեծ արժեք է, քան՝ հայ-ռուսական ապրանքաշրջանառության մեջ 20 տոկոսը: Մենք դա ցավով ենք ընդունում, որովհետեւ մենք փոքր շուկա ենք, բայց նրանց էլ պետք է հասկանալ: Ճիշտ է, իրենք պետք է կարողանան այնքան հմուտ լինել, որ սահման փակելով հարցեր չլուծեն, բայց դա ժամանակավոր ակցիա է»:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել